Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց. (գրաբար)
Նախորդ հակիրճ խոսքով ամեն ինչ ճշմարտապես խնդրեց Աստծուց և դրանից հետո սկսում է սեփական անձի մեղքերի խոստովանությունը սփռել Նրա առաջ: Բայց դու տե՛ս այս աղոթքը Սովորեցնողի մեծ ու ամենաբարի կամքը. չսովորեցրեց նախ մեղքերի թողություն խնդրել և ապա՛ Աստծո հետ խոսել, ինչպես մարդկանց է հատուկ, որովհետև թագավորից նախ ներում ենք խնդրում և ապա՛ մեր խնդրանքները նրան մատուցում: Սա այսպես [չարեց], այլ դրա հակառակը. նախ պարգևները խնդրեց և ապա՛ ներումը՝ արժանապես սովորեցնելով, որ թեկուզ չարիքների խորքերն էլ հասնենք, մեր հանցանքները զիջում են [աստվածային] խաղաղությանն ու այն գթությանը, որ Աստված ունի մեր մարդկային բնության հանդեպ: Ուստի նախ աղոթեց կարևորն ու մեծն ունենալ: Իսկ այն ունենալուց հետո Նրա բարերար կամքից դյուրավ կստանանք մարդկորեն սայթաքման ներումը:
«Թո՛ղ մեզ, - ասում է, - մեր պարտքերը»: Իսկապե՛ս պարտք. որովհետև Նրա այսքան շնորհները մարմնով ու հոգով վայելելով՝ ինչպե՞ս կարող ենք Տիրոջ հրամանին հպատակվելուն պարտապան չգտնվել: Ուստի երբ այն չենք կատարում, վայելչապես և ճշմարիտ խոստովանությամբ մեր անձը պարտապան դատելով՝ ներում ենք խնդրում՝ ասելով. «Թո՛ղ մեր այն պարտքը, որը, երբ սխալ ենք թույլ տալիս, ամենատես գիտությամբդ հավաքում-պահում ես, [բայց կարող ես] և թողնել»: Ինչո՞ւ. որովհետև մարմնավոր ենք, որովհետև մեր դյուրապատիր կամքով խաբվում ենք, որովհետև այս խավար կյանքում ենք շրջում, որովհետև ունենք մտքի օրենքին հակառակ բնական օրենք, որն ակամա գերում է մեզ դեպի մեղքի օրենքը (տե՛ս Հռոմ. 7:23). ուստի Քեզ վայել է ներելը, ինչպես բարերարը՝ տկարին, ողորմածը՝ ողորմելուն, գթածը՝ կարոտյալին, ինչպես ես էլ իմ պարտապանին եմ ներում:
Բայց թերևս ասածներիս դեմ մեկն ասի. «Ես՝ հողեղեն մարդս, ինչպե՞ս կարող եմ Աստծուն նմանվել, և ոչ միայն նմանվել, այլև իմ անձը Նրան իբրև օրինակ ընծայել՝ ասելով. «Ինչպես ես ուրիշներին եմ անում, Դու էլ ինձ արա»»: Սակայն պետք է իմանալ, որ մեր Ուսուցիչ ու Օրենսուսույց Քրիստոսն Իր ստեղծած մարդկային բնությանն անհամապատասխան կամ դրան հակառակ խրատով չէ՛, որ մեզ դաստիարակում էր. ուստի [քրիստոնեական] օրենքն ախորժելի՛ է մեր բնությանը, և ըստ ամենայնի հարկավոր է այն կատարել: Մարդկանցից ո՞վ է, որ սերը չի կամենում, ո՞վ է, որ թշնամությունից չի նեղվում: Կա՛ն մեղքերի այլ տեսակներ, որոնք գործվելիս մեր մարմնին հաճույք են պատճառում, ինչպես պոռնկությունն ու որկրամոլությունը, բայց թշնամության ախտը՝ ո՛չ բնավ, այլ երբ տիրում է մեզ վրա, հոգսերի ու ալեկոծումների, երկյուղի ու տարակուսանքների մեջ է մեզ գցում: Ուրեմն ինչո՞ւ ներելով՝ մեր անձին հանգստություն չենք պարգևում ու մեր եղբայրներին շահում: Որովհետև հանցավորների հանդեպ սիրով ներողամիտ չգտնվելով՝ ամբարտավանությունից ենք բռնվում, իսկ ամբարտավանությունն Աստծո հետ կռիվ է տալիս և ո՛չ թե Նրանից ներում խնդրում: Բոլոր անկարգություններն աշխարհում, որոնք խոսքով չեմ կարող թվել, սրանի՛ց տիրեցին՝ ոխակալությունից ու չներելուց: Սա՛ անձավները բնակարան դարձրեց, քաղաքները՝ ամրոցներ, զենքերը՝ սպանության միջոցներ: Ուստի [Աստված] ասում է. «Դո՛ւ ներիր, քանզի Ես չեմ կարող ներել քո թշնամությունը, որը դու անձնիշխան կամքովդ ամուր պահում ես»: Ուրեմն թո՛ղ ամբարտավանությունը, որ հակառակ է Աստծուն, և թշնամությունը, որ դեմ է բնությանդ, և ների՛ր ընկերոջդ մեղքը: Արա՛ դու քեզ հնարավորը, ինչպես որ Աստծուց ես պահանջում Իրեն հնարավորն անել, ների՛ր եղբորդ, և քո երկնավոր Հայրն էլ քեզ կների: Ներելու գործը կամքի՛դ է պատկանում և ո՛չ թե մարմնիդ: Իսկ եթե սա չես կամենում, ինչպե՞ս ես Աստծուն բռնադատում կատարելու այն, ինչ դու ոչ թե չես կարողանում, այլ չես կամենում կատարել: Ուրեմն հասկանանք, որ երկուսն էլ մեր օգտի համար են. մեր ներելը մեր կյանքի խաղաղությունն է ապահովում, իսկ մեր ներելու հետևանքով Աստծո ներելը մեզ՝ դեպի անվախճան կյանքն է առաջնորդում: Եթե սին ոխակալության պատճառով սրանցից վրիպում ենք, ինքներս ենք մեզ դավաճանում:
Հաջորդը՝
Եվ մի՛ տար մեզ դեպի փորձություն, այլ փրկի՛ր մեզ չարից
Նախորդը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: