Ա. Պ. Լոպուխին (†1904)
«որոնք երդվում են Սամարիայի մեղքով և ասում են. «Կենդանի է քո աստվածը, Դաʹն, ու կենդանի է ճանապարհը դեպի Բերսաբեե», նրանք պիտի ընկնեն և այլևս ոտքի չկանգնեն»: (Սինոդական թարգ․)[14]
Վերահաս պատիժների պատճառը սուտ աստվածներին երկրպագելն էր: «Ովքեր երդվում են Սամարիայի մեղքով» (սլավոներեն՝ «սամարիական սրբությամբ»): Երդումը հարգանքի դրսևորում է (Բ Օր. 6:13, 10:20, Երեմ. 12:16, Ես. 48:1)։Սամարիայի մեղքը, անկասկած, Բեթելյան կուռքն է, որը Ովս. 8:6 համարում կոչվում է «սամարիական հորթ»: «Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, ու կենդանի է ճանապարհը (chej derech) դեպի Բերսաբեե». Դանն ու Բերսաբեեն անօրինական պաշտամունքների երկու կենտրոններ և, միևնույն ժամանակ, Աստծու ժողովրդին պատկանող երկրի սահմանային կետեր էին` Դանը՝ հյուսիսում, իսկ Բերսաբեեն՝ հարավում: «Դանից մինչև Բերսաբեե» արտահայտությամբ Աստվածաշնչում նկատի է առնվում իսրայելական երկրի ողջ տարածքը: Դանն ու Բերսաբեեն հիշատակելով (այլ ոչ թե Բեթելն ու Գաղգաղան)` մարգարեն նաև այն միտքն է ցանկանում արտահայտել, որ ինչպես անօրենությունն է պատել ամբողջ երկիրը, այնպես էլ պատիժն է հասնելու դրան՝ մի ծայրից մինչև մյուսը: «Կենդանի է ճանապարհը դեպի Բերսաբեե» արտահայտությունն անսովոր է, քանի որ «chej» («կենդանի թող լինի») մասնիկը սուրբգրային հեղինակների մոտ սովորաբար վերագրվում է կենդանի էակներին (Բ Թագ. 2:27, Հոբ․ 27:2, Ծննդ. 42:15−16, Ա Թագ. 1:26): Որոշ մեկնիչներ ենթադրում են, որ Բերսաբեեի ճանապարհով երդվում էին այնպես, ինչպես որ արաբական ցեղերն են երդվում դեպի Մեքքա կատարած ուխտագնացությամբ (Կվաբենբաուեր): Մյուսները դիտարկվող արտահայտության անհասկանալի լինելու պատճառով կարծես սրբագրում են դրա տեքստը։ Յոթանասնիցը հիշյալ արտահայտությունը «ζῆ ὁ θεὸς σου Βηρσαβεέ» տարբերակով է թարգմանել (սլավոներեն՝ «կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛»): Հաշվի առնելով այս՝ ենթադրվում է (Նովակ), որ տեքստի սկզբնական տարբերակում «derech» («ճանապարհ») բառի փոխարեն ընթերցվել է «elcha» («քո աստվածը»): Սակայն Բերսաբեեի աստծու մասին որևէ տեղ չի հիշատակվում։ Ըստ Դ Թագ. 23:8 համարի՝ Բերսաբեեում միայն բարձունք է եղել, այլ ոչ թե կուռք: Վինկլերն ու Գոոնակերը «derech» բառի փոխարեն ընթերցում են «dodcha», որը գրելաձևով նման է առաջինին: Դոդի զոհասեղանի մասին հիշատակվում է Մեշի արձանագրության մեջ: Բերսաբեեի Դոդը աստվածություն էր, որը համարվում էր քաղաքի հովանավորը: Պրոֆեսոր Յունգերովը, պահպանելով արտահայտության գոյություն ունեցող տեքստը, այն «թող որ բարգավաճ լինի, թող որ չկործանվի ճանապարհը դեպի Բերսաբեե» տարբերակով է թարգմանում:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Նրանք, որ երդւում էին Սամարիայի սրբութիւն սրբոցով եւ ասում էին՝ «Կենդանի է քո Աստուածը՝ Դանը, կենդանի է քո Աստուածը՝ Բերսաբէէն», պիտի կործանուեն եւ այլեւս ոտքի չեն կանգնելու»:
(Արարատ թարգ․) Նրանք, որ երդվում են Սամարիայի հանցանքով և ասում. Կենդանի է քո աստվածը, ո՛վ Դան, և կենդանի է Բերսաբեեի ճանապարհը։ Նրանք պիտի ընկնեն և այլևս վեր չկենան»։
(Գրաբար) ոյք երդնոյին ի քաւութիւնս Շամրնի, և ասէին. Կենդանի՛ է աստուած քո Դա՛ն, և կենդանի՛ է աստուած քո Բերսաբեէ. և կործանեսցին, և մի՛ ևս կանգնեսցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: