Ա․ Լոպուխին
«Ուրեմն իմացի՛ր ու հասկացի՛ր. Երուսաղեմը վերակառուցելու հրամանն արձակելուց մինչև Քրիստոս Իշխանի գալը յոթ յոթնյակ ու վաթսուներկու յոթնյակ կա, և ժողովուրդը պիտի վերադառնա, ու փողոցները և պարիսպները պիտի վերակառուցվեն, սակայն դժվարին ժամանակներում»։ (Սինոդական թարգ․)[25]
Յոթանասուն յոթնյակների կազմած ժամանակահատվածի ընդհանուր բովանդակությունը ներկայացնելուց հետո նշվում են ամբողջ ժամանակահատվածի սկզբնակետը և դրա մասերը: Յոթանասուն յոթնյակները սկսվելու են Երուսաղեմի վերականգնման և կառուցման մասին հրամանագրի (եբրայերեն «dabar» նշանակում է «հրահանգ», «հրաման») պահից: Այդ ժամանակից մինչև Քրիստոսի՝ Տիրոջ (եբրայերեն «mashiach nagid»՝ օծյալ իշխան, Ես. 9։6, Եզեկ. 24․24, Միք. 5։2) գալստյան ժամանակը կանցնի յոթ յոթնյակ, և վաթսուներկու յոթնյակ, ընդհանուր՝ 69 յոթնյակ: Երուսաղեմի վերականգնման մասին հրամանագրի հրապարակման տարին յոթանասուն յոթնյակների առաջին տարին է: Եվ քանի որ նման հրամանագիր տրվել է միայն Արտաշես Երկայնաբազուկի կողմից իր թագավորության 20−րդ տարում (Նեեմի. 2։8, 9), Կյուրոսի (Ա Եզրաս. 1։1−4, 6։3−5) և Դարեհ Հեստապի (Ա Եզրաս. 6։1−12) կողմից ավելի վաղ տրված հրամանագրերը թույլատրում են տաճարի վերակառուցումը, բայց ոչ քաղաքի վերականգնումը, և, հետևաբար, չեն կարող հաշվի առնվել, ուստի որոշ էկզեգետներ յոթնյակների հաշվարկը սկսում են այդ ժամանակից:
Մյուսները, սակայն, ուշադրություն են դարձնում Նեեմի 1։1−3 համարների վկայությանը։ Երուսաղեմի պարսպի քանդման և դարպասների այրման մասին Նեեմի 2։3 և 17 համարները ենթադրել են տալիս, որ այս հանգամանքը տեղի է ունեցել Եզրասի և Նեեմիայի Երուսաղեմ ժամանելու միջև ընկած ժամանակահատվածում՝ Արտաշեսի թագավորության 7−րդ և 20−րդ տարիների միջև ընկած հատվածում (Պ. Տիխոմիրով, «Մաղաքիա մարգարեն», Էջ 56–59, Ա. Ռոժդեստվենսկի, Յոթանասուն յոթնյակների մասին Դանիելի Հայտնությունը, էջ 193, 194): Արտաշեսի թույլատվությամբ Եզրասը սկսեց վերակառուցել Երուսաղեմի պարիսպները (տե՛ս Ա Եզրաս 9;9), բայց դրանք ոչնչացվեցին թշնամիների կողմից: Այս տեսանկյունից՝ իր թագավորության 20−րդ տարում Արտաշեսի կողմից տրված հրամանագիրը համարվում է նրա թագավորության 7−րդ տարում նրա իսկ տված հրամանի հաստատումը (Ա Եզրաս. 7։11−26), որից էլ սկսվում է յոթանասուն յոթնյակների ժամանակահատվածը: Եվ քանի որ, ըստ Պտղոմեոսի կանոնի վկայության, Արտաշեսը գահ է բարձրացել մ.թ.ա. 465 թ. դեկտեմբերի 18−ից մինչև 464 թ. դեկտեմբերի 18−ը ընկած ժամանակահատվածում, ապա նրա թագավորության յոթերորդ տարին, ինչպես նաև յոթնյակների ժամանակահատվածի սկզբնակետը լինում է մ.թ.ա. 458 կամ 457 թվականը: Այդ ժամանակից մինչև Տեր Քրիստոս, այսինքն՝ մինչև աշխարհին Նրա հայտնությունը, պետք է անցնի 69 յոթնյակ կամ 483 տարի: Ղուկաս Ավետարանչի վկայության համաձայն՝ Հիսուս Քրիստոսի հանրային ծառայության դուրս գալը համընկնում է Հովհաննես Մկրտչի քարոզչության սկզբի հետ։ Երկու իրադարձություններն էլ տեղի են ունեցել Տիբերիոսի կառավարման 15−րդ տարում (Ղուկ. 3։1−23): Տիբերիոսը գահ է բարձրացել Օկտավիանոս Օգոստոսի մահից հետո՝ մ.թ. 14 թվականի օգոստոսի 19−ին: Այսպիսով, եթե Տիբերիոսի թագավորության առաջին տարին ընկնում է մ.թ. 14 թվականի օգոստոսի 19−ից մինչև 15 թվականի օգոստոսի 19−ը, ապա նրա կառավարման տասնհինգերորդ տարին ընկնում է 28 թվականի օգոստոսի 19−ից մինչև 29 թվականի օգոստոսի 19−ը։
Որոշ գիտնականներ, ելնելով այն բանից, որ Օգոստոսի կենդանության օրոք Տիբերիոսը եղել է նրա իշխանակիցը, նրա թագավորության սկիզբը համարում են մ.թ. 13 թվականը: Այս դեպքում Տիբերիոսի կառավարման 15−րդ տարին լինում է մ․թ․ 27 թվականը: Ժամանակի այս կետի և յոթնյակների սկզբի (մ.թ.ա. 458 կամ 457 թթ․) միջև հեռավորությունը 483 տարի է: Որպես յոթնյակների սկիզբ ծառայում է «Երուսաղեմը վերականգնման և կառուցման» հրամանի արձակումը: Բնական է, որ հրամանագիրը սկսում է իրագործվել անմիջապես նրա արձակվելուց հետո: Ըստ այդմ, պետք է մտածել, որ քաղաքի կառուցման համար հայտնությունը սահմանում է առաջին յոթ յոթնյակները: Այս բանի օգտին են խոսում նաև 26−րդ համարի առաջին բառերը. «Եվ վաթսուներկու յոթնյակ անց Քրիստոս մահվան կմատնվի»: Ժամանակահատվածի երկրորդ մասը՝ 62 յոթնյակ, հստակ տարանջատված է առաջինից` յոթ յոթնյակ: Այս վերջին մասի ընթացքում տեղի են ունենալու հատուկ իրադարձություններ։ Սակայն քաղաքի կառուցումից բացի հայտնությունն ուրիշ բան չգիտի: Այս վերջինի մասին այն արտահայտվում է հետևյալ կերպ. «Tashub venibveta rehob vekharuts», որն էլ բառացիորեն ռուսերեն թարգմանվել է հետևյալ կերպ. «Կվերականգնվեն («շուբ»−ն օգտագործվել է վերականգնելու իմաստով․ Սաղմ. 79։4, 8, 20) փողոցները («ռեհ» բառի մասին, Ծննդ. 19։2, Դատ. 19։20, Բ Մնաց. 32։6 և այլն) և պատերը («հարուց» բառը ծագել է «հարաց»−ից, որն էլ նշանակում է «սուր», «կտրող» լինել, բառացիորեն նշանակում է նաև «կտրված», «փորված», այստեղից էլ՝ «խրամ» արտահայտությունը): Երուսաղեմի վերականգնումը, որպես բնակեցված վայր (փողոց) և որպես ամրոց (խրամ), տեղի է ունենալու անբարենպաստ հանգամանքներում՝ «դժվար ժամանակներում», ինչը հաստատվում է Եզրասի օրոք կանգնեցված քաղաքի պարիսպների քանդման մասին Նեեմիայի գրքի վկայությամբ (Նեեմի. 1։3)։ Պարիսպները նորոգելիս Սանաբալաթի ու Տուբիայի կողմից հարուցված խոչընդոտներին է բախվում նաև Նեեմիան (գլուխ 4):
Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք Երուսաղեմի շինարարությունը տևել է 49 տարի, ապա պետք է ասել, որ այս հարցը վերջնականապես չի կարող լուծվել: Այնուամենայնիվ, գոյություն ունի այն դրական կերպով լուծելու փորձ: Սա հիմնված է այն ենթադրության վրա, որ Երուսաղեմի շինարարությունը շարունակվել է այնքան ժամանակ, որքան ապրել է Եզրասը, իսկ հետո՝ Նեեմիան (վերջինս ժամանակ առ ժամանակ բացակայել է, քանզի եղել է Բաբելոնում): Եզրասը Երուսաղեմի շինարարության վրա աշխատել է 13 տարի (Արտաշեսի թագավորության 7−րդ տարուց մինչև 20−րդ տարին, Նեեմի. 2։1): Արտաշեսի թագավորության 20−րդ տարում նրան օգնության է հասնում Նեեմիան և 52 օրվա ընթացքում վերակառուցում է քանդված պարիսպը (Նեեմի. 4։1, 6։15): Դրանից հետո՝ 12 տարի Երուսաղեմում անցկացնելուց հետո, Նեեմիան վերադառնում է Արտաշեսի մոտ, ապա կրկին վերադառնում է հայրենիք (Նեեմի. 13։6): Երկրորդ անգամ Նեեմիայի Երուսաղեմ ժամանելու ժամանակը որոշվում է նրա ժամանակակից «Հովիդիայի»՝ մեծ քահանայապետ Ելիսաբի որդու կյանքի ժամանակով (Նեեմի. 13։28): Քանի որ, ըստ Ալեքսանդրյան տարեգրության, Ելիսաբը մահացել է մ.թ.ա. 413 թվականին, ուստի մեզ ոչինչ չի խանգարում մտածել, որ Նեեմիան Երուսաղեմ է վերադարձել նրա մահից հինգ տարի անց, ապա մինչև Արտաշեսի կառավարման 7−րդ տարում նրա հայրենիք վերադառնալը՝ անցնում է ուղիղ 49 տարի (մ.թ.ա. 457–408) (Ա. Ռոժդեստվենսկի, էջ 215):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) եւ դու իմանաս ու խելամուտ լինես պատասխան տալու սկզբից ասուած խօսքերին: Երուսաղէմի շինուելուց մինչեւ առաջին օծումը կայ եօթը եօթնեակ եւ վաթսուներկու եօթնեակ, որպէսզի վերաշինուեն հրապարակներն ու պարիսպները եւ նորոգուեն ժամանակները:
(Արարատ թարգ․ 9։25) Եվ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա. հրապարակը և պարիսպը պիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում։
(Գրաբար) Եվ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա. հրապարակը և պարիսպը պիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում։
Պատմամշակութային մեկնություն
Երուսաղեմի վերականգնման մասին հրաման: Այստեղ նկատի է առնվում ոչ թե թագավորական հրամանը, այլ մարգարեական խոսքը: Փաստացի բայի և գոյականի նույնատիպ համադրություն («խոսքի ասվելուց») օգտագործված է նաև 23−րդ համարում։ Նման մեկնաբանության հիմնավորվածությունը հաստատվում է այն փաստով, որ Դանիելն ապավինում է Երեմիայի մարգարեությանը, որը աքսորյալներին ուղղված իր նամակում հայտարարում է գերությունից վերադարձի և Երուսաղեմի վերականգնման մասին (այս մասին ընթերցի՛ր նաև 9։2 համարի մեկնաբանությունը): Այսպիսով՝ այս խոսքը կարող է «ասված» լինել մ.թ.ա. 597−594 թվականների ընթացքում:
Օծյալը: Հարկ է նշել, որ այստեղ օգտագործվում է «օծյալ» (ռուսերեն թարգմանության մեջ «Քրիստոս») ընդհանուր գոյականը, այլ ոչ թե «Մեսիա»−ն: Մարգարեական գրականության մեջ այս արտահայտությունը դեռևս հաստատված չէ որպես Դավթի տոհմից սերող գալիք իդեալական թագավոր նշանակող հատուկ հասկացություն (բացառությամբ այս գլխի, այն օգտագործվում է միայն Ես․ 45։1 համարում՝ Կյուրոսի առնչությամբ, իսկ Ամբակում՝ 3։13−ում, այն գործածվում է որպես ընդհանուր հասկացություն): Իսրայելում ծառայության համար քահանաներն ու թագավորներն օծվում էին: Որոշ գիտնականներ կարծում են, որ այս համարներում «օծյալի» երկու հիշատակումները երկու տարբեր կերպարներ են ցույց տալիս: Առաջին օծյալը հայտնվելու է քառասունինը տարի անց (ամենայն հավանականությամբ, դա կարող էր լինել Կյուրոսը, քանի որ մարգարեական գրություններում նա արդեն ստացել էր օծյալի կարգավիճակ, չնայած չի կարելի բացառել ժողովրդի այնպիսի առաջնորդների, ինչպիսիք են Զորաբաբելը կամ Հոսեդեկի որդին՝ Հիսուսը), իսկ երկրորդ օծյալը մահվան է մատնվելու մինչև վերջին յոթնյակի ավարտը: Այս տեսակետը հաստատվում է եբրայերեն տեքստի կետադրությամբ, որը ցույց է տալիս, որ նշված երկու թվականների միջև պետք է լինի որոշակի ժամանակային ընդմիջում, այլ ոչ թե վաթսուներկու յոթնյակ: Դա եղել է քառասունինը տարի՝ Երուսաղեմի անկումից (մ.թ.ա. 586 թվական) մինչև Կյուրոսի հրամանագիրը (մ.թ.ա. 538 թվական):
Փողոցներ և պատեր կկառուցվեն: (Բնօրինակում «փողոցներ և խրամներ» են): «Փողոցները», հավանաբար, քաղաքի և շուկայի հրապարակներն են, որոնք քաղաքի պլանավորման և նրա վարչական ու տնտեսական գործունեության հիմնական տարրերն են: Երկրորդ բառը վերաբերում է խրամին, որը քաղաքի պաշտպանության համակարգի մաս էր կազմում: Սա ցույց է տալիս, որ Երուսաղեմը կրկին դառնալու է բարեկեցիկ և անվտանգ քաղաք՝ բնականոն կյանքի բոլոր պայմաններով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: