Ամոսի մարգարեության մեկնություն 9։13

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Ահա, կգան օրեր»,− ասում է Տերը,− «երբ հերկողը կհանդիպի հնձվորին, իսկ խաղող ճմլողը` այն տնկողին, լեռները խաղողի հյութ կբխեցնեն, ու կհոսեն բոլոր բլուրները»: (Սինոդական թարգ․)[13]
   
   Մարգարեն այստեղ խոսում է այն բարիքների մասին, որոնք վայելելու է Իսրայելի ժողովուրդը Դավթի խորանի վերականգնման շնորհիվ: Մարգարեն բերքի արտասովոր առատություն է կանխատեսում, որի արդյունքում դաշտային աշխատանքների միջև սովորական դադար չի լինելու («հերկողը հանդիպելու է հնձվորին» և այլն), խաղողի հյութն անմիջապես հոսելու է խաղողի այգիներով ծածկված լեռներից, իսկ բլուրները, որոնց վրա արածում են հոտերը, այնպիսի առատ բուսականությամբ են ծածկվելու, որ նրանցից կարծես թե կաթ է հոսելու: «Հերկողը հանդիպելու է հնձվորին» արտահայտության փոխարեն սլավոներեն տեքստում «կալերը պիտի հասնեն բերքահավաքին» տարբերակով է ընթերցվում: Յոթանասնիցը բաց է թողել «choresch»` «հերկող» բառը, իսկ դրա շարունակությունը (bemoscheh hazzarah) ազատ կերպով է թարգմանել՝ «περκασει ᾿εν τω σπόρω ἡσταφυλὴ» (խաղողը կհասունանա ցանքի ժամանակ): Բնագրում առկա 13−րդ համարի վերջին հատվածի պատկերավոր արտահայտությունները Յոթանասնիցում պարզեցված են, որտեղից էլ ծագում է սլավոներեն տեքստի՝ «լեռները քաղցրություն պիտի բխեցնեն, ու բոլոր բլուրներն անտառախիտ պիտի դառնան» տարբերակը:

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) «Ահա օրեր են գալիս, - ասում է Տէրը, - երբ կալերը պիտի հասնեն բերքահաւաքին, խաղողը պիտի հասնի հնձանների համար, լեռները քաղցրութիւն պիտի բխեցնեն, եւ բոլոր բլուրները անտառախիտ պիտի դառնան:
(Արարատ թարգ․) «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ հերկողը պիտի հասնի հնձողին, խաղող տրորողը՝ սերմնացանին, սարերը քաղցու պիտի կաթեցնեն, և բոլոր բլուրները պիտի հալվեն։
(Գրաբար) Ահա աւուրք գա՛ն ասէ Տէր, և հասցեն կալք կթոց, և խայծեսցի՛ խաղող ի հարաւունս. և բղխեսցե՛ն լերինք զքաղցրութիւն, և ամենայն բլուրք անտառախի՛տք եղիցին։