Դանիելի մարգարեության մեկնություն 10(9):15

Սուրբ Հովհան Ոսկեբերան

15-16․ Եւ արդ, Տէ՛ր Աստուած մեր, որ հզօր ձեռքով քո ժողովրդին հանեցիր եգիպտացիների երկրից եւ քո անունը փառաւորեցիր, իսկ մենք այսօր մեղք գործեցինք եւ անօրինացանք: Տէ՛ր, թող քո ողջ ողորմածութեամբ անցնի քո զայրոյթը եւ վերանայ քո բարկութիւնը քո քաղաքի՝ Երուսաղէմի եւ քո սուրբ լերան վրայից, քանզի մեղանչեցինք, եւ մեր հայրերի անօրինութեան պատճառով Երուսաղէմը եւ քո ամբողջ ժողովուրդը նախատինքի ենթարկուեց բոլորի կողմից, որոնք գտնւում են մեր շուրջը:
   
   Բայց նույնիսկ հրեաների կատարած մեղքերի մասին խոսելուց և նրանց կրած պատիժը ներկայացնելուց հետո Դանիելը նրանց դեռ ներման արժանի չի համարում: Տե՛ս, թե ինչ պարտաճանաչ ստրուկ է նա: Ցույց տալով, որ հրեաները դեռ չեն տառապել այնքան, որքան վաստակել են իրենց մեղքերով և իրենց տառապանքներով չեն քավել իրենց անօրինությունները, նա վերջապես դիմում է Աստծո բարեգթությանը և մարդասիրությանն ու ասում. «Եվ արդ, Տե՛ր Աստված մեր, որ հզոր ձեռքով քո ժողովրդին հանեցիր Եգիպտացիների երկրից և քո անունը փառավորեցիր, իսկ մենք այսօր մեղք գործեցինք և անօրինացանք»։ Քանի որ նրանց փրկեցիր ոչ թե իրենց լավ գործերի համար, այլ որովհետև տեսար (նրանց) վիշտը և նեղությունը և լսեցիր նրանց աղաղակը, այդպես էլ, ըստ Քո մարդասիրության, մեզ փրկիր այս աղետներից, քանզի մենք փրկության այլ իրավունք չունենք:
   

Ա․ Լոպուխին

15-19․ «Եվ այժմ, ո՛վ մեր Տեր Աստված, որ հզոր ձեռքով Եգիպտոսի երկրից դուրս բերեցիր Քո ժողովրդին և ցույց տվեցիր Քո փառքը, ինչպես որ այսօր է. մենք մեղանչեցինք, ամբարշտությամբ գործեցինք»։ [15] «Ո՛վ Տեր, ըստ Քո ամբողջ արդարության թող Քո բարկությունն ու զայրույթը հեռանան Քո քաղաքից՝ Երուսաղեմից, քո սուրբ լեռից, որովհետև մեր մեղքերի և մեր հայրերի անօրենությունների պատճառով Երուսաղեմն ու Քո ժողովուրդը նախատված են բոլոր մեզ շրջապատողների կողմից»։ «Եվ այժմ լսիր, ո՛վ մեր Աստված, Քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը և հանուն Քեզ, ո՛վ Տեր, Քո պայծառ դեմքո՛վ նայիր Քո ավերված սրբավայրին»։ «Խոնարհեցրո՛ւ, ո՛վ իմ Աստված, Քո ականջը, և լսի՛ր. բա՛ց արա աչքերդ և տե՛ս մեր ավերակները և այն քաղաքը, որը Քո անունն է կրում. որովհետև մենք մեր աղերսանքները Քո առաջ ենք բերում՝ ապավինելով ո՛չ թե մեր արդարությանը, այլ Քո մեծ ողորմությանը»։ «Ո՛վ Տեր, լսի՛ր. ո՛վ Տեր, ների՛ր. ո՛վ Տեր, ակա՛նջ դիր և կատարի՛ր. հանուն Քեզ մի՛ հապաղիր, ո՛վ իմ Աստված, որովհետև Քո անունով են կոչվում Քո քաղաքն ու քո ժողովուրդը»։ (Սինոդական թարգ․)
   
   Ժողովրդի մեղքերի խոստովանությանը և նրանց համար ուղարկված արժանի պատժին հետևում են Իսրայելին ներում շնորհելու և գերության ավարտի վերաբերյալ աղերսանքները: Մարգարեն այս խնդրանքը նախևառաջ բացատրում է Եգիպտոսից հրեաների ազատագրման մեծ գործի միջոցով, (և սա) որպես այնպիսի արարք (է ներկայացնում), որի միջոցով Տերը կրկին հաստատելու է Աբրահամի հետ իր սերնդի համար կնքված ուխտը (Ելք․ 3:6)։ Հանուն այս ուխտի՝ Տերը բազմիցս է փրկել Իր ժողովրդին (Սաղմ. 105:45−47, Բ Օր. 9:26, 28): Մարգարեի աղոթքի մեկ այլ հիմք է այն փաստը, որ ժողովրդի մեղքերի պատճառով անարգանքի է ենթարկվում Երուսաղեմը (Դան. 9:16), որի վրա դրված է Աստծո անունը (Դան. 9:18, 19): Բայց հանուն Իր անվան՝ Նա մեկ անգամ չէ, որ մեղմացրել է իր զայրույթը, քանզի նա դրա նկատմամբ նախատինք թույլ չի տալիս և հանուն Իր Փառքի զսպում է իրեն և խստասիրտ ժողովրդին չի ոչնչացնում (Ես. 48:9−11, Թվեր. 14:13−17, Բ Օր. 9:26, 28):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եւ արդ, Տէ՛ր Աստուած մեր, որ հզօր ձեռքով քո ժողովրդին հանեցիր Եգիպտացիների երկրից եւ քո անունը փառաւորեցիր, իսկ մենք այսօր մեղք գործեցինք եւ անօրինացանք:
(Արարատ թարգ․ 9։15) Եվ արդ, ո՛վ մեր Տեր Աստված, որ հզոր ձեռքով Եգիպտոսի երկրից դուրս բերեցիր քո ժողովրդին և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես որ այսօր է. մենք մեղանչեցինք ու անօրենություն գործեցինք։
(Գրաբար) Եւ արդ Տէր Աստուած մեր որ հաներ զժողովուրդ քո յերկրէն Եգիպտացւոց հզօր ձեռամբ, և արարեր քեզ անուն որպէս և յաւուր յայսմիկ. մեղաք և անօրինեցաք։