Ստեփանոս Սյունեցի
Եւ Յիսուսին տարան Կայիափա քահանայապետի մօտ. եւ նրա հետ հաւաքուած էին բոլոր քահանայապետները, օրէնսգէտներն ու ծերերը:
«Եվ մի երիտասարդ գնում էր Հիսուսի ետևից՝ իր մերկ մարմնի վրա մի սավան գցած: Եվ երիտասարդները նրան բռնեցին, և նա թողնելով հագի կտավները՝ մերկ փախավ»:
Ուրիշներն այլ կերպ [մտածելով] այս ճառի մեկնության վերաբերյալ՝ շեղվեցին, իսկ ես այնպես եմ ասում, ինչպես ժամանակագիրն է ասել. Մարկոսը հանապազ մերկ էր գնում, միայն մի սավան վրան գցած: Հետագայում Քրիստոսի՝ դեպի խաչը գնալիս Հիսուսի ետևից գնում էր նաև նա, և հրեաները, նրան գտնելով, ցանկանում էին բռնել, իսկ նա, թողնելով կտավները, մերկ փախավ նրանցից:
Մաղաքիա արք. Օրմանյան
51-52․ Եւ մի երիտասարդ գնում էր նրա յետեւից՝ իր մերկ մարմնի վրայ մի սաւան գցած: Երիտասարդները նրան բռնեցին, եւ նա թողնելով հագի կտորը՝ մերկ փախաւ նրանցից:
Մարկոսն ամբողջությամբ միջանկյալ եւ մի տեսակ առեղծվածային դեպք է ավելացնում այնտեղ ։ Երբ Հիսուսին ձերբակալված եւ կապված տանում էին, մի երիտասարդ հետեւում էր նրան՝ զգեստի նման մի կտավով ծածկված։ Ձերբակալող խմբից ոմանք կասկածելով նրան, ցանկացան բռնել, եւ երիտասարդը հարկադրված փախուստի դիմեց։ Հետապնդողները հազիվ կարողացան վրայի կտորից բռնել եւ նա էլ կտորը նրանց ձեռքում թողելով՝ առանց զգեստի փախավ ու անհետացավ։
Ինչու՞ է պատմվում այս միջադեպը, որ գլխավոր պատմության հետ ոչ մի կապ չունի եւ որի մասին ավետարանի եւ ոչ մի տեղում լուսաբանող նյութ չենք կարող քաղել։ Անշուշը,այդ անծանոթ երիտասարդը ժամանակի զարգացած եւ նշանավոր անձնավորություններից է եղել ու ժամանակաակից սերունդը նրա ինքնությանը ծանոթ էր, որի համար էլ ավետարանիչը ցանկացավ տեղի ունեցածը հպանցիկ կերպով նշել։ Բայց այդ անձնավորությունը մինչեւ հիմա անհայտ է մնում եւ մեկնիչները զանազան մարդկանց պատշաճեցնելու ենթադրություններ են կատարում։ Սակայն, քանի որ ենթադրություններից եւ ոչ մեկը փոքրիշատե հավանականության փաստ չունի, մենք նախընտրում ենք այն տեսակետը,ըստ որի այդ երիտասարդը նույնինքն՝ Մարկոս ավետարանիչն է, որը կարեղ էր առանց իր անունը տալու հիշատակել իր հետ տեղի ունեցած դեպքի մասին (Հովհ. 1:35-42)։
Ոմանք ասացին, թե Գեթսեմանիի պարտիզպանի տղան էր, որ խառնաշթոթից արթնացած դուրս էր եկել։ Սակայն, եթե ուրիշ պարագա չլիներ, լոկ այսքանի համար տղան չէր հիշվի, այլ կասվեր, թե Գեթսեմանիի պարտեզը կամ օթեւանը պաըկանում էր Մարկոսի հորը։
Մերկության պարագան ենթադրել է տալիս, թե երիտասարդը դեռահաս պատանի էր, որովհետեւ այդ երկրներում պատանիների համար ընդունված է մերկ կամ լոկ սավանով ծածկված շրջելը։
Վերջապես, այդ հիշատակությունը կարող է որպես փաստ ծառայել, որ Հիսուսին ձերբակալողները շահագրգռված էին հալածելու նաեւ հետեւորդներին, որով էլ առաքյալների կասկածը, իրենց վտանգի սպառնալիքի տակ լինելու մասին, արդարանում էր եւ ճշմարտվում էին Հիսուսի խոսքերը, թե՝ վտանգի սարսափից իրեն պիտի լքեն ու փախչեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: