Մաղաքիա արք. Օրմանյան
1-11․ Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին: Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում: Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին: Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»: Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»: Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին: Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան: Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»: Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին:
Հիսուսի ճանապարհորդությունները պարբերական էին, սակայն երբեք չէին հեռանում Իր ընտրած կենտրոնից՝ Կափառնայումից։ Չէ ՞որ մորն էլ էլ Նազարեթից Կափառնայում տեղափոխել, հետևաբար, ոչ միայն պաշտոնական, այլև ընտանեկան տեսանկյունից պարտավոր էր աչքը չկտրել Կափառնայումից և փոքրիկ շրջապտույտից հետո կրկին այնտեղ վերադառնալ։ Ահա թե ինչու Ղուկասը, Հիսուսի վերջին շրջագայությունն ու քարոզությունների ընթացքը բացատրելուց հետո, կրկին նրան ծովի մոտ է ցույց տալիս՝ Բեթսայիդայի և Կափառնայումի միջև գտնվող ծովեզերքին և Կափառնայում քաղաքի մոտ։
Նորից Հիսուսի շուրջը խռնված է մի մեծ բազմություն․ Լսել զբանն Աստուծոյ, -ասում է Ավետարանիչը, թերևս ավելի շատ հիվանդություններից բժշկվելու համար։ Հիսուս գտնվում էր Գեննեսարեթի ծովակի եզերքին, որը նույն Գալիլիայի լիճն է, որին տեղացիները ծով կամ ծովակ են կոչում, որն իրեն շրջապատող քաղաքներից ստացել էր այլ անուններ ևս՝ Տիբերեա, Գեննեսաբեթի ծով, Քեններեթի ծով, Գերգեսացիների ծով, սակայն միշտ նույն Գալիլիայի լիճն էր, հազիվ 14 մղոն երկարություն ունեցող։
Հիսուս տեսնելով որ ժողովուրդն Իրեն շրջապատել է, իսկ Ինքը պետք է խոսի բոլորի համար, բայց նրանք լսելու հարցում դժվարություն պիտի ունենան, ցանկացավ իր շուրջը անմարդ տեսնել։ Օգտվելով Հովնանյանց և Զեբեդյանց ձկնորսական նավակների մոտիկությունից, որ ծովից եկել և ցամանքում ուռկաններն էին լվանում, որպեսզի մաքրեն, չորացնեն և նորից ձկնորսության դուրս գան, նա մտավ Պետրոսի նավը, մի փոքր ցամաքից հեռացնել տվեց` Իր և ժողովրդի միջև փոքրիկ տարածություն առաջացնելով, որպեսզի արդեն նավախելին կանգնած, համարձակորեն խոսեր` շարունակելով քարոզությունը։ Հիսուս ինչքան որ ասելիք ուներ` խոսեց և իջավ Պետրոսի նավը։
Մտերմիկ զրույցի ժամանակ Հիսուս առաջարկում է Պետրոսին մի փոքր հանգստանալու համար ձկնորսության գնալ։ Պետրոսը պատասխանում է, որ ձկնորսության հարմար պահը չէ, որ իրենք ողջ գիշեր ծովում են անցկացրել, սակսյն ոչինչ չեն կարողացել որսալ, ջրերի հոսքն անհաջող է, և ձկներն այս կողմերը չեն հասնում։ Ուստի չարժեր անգամ ուռկան նետել, քանի որ որևէ բան որսալու հույս չկար, և իրենք լինելով իրենց գործի վարպետը` քաջ գիտեին, որ ջրի հոսանքը լավ որս չի խոստանում և այդ ժամին ձկնորսության դուրս գալը իզուր գործ է։ Սակայն Հիսուս պնդում է, որ գնան և փորձեն։ Պետրոսը, տեսնելով Հիսուսի համառությունը, վերջապես գնում է պատվասիրական զիջման։ «Որ այդքան մեծ ցանկություն ունես, -ասում է, -թող քո ասածը լինի։ Անիմաստ պիտի հոգնենք, բայց հոգ չէ։ Մի անգամ մեզ համար անիմաստ աշխատեցինք, մի անգամ էլ քեզ համար կաշխատենք»։ Պետրոսի և Անդրեասի նավը թիավարում է դեպի ծով։ Նրանց նավակին է հետևում նաև Հակոբոսի և Հովհաննեսի նավը։ Հիսուսի գլխավորությամբ ձկնորսություն է կազմակերպվում։ Պետրոսն ուռկանները տարածում է Հիսուսի ցույց տված ուղղությամբ։ Եվ ահա միանգամից ուռկանները շարժվում են, լեցուն լինելու ազդանշան տալիս։ Պետրոսն ու Անդրեասը իրենց մարդկանցով սկսում են վեր քաշել տարօրինակորեն լցված ուռկանները, որ սպառնում էին պատռվել, չէին դիմանում ձկների ծանրությանը։ Անգամ նավը ուռկանների պատճառած ծանրությունից սկսում է ջրի մեջ սուզվել այնպես, կարծես թէ պիտի ընկղմվի։ Անհրաժեշտ էր ուրիշների օգնությունը։ Հակոբոսի և Հովհաննեսի նավը, որ այնքան էլ հեռու չէր առաջին իսկ նշանից մոտ է գալիս, օգնում վեր բարձրացնել ուռկանները։ Ձկներով լիքը ուռկանների մի մասն էլ իրենց նավն են լցնում։ Երկու նավերը, մինչև բերանը ձկներով լի, և գրեթե ընկղմվելու չափ բեռնավորված, ահուդողով բռնում են ցամաքի ճանապարհը։
Պետրոսն ու եղբայրը, իրենց սրտակից Հակոբոսն ու Հովհաննեսը, ինչպես նաև երկու նավերի վարձկանները սարսափահար են լինում։ Եթե իրենց արհեստից գոնե մի բան հասկանում էին, ապա համոզված էին, որ այդ ժամանակ, նման քամու և ջրերի առկայության դեպքում այնտեղ այդքան առատությամբ ձուկ գտնվել չէր կարող։ Հետևաբար, հայտնապես և բացարձակորեն Հիսուսի գործած հրաշքն էր այն, որ կատարվել էր։ Բառերն ու հուզմունքն իրենց մեջ բորբոքվում էր։ Հանկարծ Պետրոսը շուռ է գալիս, ընկնում Հիսուսի ոտքերը և զարմանքով աղաղակում. «Դու ճշմարիտ Աստծո Որդին ես, Դու իրավամբ արարածների տերն ես, որ ծովի խորքերում էլ ցույց ես տալիս Քո իշխանությունը, ես մեղավոր և խեղճ մեկն եմ, ես արժան չեմ քեզ ընկերակից լինելու, Դու գործակցի անհրաժեշտություն չունես, Դու Քո գործը կատարելու մեջ ամենակարող ես, ինձ ազատ արձակիր, ես չեմ համարձակվի քեզ հետ լինել»։ Հիսուս, կարեկցելով հիացած և շփոթված Պետրոսին, ցանկացավ նրան քաջալերել։ «Մ՛ի վախեցիր, -ասաց, -մ՛ի շփոթվիր, միայն Իմ խոսքին հավատա՛ և Ինձ հետևի՛ր, ինչպես որ իմ խոսքով ձկնորսության մեջ հաջողություն ունեցար այնպես էլ ինձ հավատալով ու հետևելով հաջողություն պիտի ունենաս մարդկանց որսալու գործում, որի համար էլ ձեզ կանչեցի»։
Պետրոսն ու Անդրեասը, Հակոբոսն ու Հովհաննեսը մեկ անգամ էլ հաստատվեցին իրենց համոզմունքի մեջ, հավատացին, որ Հիսուս Նազովրեցին խոստացիալ Մեսիան է, վստահ էին, թե նրան հետևելով, հաջություն պիտի ունենան, հետևաբար, կրկին անգամ կապվեցին նրան։ Չմտածեցին հրաշալի և առատ ձկնորսությունից սպասվող շահի մասին։ Գործի հետագա վարելը թողեցին իրենց մարդկանց, և քանի որ Հիսուս կամենում էր Իր ավետարանական շրջապտույտը շարունակել, հետևեցին և ընկերացան նրան։
Այս պատմության վերջնամասում, այսինքն՝ ձուկ որսալու փոխարեն մարդ որսալու վերաբերյալ խոսքին հանդիպեցինք Հովնանյանց և Զեբեդյանց կոչմանը ծանոթացնող պատմության մեջ, որ վերը հիշատակեցինք՝ Մատթեոսից և Մարկոսից քաղելով (Մատթ․ 4։17-22 )։ Այդ նմանությունը պատճառ է դարձել, որ մեկնիչներից շատերը Ղուկասի պատմած հրաշալի ձկնորսության պարագան նույնացնեն վերոհիշյալ կոչման հետ, որը մենք նախընտրեցինք միմյանցից զատել ։Ավետարանի համաբարբառը կազմողներն ընդհանրապես առաջնորդվում են այն սկզբունքով, որ զանազան ավետարաններում գտնվող նույնիմաստ խոսքերը, անշուշտ, միևնույն հանգամանքներում պատմված ցույց տան, իբր թե Հիսուս Իր կյանքում մի խոսքը մեկ անգամից ավել չի ասել։ Հետևաբար, երբ տարբեր Ավետարաններ նույն խոսքը տարբեր հանգամանքներում են մեջբերում, ապա պարտավոր ենք պատմությունը կեղծել, որպեսզի դրանք միմյանց միացնենք։ Մենք գերադասում ենք հետևել բոլորովին հակառակ սկզբունքին։ Հիսուս երեք և ավել տարի խոսեց ու քարոզեց։ Իր խոսքերը տարբեր անձերի միջոցով և տարբեր ժամանակներում ի կատար ածեց։ Ուստի անհրաժեշտաբար կարիք զգաց իր սկզբունքները զանազան տեղերում ազդարարել և հենց նույն վայրերում էլ կրկնել ու կրկնել։ Հետևաբար, մեր կարծիքով, շատ բնական է, նաև շատ ընդունելի, որ միևնույն խոսքերը այլ և այլ առիթներով կրկնված լինեն, երբ առաջադրվում են տարբեր պարագաներում։
Ուշադրության արժանի մյուս հանգամանքն էլ այն է, որ ինչպես Մատթեոսի և Մարկոսի պատմություններում է ասվում, թե Հովնանյան և Զեբեդյան եղբայրները, թողնելով նավ, ուռկան, հետևեցին Հիսուսին Մատթ․ 4։20-22, Մարկ 1։18-20 , այնպես էլ նույնը կրկնվում է նաև Ղուկասի պատմության վերջում Ղուկ․ 5։11։ Այդ նմանությունն էլ շատերին հիմք է տվել երկու եղելությունները նույնացնել այն համոզմամբ , թե այս աշակերտները, եթե մեկ անգամ թողեցին նավ ու ուռկան, ապա այլևս չվերադառձան դեպի նավը, ուռկանը։ Ընդհակառակը, մենք կարծում ենք որ աշակերտները երբեք նավին և ուռկանին վերջնականապես և անդառնալիորեն հրաժեշտ չտվեցին, այլ գործը թողեցին իրենց մարդկանց, իսկ իրենք մշտապես և
կանոնավոր կերպով ընկերակցեցին Հիսուսին, մանավանդ Տասներկուսին ընտրելուց հետո։ Սակայն նավերն ու ուռկաններն իրենց մոտ պահեցին՝ անհրաժեշտության դեպքում գործածելու նպատակով։ Հիսուսի ճամփորդությունները Տիբերեական լճով, անշուշտ այդ, և ոչ թե վարձած նավերով էին կատարվում Մատթ․ 8։28, , Մատթ․ 14։22։ Այն փաստը, որ Հիսուս հրամայում է Պետրոսին գնալ, մի ձուկ որսալ և նրա բերանում գտնվող դահեկանով տուրք վճարել՝ ապացուցում է, թե վերջինս նավ, կարթ և ուռկան ուներ Մատթ․ 17։26։ Հիսուսի մահվանից հետո, երբ առաքյալները վերադարձել էին Գալիլիա, իսկ Պետրոսն ու իր ընկերները կրկին ձկնորսության էին դուրս եկել, անշուշտ նորից նավ և ուռկան չէին գնել, այլ հնուց ունեցածներն էին օգտագործում Հովհ․ 21։3։ Նմանատիպ շատ տեսակետներ կարող ենք մեջբերել ավետարանական պատմություններից և դրանց շնորհիվ տեսնում ենք, որ աշակերտների ձկնորսության վերադառնալը չի խախտում ավետարանական պատմության կարգը։
Մյուս կողմից էլ, եթե Մատթեոսի և Մարկոսի պատմությունը բաղդատելու լինենք Ղուկասի հետ, ապա երկուսի միջև շատ ու շատ տարբեր պարագաներ կտեսնենք, որոնք առանց եղծելու, անհնար է նույնացնել։ Առաջինների պատմածում Հիսուսի ցամաքում եղած ժամանակ ծովում եղողներին ուղղածը լոկ կոչ է և այն էլ՝ երկու նավերին առանձին-առանձին՝ մեկից մյուսը ծովեզրյա որոշ ճանապարհով անցնելով։ Ո՛չ քարոզչության մասին է հիշատակվում, ո՛չ նավ մտնելու, ո՛չ ձկնորսություն ցանկանալու, ո՛չ հրաշալի ձկնորսության, ո՛չ ծովում երկու նավերի միմյանց մոտենալու և ո՛չ էլ հրաշքի առիթով աշակերտների արտասանած շփոթության խոսքերի, որոնք Ղուկասի պատմության էական կետերն են կազմում, իսկ Մատթեոսի և Մարկոսի մոտ բացակայում են։ Առանց խախտելու պատմության պարզությունը՝ Ղուկասի պատմած եղելության պարագաները մյուս պատմության վրա չեն կարող բարդվել։
Վերջապես, եթե հաշվի առնենք, որ Պետրոսը, երբ արդեն տեսել էլ Կանայի հարսանիքի գինու, դիվահարի բժշկության և բազմաթիվ հիվանդների առողջացման հրաշքները, ինչո՞ւ է այդչափ այլալվում՝ անակնկալ ձկնորսության հրաշքը տեսնելով և մղվում դեպի անսպասելի արտահայտությունների։ Դժվար չէ ենթադրել, որ ամեն մարդ ավելի է ազդվում այն բանից, որի մեջ ինքը ևս շատ քիչ թե հաջողություն է ունենում։ Բժշկությունները Պետրոսի համար անծանոթ էին, որոնց ներքինը չգիտեր։ Բացի Հիսուսից, ուրիշների կատարած բժշկությունները նույնպես տեսել էր։ Իսկ ձկնորսության մեջ ինքը հմուտ էր։ Ձկների որտեղ և երբ լինելը գիտեր, համոզված էր, որ տվյալ պահին այնտեղ չկա։ Առանց այդ էլ, նույն տեղում ողջ գիշեր անպտուղ աշխատանքի ծանրությունը կրել էր և Հիսուսի ցույց տված տեղում Նրա ասած ժամանակ այնտեղ ձուկ չպիտի լիներ։ Եվ հակառակ այս ամենին, տարօրինակ առատությունը ձկնորսության վարպետ և ձկնորսապետ Պետրոսի համար հրաշքների հրաշքն էր, մյուս բոլոր հրաշքներից ամենաբարձրն ու ամենագերազանցը, հետևաբար նրա այլայլվելը ճիշտ էր, ամբողջությամբ արդարացված։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: