Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):36

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Սա է երազը: Իսկ այժմ թագավորին ասենք երազի մեկնությունը:
   
   Աստծո զորությունը ցույց տալուց հետո  նա համարձակորեն քարոզում է նրան:
   

Ա. Լոպուխին

«Սա՛ է երազը, ու նաև դրա նշանակությո՛ւնն ասենք թագավորին»։ (Սինոդական թարգ․) [36]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):31
--------------------------------
[36] (Էջմիածին թարգ․) Սա է երազը: Իսկ այժմ թագաւորին ասենք երազի մեկնութիւնը:
(Արարատ թարգ․ 2։36) Սա է երազը, և նրա մեկնությունն ասենք թագավորին։
(Գրաբար) Ա՛յս է երազն. և զմեկնութիւն նորա՝ ասասցո՛ւք առաջի արքայի։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Չորս թագավորությունները: Այս տեքստում թագավորություններն անվանված չեն, և միայն Նաբուգոդոնոսորն է նույնացվում արձանի ոսկե գլխի հետ: Որոշ հետազոտողներ այստեղ ակնարկ են տեսնում Բաբելոնի, Մեդիայի, Պարսկաստանի և Հունաստանի վերաբերյալ, իսկ մյուսները կարծում են, որ խոսքը Բաբելոնի, Պարսկաստանի, Հունաստանի և Հռոմի մասին է: Տվյալները, որոնք թույլ կտան մեզ տեսնել այդ վարկածներից մեկի գերազանցությունը, 7–րդ գլխում են, որտեղ էլ դրանք կդիտարկվեն:

   Չորս թագավորությունների մոդելը: Պատմությունը չորս թագավորությունների կամ դարաշրջանների տեսքով ներկայացնելու գաղափարը զուգահեռներ ունի հին և դասական գրականության մեջ: Աքքադական մի մասնակիորեն պահպանված տեքստում, որը հայտնի է «Դինաստիկ մարգարեություն» անունով (Սելևկյան դարաշրջան, մ.թ.ա. 3–րդ դար), հիշվում են միմյանց հաջորդող չորս թագավորություններ՝ Ասորեստան, Բաբելոն, Պարսկաստան և Հունաստան: «Սիբիլինյան գրքեր»–ում (մ.թ.ա. 2–րդ դար) այս չորս մասից բաղկացած մոդելը ներկայացնում են Ասորեստանը, Մեդիան, Պարսկաստանը և Մակեդոնիան: Հռոմեական դարաշրջանի մի շարք աղբյուրներ այս ցուցակին ավելացնում են Հռոմը, որի արդյունքում ստեղծվում է հինգ թագավորությունների տեսքով պատմության ներկայացման գաղափարը: 5–րդ դարի հռոմեացի հեղինակ Սևերիոսն ասում է, որ Սիբիլները «դարերը» նմանեցնում էին մետաղներին, բայց մեզ հասած «Սիբիլինյան գրքեր»–ում նման համեմատություն չկա: Դարերը մետաղներին նմանեցնելու գաղափարը զուգահեռվում է զրադաշտականության մեջ ընդունված մարդկության պատմությունը չորս ժամանակաշրջանների բաժանման հետ: Ավեստան՝ զրադաշտականության սուրբ գիրքը, դարերը (բայց ոչ կայսրությունները) նույնացնում է ծառի ոսկյա, արծաթյա, պողպատյա և «երկաթով խառնված» (վերջին սահմանումը անհասկանալի է) ճյուղերի հետ: Նման գաղափարներով տեքստերը պատկանում են բավականին ուշ ժամանակաշրջանի, բայց, ինչպես կարծում են շատ հետազոտողներ, դրանք պարունակում են ավելի հնագույն շրջանի պատկանող նյութեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2–րդ և նույնիսկ 3–րդ հազարամյակներով: Դարերի և մետաղների թերևս ամենահամապատասխան համեմատությունն իրականացվել է Հեսիոդոսի «Գործեր և օրեր» պոեմում (մ.թ.ա. VIII դար): Հին հույն հեղինակն ունի հինգ պատմական դարաշրջաններ («դարեր»), որոնցից չորսը ներկայացված են մետաղներով (ոսկի, արծաթ, բրոնզ և երկաթ): Դան. 2:44 համարում խոսվում է մի թագավորության մասին, որը հավիտյան չպիտի կործանվի: «Ուրուկի մասին մարգարեության մեջ» (մ.թ.ա. XII դար) խոսվում է վատ կառավարող չորս թագավորների մասին, որոնցից հետո գալու է մի թագավոր, որը Բաբելոնից Իշտարի արձանը վերադարձնելու է Ուրուկ: Բացի այդ՝ մարգարեությունն ասում է, որ այս թագավորի որդին ժառանգելու է արքայությունը, որը կլինի հավիտենական (որոշ հետազոտողներ այս մարգարեությունը թվագրում են մ.թ.ա. 7–րդ դարով և այդ  «որդուն» նույնացնում են Նաբուգոդոնոսորի հետ):