Մաղաքիա արք. Օրմանյան
36-50. Փարիսեցիներից մէկը աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. եւ նա մտնելով փարիսեցու տունը՝ սեղան նստեց: Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով, կանգնեց Յիսուսի յետեւ, նրա ոտքերի մօտ. եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում: Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կ՚իմանար, թէ ով կամ ինչպիսի մի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»: Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»: Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»: Եւ Յիսուս ասաց. «Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ միւսը՝ յիսուն: Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛, ո՞վ աւելի շատ կը սիրի նրան»: Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ նա՛՝ ում աւելի շատը շնորհուեց»: Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»: Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը եւ իր մազերով սրբեց: Դու ինձ մի համբոյր էլ չտուիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց: Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց: Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կը ներուեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»: Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»: Եւ նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողութիւն է տալիս»: Եւ նա ասաց այդ կնոջը. «Քո հաւա՛տը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ»:
Մի փարսեցի, որը վերջում հիշվում է Սիմոն անունով, Հիսուսին խնդրում է, որ ճաշելու համար այցելի իր տուն։ Հիսուս համաձայնվում է և բազմում է սեղանի գլխին։ Այդ հանկարծական հրավերը, թեպետ, հնարավոր է՝ որևէ բարեկամության և պատվասիրության նպատակով եղած լինի, սակայն ընդունված սովորությանը և Հիսուսի հետևած ուղղությանն ավելի հարմար պիտի լինի, եթե ասենք, որ օրը շաբաթ էր։ Հիսուս վերջացրել էր ժողովարանի քարոզությունը, և ներկա անձերից ունևոր մեկն օրվա քարոզչին բարեպաշտական զգացմամբ հրավիրել էր ճաշելու։ Այսպիսի սովորության օրինակներ շատ են Ավետարանում, երբ Հիսուս հրավիրվում է որևէ անծանոթի տուն՝ ճաշելու։ Սեղանի պատմությունը չէ, որ Ղուկասն ուզում է պատմել, այլ այդ սեղանի շուրջ առաջացած մի միջադեպ։
Քաղաքում հայտնի և նշանավոր մի պոռնիկ կին կար, որ փնտրեց և իմացավ, թե Հիսուս ում տանն է, և ըստ այնմ ուղիղ եկավ Սիմոն փարիսեցու տուն, վերցնելով նաև մի շիշ ազնիվ անուշահոտ յուղ։ Ուշադրություն չդարձնելով, որ բոլորը սեղանի շուրջ են, և ոչ էլ հրապարակային նախատվելուց քաշվելով, անցավ Հիսուսի թիկունքը, ծունկի եկավ, փաթաթվեց ոտքերին և սկսեց առատ արցունքներ թափել, մինչև իսկ ոտքերը թրջելու աստիճան։ Այնուհետև մազերով չորացնում էր, անուշ յուղով օծում և եռանդով համբուրում էր․ մի բան էր խնդրում և սրտի խորքից խոսում էր աղաչանքներով։ Զղջման արտահայտությունն էր՝ զգացված և գործադրված կատարյալ ուժգնությամբ։ Հավանաբար Հիսուսի այն օրվա քարոզն էր, որ դիպել էր մեղավոր կնոջ սրտին՝ ցույց տալով իր կյանքի տգեղությունը և բերել զղջումի։ Զղջումի խոսքերն, անշուշտ, բարձրաձայն չէր արտասանվում, որի պատճառով Սիմեոն փարիսեցին սկսեց գայթակղվել պոռնիկ մի կնոջից Հիսուսին տրված պատվասիրության համար և մտածել, թե ինչու է մեղավոր կնոջը ներում Իրեն մոտենալու համար, եթե նրա ով լինելը գիտի, կամ թե ինչպե՞ս կարող է մարգարե լինել, եթե Իրեն մոտեցողի ով լինելը չգիտի։ Փարիսեցին այսպես էր մտածում, բայց խոսել չէր համարձակվում։
Հիսուս, հայտնելու համար, թե Ինքն այդ կնոջ ով լինելն էլ գիտի, նաև ուրիշի սիրտն ու միտքն էլ ճանաչում, շրջվում է փարսեցու կողմն ու ասում․ «Սիմո՛ն, քեզ մի հարցում ունեմ»։ «Շատ լավ, Վարդապետ,- պատասխանում է Սիմոնը,- հարցրու։ Ես կպատասխանեմ»։ «Մի պարտատեր,- ասում է Հիսուս,- երկու հոգու պարտքով դրամ էր տվել․ մեկին՝ հիսուն դահեկան, մյուսին՝ հինգ հարյուր դահեկան։ Եկավ վճարելու օրը, սակայն ոչ մեկը դրամ չուներ։ Սկսեցին աղաչել, որ պարտքերը շնորհի, և նա համաձայնվեց և երկուսին էլ շնորհեց։ Երկուսն էլ երախտապարտ մնացին, բայց ո՞վ ավելի սեր և երախտապարտություն է պարտավոր ցուցաբերել»։ Փարիսեցին առանց երկարացնելու պատասխանում է․ «Ես այնպես եմ կարծում, թե նա, ում ավելի մեծ գումար շնորհվեց»։ Հիսուս հավանում է պատասխանը, և սրանով լուծվում է կնոջ խնդիրն ու փարիսեցու մտքի գայթակղությունն էլ։ Կինն ավելի էր սիրում Հիսուսին, որովհետև Հիսուս նրան ավելի շատ մեղքերին էր ներում շնորհել և փոխաբերաբար Հիսուս էլ ավելի ներում ու սեր էր շնորհել կնոջը, որովհետև կինը էլ ավելի զղջում ու սեր ուներ։ Հիսուս օրինակն ու նրա լուծումը տալուց հետո նորից փարիսեցու հետ է խոսում։ «Տունդ մտա, ոտքերիս համար ջուր չտվեցիր ու չլվացիր, իսկ այս կինը, որի համար այսչափ գայթակղվում ես, ոտքերս իր արցունքով լվաց և մազերով չորացրեց, անուշահոտ ընտիր յուղով օծեց և չի դադարում շարունակ համբուրելուց։ Այս անկեղծ զղջման և եռանդուն սիրո փոխարեն արժանի է, որ իր բազում մեղքերը ներվեն, որովհետև ով շատ մեղքերից է ներում ստանում, նա էլ շատ է սիրում, որովհետև դու ասացիր, որին, որ շատ է ներվում, նա էլ շատ կսիրի, և որին քիչ է ներվում՝ քիչ կսիրի։ Այդ բացատրությունները տալուց հետո Հիսուս անցնում է իր վարդապետության գործադրությանը և դառնալով մեղավոր կնոջն՝ ասում է․ «Քո բոլոր մեղքերիդ թողություն է տրված, քո հավատքը քո հոգուն կյանք տվեց, քաջալերվի՛ր, մխիթարվի՛ր և վեր կաց ու գնա խաղաղությամբ»։ Հիսուսի կողմից մեղքերի թողություն տրվելը սեղանակիցներին նորից գայթակղեցրեց, որովհետև ասում էին, թե Աստծուց բացի ոչ ոք չի կարող թողություն տալ։ Հիսուս այդ միասին խոսել էր ուրիշ անգամ և, Կափառնայումի անդամալույծի բժշկության առթիվ գործնականորեն հաստատել էր մեղքերի թողություն տալու իշխանություն ունենալը (Մատթ․ 9։2-8 ): Բայց մի՞թե մի ճշմարտության բացատրությունը բավական է կամակորներին ուղղելու համար։ Հետևաբար նույն հակառակության հոգին տիրեց Հիսուսի թշնամիների վրա, և մինչև վերջ ետ չկանգնեցին Հիսուսին զրպարտելուց և մեղադրելուց։
Այս պատմության մեջ ուշադրության արժանի կետերից մեկն է, թե ինչպես կարող էր կինը թրջել և օծել Հիսուսի ոտքերը, երբ նա նստել էր։ Սա բացատրվում է հին ժամանակներում սեղան նստելու ձևով, երբ ոտքերը սեղանի առջև ոչ թե կախ գցած էին նստում, այլ սեղանների շուրջը տարածած բազմոցներ կային, որոնց վրա պառկում էին սեղանակիցները, գլուխներն ու ձեռքերը դեպի սեղանը, ոտքերը՝ դեպի դուրս, որով շատ հեշտ էր ոտքերին մոտենալ, լվանալ կամ օծել կամ համբուրել։
Մյուս կետն է տեսնել, թե այդ օծումը բոլորովին տարբեր է Ղազարոսի քրոջ՝ Մարիամի Հիսուսի մահից վեց օր առաջ Բեթանիայում կատարած օծումից, թեպետ դա էլ կատարվել էր մի Բորոտ Սիմոնի տանը Մատթ․ 26։6, Մարկ․ 13։3, Հովհ․ 12։3։ Բավական տարբեր են երկու ճաշկերությոների ու օծումների տեղերը, ժամանակները և այլ պարագաները, որ զարմանալի է, թե ինչպես նույնիսկ հներից ոմանք այս երկուսն իրար են շփոթել։
Վերջին կետն էլ այն է, թե այս մեղավոր պոռնիկ կինը Մարիամ Մագդաղենացին չէ, ինչպես լատինացիները սիրում են երկուսին իրար միացնել և նույնացնել, և դա պիտի ցույց տանք հաջորդ հոդվածում՝ խոսելով Հիսուսի աշակերտուհիների մասին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: