Եսայու մարգարեության մեկնություն 8։5

Ա. Լոպուխին

5-8․ Եվ Տերը նորից խոսեց ինձ հետ և ասաց. [5] «Քանի որ այս ժողովուրդը մերժում է Սիլովամի հանդարտահոս ջրերը և ուրախանում Ռասինի ու Ռոմելայի որդու հետ: Դրա համար էլ Տերը նրանց դեմ պիտի հանի գետի հուժկու և առատ ջրերը, այսինքն՝ Ասորեստանի թագավորին իր ողջ փառքով հանդերձ: Նա պիտի բարձրանա իր հունից և դուրս գա իր բոլոր ափերից: Պիտի ներխուժի Հուդայի երկիրը, պիտի ողողի այն ու հասնի մինչև նրա պարանոցը։ Տարածելով իր թևերը՝ պիտի լցնի քո երկրի ողջ լայնությունը, Էմմանուե՛լ։ (Սինոդական թարգ․)
   
    5-10 համարներ: Նախատելով որոշ հրեաների, որոնք չեն գնահատում անձամբ Իր՝ Աստծո կողմից Հուդայի թագավորության գահին բազմեցրած Դավթի սերնդից ծագող թագավորին, ինչպես նաև նրանց, ովքեր ամբողջովին կորցրել են Բարձրյալի հանդեպ իրենց հույսը, մարգարեն այդ հրեաներին հայտնում է, որ նա, ում վրա նրանք դրել են իրենց հույսը, այսինքն՝ Ասորեստանի թագավորն ի՛նքն է լինելու իրենց երկիրն ավերողը: Եթե չլիներ Էմմանուելը, Որին պատկանում է Հուդայի թագավորությունը և Որն այդ իսկ պատճառով էլ պահպանում է այն, ապա Հուդայի թագավորությունն ամբողջությամբ կկործանվեր:

    Այս համարներում ավելի մանրամասնորեն պատմվում է յոթերորդ գլխում հանդիպող մարգարեության մասին (14-15 համարներ):

    «Սիլովամի ջրերը». դա Սիլովամի հանդարտահոս առվակն է, որը բխում է արքայական պալատից՝ Սիոն լեռան վրայից: Այն հանդիսանում է Դավթի արքայատոհմի թագավորական խորհրդանիշը: Կան հրեաներ, որոնք արհամարհում են այդ գուցե և աննշան առվակն ու ցանկանում են ունենալ ավելի ուժեղ իշխանություն: Դրա համար նրանք պատժվելու են. նրանց վրա է թափվելու հորդահոս գետը՝ Ասորեստանի արքան իր փառքով կամ որ նույնն է՝ հսկայական զորքով:

    «Տարածելով իր թևերը», այսինքն՝ ողջ ուժով հոսելով: «Թևեր» բառի փոխարեն այստեղ կարելի է տեղադրել «ձեռքեր» բառը:

    «Քո երկիրը, Էմմանուե՛լ…». մարգարեն այստեղ խոսում է այն մասին, որ Հուդայի երկիրը պատկանում է Էմմանուելին: Նա այդպես է ասում այն պատճառով, որպեսզի ոգեկոչի իր մարգարեացումից վախեցած հրեաներին: Եթե Հուդան պատկանում է Էմմանուելին՝ որպես թե մի թագավորի, ապա Նա թույլ չի տա, որ այն կործանվի:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ապա Տէրը նորից խօսեց ինձ հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը դարձյալ խոսեց ինձ հետ և ասաց.
(Գրաբար) Եւ յաւել եւս խաւսել ընդ իս Տէր` եւ ասէ.