Ա. Պ. Լոպուխին (†1904)
14-15․ «Որովհետև այն օրը, երբ Ես Իսրայելից հատուցում պահանջեմ իր գործած հանցանքների համար, հատուցում եմ պահանջելու նաև Բեթելի զոհասեղանների համար, և խորանի եղջյուրները պիտի կտրվեն ու գետնին ընկնեն»: [14]«Պիտի հարվածեմ ամառային տանը ձմեռայինի հետ միասին. վերանալու են փղոսկրով զարդարված տները, և բազմաթիվ տներ այլևս չեն լինի»,−ասում է Տերը: (Սինոդական թարգ․)
14−15−րդ համարներում շարադրվում է այն, ինչը մարգարեն լսելու է հրավիրում 13−ում: Նա այստեղ հայտարարում է Իսրայելի զոհասեղանների ու բնակավայրերի կործանման մասին: Որոշ հեղինակներ (Վելհաուզեն, Նովակ, Գոոնակեր), հաշվի առնելով այն փաստը, որ տների շարքում Բեթելյան զոհասեղանների հիշատակումն անսպասելի է այն խոսքի մեջ, որում մարգարեն շքեղ կյանքի համար մերկացնում է Սամարիայի իշխաններին, ենթադրություն են առաջ քաշում, որ 14−րդ համարի երկրորդ հատվածը հետագայի հավելում է կամ էլ այստեղ է տեղափոխվել հաջորդ գլխից (Ամոս․ 4։9 և այլն): Սակայն նմանատիպ ենթադրության համար որևէ ամուր հիմք չկա: «Եվ կտրվելու են խորանի եղջյուրները»: Ողջակեզի զոհասեղանի չորս եղջյուրների մասին խոսվում է Ելք 27։2 համարում, իսկ խնկարկության զոհասեղանի եղջյուրների մասին` Ելք 30։2−ում: Եղջյուրները կազմում էին զոհասեղանի կարևոր մասը (Ելք 20։24, Հեսու. 8։30): Որոշ զոհաբերությունների ժամանակ դրանք օծվում էին զոհաբերվող կենդանու արյամբ (Ելք 29։12, Ղևտ. 4։7, 18, 25): Եղջյուրների մաքրող նշանակությունն արտահայտվում էր նաև այն բանում, որ դրանք ծառայում էին որպես փրկության վայր. Ադոնիան ու Հովաբը զոհասեղանի մոտ` դրա եղջյուրներից բռնելով էին փրկություն փնտրում (Գ Թագ. 1։50, 2։28): Եղջյուրների վերոնշյալ նշանակության պատճառով է մարգարեն միտումնավոր նշում զոհասեղանի եղջյուրների ոչնչացման մասին: «Ձմեռային տունը և ամառային տունը».․․Ըստ երանելի Հերոնիմոսի մեկնության՝ Սամարիայի հարուստները կարող էին ձմռան և ամռան համար նախատեսված հատուկ տներ ունենալ: Առաջինները նայում էին դեպի հյուսիս, իսկ երկրորդները` դեպի հարավ: Ուրիշ մեկնիչներ ենթադրում են, որ ամառային ու ձմեռային տներ են կոչվում միևնույն տան տարբեր հարկերը։ Ստորին հարկերը ամառային տապից հովանալու համար էին (Դատավոր. 3։20), իսկ վերինները, որտեղ վառարաններն էին (Երեմ. 36։22), ձմռան համար (Հարպեր, Յունգերով): Սլավոներեն տեքստում ձմեռային տունն անվանվում է «ծածկոցով տուն», այսինքն՝ տուն, որը քամուց պաշտպանվելու համար շրջապատված է պարսպով կամ ցանկապատով: «Ու վերանալու են փղոսկրով զարդարված տները». եբրայերեն «beththej haschschen» արտահայտությունը (Գ Թագ. 10։18, Երգ. 5։14, Սաղմ. 44։9) նշանակում է կա՛մ տներ, որոնք զարդարված են փղոսկրով, կա՛մ էլ, ինչպես բացատրում է սուրբ Եփրեմ Ասորին, տներ, որոնք լի էին փղոսկրից պատրաստված իրերով: Մարգարեն խոսում է Սամարիայի արիստոկրատների տների մասին ու կանխատեսում է դրանց կործանումը, որը տեղի է ունենալու կա՛մ թշնամու ձեռքով, որի ներքո նա նկատի է ունենում ասորեստանցիներին, կա՛մ էլ երկրաշարժի հետևանքով:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) քանի որ այն օրը, երբ Իսրայէլի ամբարշտութեան պատճառով պիտի պատժեմ նրան, վրէժ պիտի առնեմ նաեւ Բեթէլի զոհասեղանից, պիտի փշրուեն զոհասեղանի եղջիւրները եւ գետին ընկնեն:
(Արարատ թարգ․) Այն օրը, երբ Իսրայելի հանցանքների պատիժը կբերեմ իր վրա, կպատժեմ նաև Բեթելի զոհասեղանները. այն ժամանակ կկոտրվեն զոհասեղանի եղջյուրներն ու գետին կընկնեն։
(Գրաբար) Զի յաւուր յայնմիկ յորժամ խնդրեցից զվրէժ ամպարշտութեանցն Իսրայէլի ի նմանէ, առից վրէժ և զսեղանոյն Բեթելայ. և փշրեսցին եղջեւրք սեղանոյն՝ և անկցին յերկիր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: