Թեոֆիլակտ Բուլղարացի
Հաջորդ օրը, առավոտյան, մինչ նույն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան:
Չնայած Մատթեոսն ասում է, որ թզենին անմիջապես չորացավ, և դա տեսնելով՝ աշակերտները զարմացան, սակայն դու մի՛ շփոթվիր, երբ հիմա Մարկոսից լսես, որ նրանք չորացած թզենին տեսան արդեն հաջորդ օրը: Մատթեոսի ասածը պետք է հետևյալ կերպ հասկանալ. «Եվ թզենին անմիջապես չորացավ,− այստեղ պետք է կանգ առնել, իսկ հետո կարդալ։− Սա տեսնելով՝ աշակերտները զարմացան»: Ե՞րբ տեսան: Ոչ թե անմիջապես, այլ հաջորդ օրը: Ով այսպես է հասկանում, նա չի տարակուսի։ Ուշադրությո՛ւն դարձրու, թե Քրիստոս այստեղ ինչպես է հայտնվում որպես Աստված: Քանզի մարգարեների միջոցով Տերն ասում է. «Ես չորացնում եմ դալար ծառը կամ դալարեցնում չորացած ծառը» (Եզեկ. 17։24)
Մաղաքիա արք. Օրմանյան
20-25. Յաջորդ օրը, առաւօտեան, մինչ նոյն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան: Պետրոսը յիշեց եւ ասաց նրան. «Ռաբբի՛, ահաւասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ Աստծու հանդէպ հաւատ ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ եւ ծո՛վն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարուի: Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ: Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:20
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: