Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ներքինապետը Դանիելին անվանեց Բաղդտասար, Անանիային՝ Սեդրակ, Միսայելին՝ Միսակ և Ազարիային՝ Աբեդնագով:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 2(1):6
Ա. Լոպուխին
«Եվ ներքինապետը նրանց նոր անուններ դրեց. Դանիելին՝ Բաղդասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք, Ազարիային՝ Աբեդնագով»։(Սինոդական թարգ․) [7]
Դանիելը և նրա ընկերները դաստիարակվում են որպես թագավորական արքունիքի ապագա պաշտոնյաներ («արքայական պալատում ծառայելու համար» Դան. 1։4): Կախված սրանից՝ նրանք նոր անուններ են ստանում: Տարօրինակ կլիներ ապագա բաբելոնական բարձրաստիճան պաշտոնյաներին թողնել նույն հրեական անուններով. նրանց բաբելոնական անուններ են տրվում: Այդ անունները կազմված էին բաբելոնական գլխավոր աստվածների անուններից: «Բաղդասար» անունը (Բելտեգնա արքայի անունից է) նշանակում է «Բել (Վիլ) պաշտպանի՛ր նրա կյանքը», Աբդենագովը՝ «Նեբո Աստծո ծառա, ստրուկ», Միսակը՝ «Ակու աստծո նման», Սեդրակը՝ «Ակու աստծո հրաման», դրանք կարող էին հիշեցնել հրեաների և նրանց Աստծո նկատմամբ բաբելոնյան աստվածների վերջերս տարած հաղթանակի մասին (այս մասին ընթերցի՛ր նաև Դան. 1։2 համարի մեկնաբանությունը), որի շնորհիվ էլ ներկա իրավիճակում, ինչպես նաև միշտ, անունների փոփոխությունը ծառայեց որպես հաղթողից պարտվածի կախվածության նշան (Դ Թագ. 24։17, Բ Մնաց. 36։4):
--------------------------------
[7] (Էջմիածին թարգ․) Ներքինապետը Դանիէլին անուանեց Բաղդտասար, Անանիային՝ Սեդրակ, Միսայէլին՝ Միսակ եւ Ազարիային՝ Աբեդնագով:
(Արարատ թարգ․ 1։7) Եվ ներքինապետը նրանց անուններ դրեց. Դանիելին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք, Ազարիային՝ Աբեդնագով։
(Գրաբար) Եւ եդ նոցա ներքինապետն անուանս. Դանիելի՝ Բաղտասար. և Անանիայի՝ Սեդրաք, և Միսայելի՝ Միսաք, և Ազարիայ՝ Աբեդնագով։
Պատմամշակութային մեկնություն
Նոր անուններ։ Անձի անունը փոխելը նշանակում էր նրա նկատմամբ ձեռք բերել իշխանություն և նրա ճակատագիրը տնօրինելու իրավունք: Ամբողջ աստվածաշնչյան դարաշրջանում բազմաթիվ երկրների ղեկավարներ նմանատիպ հակում են դրսևորել: Քանի որ ձուլումն այն գործընթացի գլխավոր նպատակն էր, որի մեջ ներգրավված էր Դանիելը, ուստի բաբելոնական անուններ տալը ակնհայտ անհրաժեշտություն էր: Պետք է հիշել նաև, որ անունները հաճախ աստվածությունների մասին որոշ հայտարարություններ էին ներկայացնում, ուստի ենթադրվում է, որ երիտասարդների բաբելոնական անունները ինչ–որ չափով կարտացոլեին նրանց կողմից բաբելոնական աստվածներին ճանաչելու հանգամանքը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: