Ամոսի մարգարեության մեկնություն 8։6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«որպեսզի տնանկներին գնենք արծաթով, աղքատներին` մի զույգ կոշիկով և վաճառենք ցորենի մաղուցքը»: (Սինոդական թարգ․)[6]
   
   Բացի 5−րդ համարում նշվածներից՝ հարուստները նաև այլ պատճառներով էին ցանկանում, որպեսզի շաբաթ օրերն ու տոնակատարություններն ավելի արագ անցնեին: Մարգարեն այդ պատճառները մատնանշում է 6−րդ համարում: «Որպեսզի տնանկներին գնենք արծաթով»․ այստեղ մարգարեն ցանկանում է ի ցույց դնել այն, որ աղքատները հարուստների համար վաճառքի առարկա էին դառնում: «Եվ աղքատներին` մի զույգ կոշիկով». ակնհայտորեն նկատի է առնվում չնչին պարտքի դիմաց աղքատներին ստրկացնելը: Պարտք ունեցող աղքատների նկատմամբ իրենց ունեցած նպատակներին հարուստները կարող էին հասնել միայն դատարանի միջոցով։ Սակայն,  քանի որ շաբաթ օրերին և տոնակատարությունների ժամանակ դատեր չէին անում, հարուստները ցանկանում էին, որ այդ օրերն արագ անցնեին:

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) ծախու առնենք աղքատներին արծաթով, տնանկներին՝ մի զոյգ կօշիկով, եւ շահ ստանանք մեր բոլոր վաճառքներից»:
(Արարատ թարգ․) Որ արծաթով գնենք կարիքավորներին և տնանկներին՝ մի զույգ կոշիկով և ցորենի խոտանը վաճառենք»։
(Գրաբար) ստանալ արծաթով զաղքատս, և զտնանկս ի գնոց կօշկաց. և յամենայն ի վաճառս մեր շահեսցուք։