Ամոսի մարգարեության մեկնություն 6։1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Վա՜յ նրանց, ովքեր անհոգ են Սիոն լեռան վրա և ապավինում են Սամարիայի անդրանիկ ժողովրդի նշանավոր առաջնորդներին, և ում մոտ դիմում է Իսրայելի տունը»: (Սինոդական թարգ․)[1]
   
    6−րդ գլուխը բովանդակում է Տիրոջ դատաստանի օրը հեռու համարողների և այդ դատաստանի հետ կապված ցանկացած միտք իրենցից հեռու վանողների դեմ ուղղված մարգարեի մեղադրող նոր խոսքը: Այս խոսքում մարգարեն դիմում է սամարացի իշխաններին՝ նրանց կողքին դնելով նաև Սիոնի իշխաններին: «Վայ նրանց, ովքեր անհոգ են Սիոն լեռան վրա».  Յոթանասնիցը «τοῖς ὲξουθενοῦσι Σιών» տարբերակով է թարգմանում (սլավոներեն՝ «վայ նրանց, ովքեր արհամարհում են Սիոնը»)Ըստ հունարեն թարգմանության` այսպիսով մարգարեն դիմում է միայն սամարացի իշխաններին, ինչը միանգամայն համապատասխանում է համատեքստին, չնայած որ նմանատիպ մոտեցումը չի հաստատվում մյուս թարգմանություններով: «Նշանավոր առաջնորդներին» (եբրայերեն` «nekuvejreschith haggoim»):  Մարգարեն «ազգերի առաջնորդներ»  կամ «ժողովուրդների անդրանիկ» (երկրորդ արտահայտությունը եբրայերենից կատարված ավելի ճշգրիտ թարգմանություն է) անվամբ է կոչում Իսրայելին:  Մովսեսի միջոցով Տիրոջ կողմից հենց այսպիսի անվանում է տրվում ժողովրդին (Ելք․ 4:22, Թվեր. 24:20): Մարգարեն այս անվանումը նաև հեգնական իմաստով է օգտագործում, քանզի ցանկանում է մատնանշել այն հանգամանքը, որ Իսրայելն ավելի շատ գիտակցում է իր իրավունքները, քան թե հիշում է իր պարտավորությունների մասին: Յոթանասնիցը եբրայերեն «nekuvej» (անվանի) արտահայտությունը, ըստ երևույթին, ընդունել է որպես «jakar» բայի մի ձև, և այն զուգահեռելով «jekev» («հնձան») գոյականի հետ` նրան «ἀποτρυγάω» («հավաքում եմ հնձանի մեջ») իմաստն է հաղորդել։ «Reschith » (սկիզբ, առաջնեկ) արտահայտությունը Յոթանասնիցը ընթերցել է որպես «reschim» և թարգմանել է  որպես «ἀρχάς» («գլուխ, անդրանիկ»), որտեղից էլ գալիս է սլավոներենի «обимаша»՝ (հավաքում էին հնձանի մեջ) ժողովուրդների անդրանիկները» տարբերակը: Հունարեն և սլավոներեն տեքստերի իմաստն ինքնին անհասկանալի է և համատեքստի հետ ոչ մի կապ չունի: «Ում մոտ դիմում է Իսրայելի տունը» (սլավոներեն՝ «Եվ Իսրայելի տունը գալիս է նրանց [այսինքն՝ իշխանավորների] մոտ) արտահայտության իմաստն անհասկանալի է։ Սովորաբար, ենթադրվում է, որ «ubau» (գալիս է) բայը պետք է լրացվի «դատաստանի համար» արտահայտությամբ: