Դանիելի մարգարեության մեկնություն 9(8):13

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ես լսեցի մի սրբից, որ խօսում էր. եւ մի այլ սուրբ, որ խօսում էր նրա հետ, ասաց. «Մինչեւ ե՞րբ այդ տեսիլքը պիտի մնայ. զոհաբերումները վերացել են, մեղքերը աւերներ են գործել, եւ սրբութիւնն ու զօրութիւնը կոխոտուել»
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1

   

Ա. Լոպուխին

13-14. «Եվ ես լսեցի մի սուրբի, որ խոսում էր, և այս սուրբն ասաց նրան, որ հարցնում էր. «Որքա՞ն ժամանակ է տևելու ամենօրյա զոհի և ավերիչ ամբարշտության մասին այս տեսիլքը, երբ սրբարանն էլ, զորքն էլ ոտնակոխ արվեն»»։ [13] «Եվ ասաց ինձ. «Երկու հազար երեք հարյուր երեկո ու առավոտ. և այդ ժամանակ սրբարանը պիտի մաքրվի»»։ (Սինոդական թարգ․)

   

   Ըստ Հրեշտակի խոսքերի՝ Անտիոքոսի կողմից սրբավայրի և ժողովրդի արհամարհման սովորույթը տևելու է մինչև 2300 երեկո և առավոտ: Եվ քանի որ աստվածաշնչյան բառաօգտագործման համաձայն «երեկո և ... առավոտ» արտահայտությունը նշանակում է հատուկ, առանձին օր (Ծննդ. 1։5, 8, 13 և այլն), ապա տվյալ դեպքում «2300 երեկո և առավոտ»–ը պետք է հասկացվի 2300 ամբողջական օրվա իմաստով: Այս շրջանի վերջնակետն սրբարանի մաքրումն է. «Այն ժամանակ սրբարանը մաքրվելու է», այսինքն՝ մ․թ․ա․ 148 թվականի Հասլև ամսի քսանհինգերորդ օրը տաճարում վերականգնվելու է իրական (և միակ ճշմարիտ) աստվածպաշտությունը (Ա Մակաբ. 4։52–53):

   Ինչ վերաբերում է այս ամենի սկզբնակետին, ապա դա ճշգրիտ կերպով որոշել հնարավոր չէ: Անտիոքոս Եպիփանեսի բացահայտ պայքարը Հինկտակարանյան եկեղեցու դեմ սկսվեց մ․թ․ա․ 143 թվականին, երբ նա  Եգիպտոսում պարտություն կրելուց հետո  շարժվեց դեպի Երուսաղեմ, մտավ սրբավայր և կողոպտեց այն (Ա Մակաբ. 1։20–23): Սակայն հակաաստվածային գործունեությունն ընդհանուր առմամբ երևան եկավ ավելի վաղ: Մասնավորապես, մ․թ․ա․ 142 թվականին նրա համաձայնությամբ ու չար Յասոնի ջանքերով քահանայապետ Օնիան զրկվեց պաշտոնից: Իր հերթին, նաև այս վերջինը հեռացվեց ոմն Մենելաոսի կողմից, որը գողացավ և վաճառեց տաճարի անոթները (Բ Մակաբ. 4։32): Հաշվի առնելով դա՝ Անտիոքոս Եպիփանեսի հակաաստվածային գործունեության ողջ ժամանակահատվածը տեղադրվում է 148–142 թվականների մեջ, քանզի այս միջակայքը պարունակում է 2300 օր, որն էլ հավասար է 6 տարվա, 3 կամ 4 ամսի և մի քանի օրվա:

   «2300 երեկո և առավոտ»–ի վերաբերյալ այս ըմբռնումից ու հաշվարկից բացի, կա նաև մեկ այլ պարագա: Ասում են, որ մարգարեական հայտնությունը որպես հիմնական թեմա ունի զոհաբերությունների խնդիրը: Եվ քանի որ Մովսեսի օրենքի համաձայն դրանք մատուցվում էին առավոտյան և երեկոյան, ուստի երեկո–առավոտ արտահայտությունը ցույց է տալիս, որ Դանիել մարգարեն նկատի ունի առավոտյան և երեկոյան զոհերը՝ դրանց կատարման ժամանակային կետերը: Ըստ այդմ, երեկոն և առավոտը պետք է հաշվարկվեն առանձին, և 2300 երեկո–առավոտների քանակը պետք է վերածվի 1150 լրիվ օրվա: Բայց այդպիսի հաշվարկը նախևառաջ հակասում է աստվածաշնչյան բառաօգտագործմանը: Այն դեպքերում, երբ հրեան ցանկանում է առանձին–առանձին մատնանշել օրվա բաղկացուցիչ մասերը՝ ցերեկը և գիշերը, ապա այդ պարագայում նա յուրաքանչյուր մասի համար առանձին հաշիվ է պահպանում։ Նա ասում է՝ 40 օր և 40 գիշեր (Ծննդ. 7։4, 12, Գ Թագ․ 19։8), երեք օր և 3 գիշեր (Հովհ. 2։1, Մատթ. 12։40):

   Երկրորդ, եթե ուշադրություն դարձնենք Մակաբայեցիների գրքերում ներկայացված Անտիոքոս Եպիփանեսի գործունեության ժամանակագրությանը, ապա կտեսնենք, որ դրա մեջ անհնար է այնպիսի ժամանակահատված գտնել, որի մեջ հնարավոր կլինի 1150 օր տեղավորել: Այսպիսով՝ սրբավայրի պղծման սկզբնակետը (ըստ Դելիքի) համարվում է կա՛մ Հասլև ամսի 15–րդ օրը, այսինքն՝ տաճարում կուռքի նվիրաբերված զոհասեղան տեղադրելու ժամանակը (Ա Մակաբ. 1։54), կա՛մ էլ հարկահավաքների պետ Ապոլոնիոսի Հրեաստան ժամանելու և նույն մ․թ․ա․ 145 թվականին Երուսաղեմը գրավելու ժամանակը (Ա Մակաբ․ գլուխ 1 և Բ Մակաբ. 5։24): Բայց առաջին դեպքում, մինչև Անտիոքոսի հակաաստվածային գործունեության ավարտը՝ մ․թ․ա․ 148 թվականի Հասլև  ամսվա 25–րդ օրը (Ա Մակաբ․ 4։52), անցել է ընդամենը 3 տարի 10 օր, կամ 1090–1105, և ոչ թե 1150 օր: Երկրորդ դեպքում, առանց որևէ հիմքի, բայց միայն անհրաժեշտ օրերի քանակ ստանալու համար, Ապոլոնիոսի ժամանման ժամանակը առնչում են մ․թ․ա․ 145 թվականի առաջին ամսին:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ես տեսայ նրան, որ հասաւ մինչեւ խոյը: Նա կատաղեց, հարուածեց խոյին եւ խորտակեց նրա երկու եղջիւրները, իսկ խոյը ուժ չունէր նրան դիմադրելու: Քօշը խոյին գետին գցեց, ոտքի կոխան արեց նրան, եւ չկար մէկը, որ խոյին ազատէր քօշից:
(Արարատ թարգ․ 8։13) Եվ ես տեսա նրան, որ հասավ խոյի մոտ և կատաղած նրա դեմ՝ հարվածեց խոյին և կոտրեց նրա երկու եղջյուրները։ Եվ խոյի մեջ ուժ չկար նրա դիմաց կանգնելու։ Նրան գետնին գցեց և կոխկռտեց նրան, և չկար մեկը, որ խոյին ազատեր նրա ձեռքից։
(Գրաբար) և տեսանէի զնա հասեալ մինչև ցխոյն։ Զայրացա՛ւ և եհար զխոյն՝ և խորտակեաց զերկոսին եղջեւր նորա. և ո՛չ գոյր զօրութիւն խոյին ունել զդէմ նորա, ա՛րկ զնա յերկիր՝ և ոտից իւրոց կոխա՛ն արար զնա. և ո՛չոք էր որ թափէր զխոյն’ի ձեռաց քօշին։