Սուրբ Հովհան Ոսկեբերան
6-7․ Նրանց մեջ էին Հուդայի երկրի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան: Ներքինապետը Դանիելին անվանեց Բաղդտասար, Անանիային՝ Սեդրակ, Միսայելին՝ Միսակ և Ազարիային՝ Աբեդնագով:
Ասվում է, որ նա Դանիելին Բաղդասար անունը տվեց: Կա՛մ նրանց աստվածն էր այդպես անվանվում, կա՛մ էլ, որ ավելի լավ է, թագավորի որդու անունն էր այդպես: Հետևաբար, նա համարձակորեն չէ՞ր վարվել՝ գերուն այդպիսի անունով կոչելով: Իհարկե, նա համարձակությամբ գործած կլիներ, եթե այս նույն անունն այստեղ բոլորովին այլ նշանակություն չունենար, ինչպես եղավ նաև Հովսեփի հետ, ում առաջ խոնարհվեց նրա հայրը: Եվ ի՞նչ մեծ բան է, որ նա այդ անունով կոչվեց: Արդյո՞ք մենք չենք տեսնում, որ մարդկանցից շատերը նույնիսկ այսօր են թագավորների անուններով կոչվում: Բայց կասես՝ ոչ արքայական տանը: Իսկ ինչի՞ համար է արվում այս անվանափոխությունը: Տե՛ս, թե ինչպես են դասավորվում այս բոլոր հանգամանքները: Թագավորը երազ է տեսնում ոչ շուտ, քան երեք տարի անց: Տեսնո՞ւմ ես, թե Աստված այստեղ ինչ է կազմակերպում: Իսկ ինչի՞ համար: Որպեսզի Դանիելն ավելի մեծ համարձակություն ունենա թագավորի առջև: Բայց կարող են ասել, որ նա ավելի հայտնի կդառնար, եթե թագավորը երազ տեսներ երեք տարուց ավելի շուտ: Բայց այդ ժամանակ հրամանը չէր լինի երիտասարդների առաջ, և բացի այդ, Դանիելին չէին հավատա: Հետևաբար փոքր և աննշան իրերից ներքինին նրանց հանդեպ Աստծո բարեհաճության մասին ապացույցներ է ստանում, որպեսզի երբ նրանք իրենից ավելի կարևոր բան խնդրեին, նա անվստահության պատճառով չմերժեր, և որպեսզի նրանք լեզուն ավելի լավ սովորեին ու ավելի համարձակ դառնային: Չես տեսնում արդյո՞ք, թե ինչպես նույն բանը պատահեց Դավթի հետ: Ինչպես թագավորը, դատելով նրա տարիքից, չհավատաց նրան, երբ նա խոստացավ հաղթել օտարերկրացուն: Վերջապես, ուշադրություն դարձրո՛ւ այն բանին, որ Դանիելն ուսումնասիրում էր նրանց կյանքի հիմունքները: Մովսեսը և Դանիելը մանրազնին ուսումնասիրեցին օտարերկրացիներին: Որպեսզի չթվա, թե անգիտությունից ելնելով էին նրանք իրենցը գերադասում օտարին պատկանողից, դրա համար էլ Աստված թույլ է տալիս նրանց ճաշակել քաղդեացիների իմաստությունը, որպեսզի դու, տեսնելով կամ, ավելի ճիշտ, լսելով Մովսեսի հետևյալ խոսքերը՝ «Ահավասի՛կ մի իմաստուն ժողովուրդ, մի խոհեմ ու մեծ ազգ» (Բ Օր. 4։6), չմտածես, որ նման արձագանքը բխում էր սիրուց կամ կախվածությունից, այլ դա վերագրես առողջ դատողությանը, քանի որ չի կարելի ասել, որ նա ուսուցիչների հանդեպ ունեցած ատելության պատճառով հեռացավ նրանց ուսուցումներից: Նրանք երկուսն էլ մեծ պատիվ էին վայելում, բայց նախընտրում էին իրենցը: Այդպես էլ Պողոսն է զարմանքով խոսում Մովսեսի մասին և ասում. «Նախընտրեց չարչարվել Աստծու ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճույքներ վայելել. Քրիստոսի կրած նախատինքներն իր համար ավելի մեծ հարստություն համարեց, քան Եգիպտոսի գանձերի առատությունը» (Եբր. 11։25–26):
Ա. Լոպուխին
«Նրանց մեջ էին Հուդայի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան»։: (Սինոդական թարգ․) [6]
Երրորդ համարից, անկասկած, հետևում է, որ Դանիել մարգարեն սերում էր Հուդայի ցեղից և պատկանում էր կա՛մ արքայական, կա՛մ էլ որևէ հայտնի իշխանական ընտանիքի, սակայն տեղեկատվության պակասի պատճառով այդ ընտանիքի մասին ոչինչ հայտնի չէ: Հովսեփոս Փլավիոսը նրան հրեական արքա Սեդեկիայի ազգականն է համարում. քրիստոնյա գրողներից ոմանք նրան դասում են Դավթի սերունդների (Սիմեոն Մետաֆրաստ), իսկ մյուսները (Եպիփան)՝ հրեա ազնվականների ամենանշանավոր ընտանիքներից մեկի անդամների շարքում: Անորոշ են նաև նրա ընկերների տոհմաբանությունների վերաբերյալ եղած տեղեկությունները:
--------------------------------
[6] (Էջմիածին թարգ․) Նրանց մէջ էին Յուդայի երկրի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան:
(Արարատ թարգ․ 1։6) Նրանց մեջ էին Հուդայի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան։
(Գրաբար) Եւ էին’ի նոսա յորդւոցն Յուդայ՝ Դանիէլ, և Անանիա, և Միսայէլ, և Ազարիա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: