Սուրբ Եփրեմ Ասորի
Իսկ նրանք ասացին. «Եկէք մի բան մտածենք Երեմիայի դէմ, քանզի օրէնքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից եւ խօսքը՝ մարգարէից: Եկէ՛ք նրան լեզուով ջախջախենք եւ նրա բոլոր խօսքերին ականջ չդնենք»:
Հրեաների խոսքերը հետևյալ իմաստն ունեն. մեզ համար օգտակար է, որ Երեմիան մահանա, քանի որ հակառակ դեպքում մեր մասին նրա թշնամական մարգարեությունների պատճառով օրենքը կվերանա քահանաներից, խորհուրդը՝ իմաստուններից, խոսքը՝ մարգարեներից, բայց սա ասելով՝ նրանք նկատի ունեին անօրինությունը, չար խորհուրդը և կեղծ խոսքը: Իսկ եթե Երեմիան մահանա, ապա չեն դադարի ո՛չ օրենքը, ո՛չ քահանայությունը և ո՛չ էլ մարգարեությունները: Այսպիսով՝ հրեաները կա՛մ այդ պատճառով էին ցանկանում Երեմիային սպանել, կա՛մ էլ, ավելի շուտ, նրանք բարեպատեհ առիթի ներքո փորձում էին թաքցնել իրենց չար մտադրությունը։ Նրանք ժողովրդին ներշնչում էին, որ մարգարեին հետապնդում են նրա մեղքերի համար։ Նրան քահանայության, օրենքի և մարգարեությունների ոչնչացում քարոզող նենգ խաբեբա էին անվանում և համարձակվում էին պնդել, որ չի վերջանա այն, ինչն անվերջ է։ Հետևաբար ասում էին. «Նրան լեզվով ջախջախենք», այսինքն՝ այնպես անենք, որ նա տառապի իր լեզվի պատճառով, որովհետև իր նույն լեզվով էլ նա մեզ տառապել ստիպեց:
Ա. Լոպուխին
18-23. «Իսկ նրանք ասացին. «Եկեք դավադրությո'ւն անենք Երեմիայի դեմ. որովհետև օրենքը չի վերացել քահանայից, և խորհուրդը՝ իմաստունից, ու խոսքը՝ մարգարեից. եկեք նրան լեզվով վնասե'նք և ուշադրություն չդարձնե'նք նրա խոսքերին»»։ [18] ․ «Ո՛ւշ դիր ինձ, Տե՛ր, և լսի՛ր իմ հակառակորդների ձայնը»։ «Մի՞թե չարիք կհատուցվի բարության փոխարեն. բայց նրանք փոս են փորում իմ հոգու համար: Հիշի՛ր, որ ես կանգնած եմ Քո երեսի առաջ, որպեսզի բարեխոսեմ նրանց համար, որպեսզի նրանցից հեռացնեմ Քո զայրույթը»։ «Ուստի նրանց որդիներին սովի՛ մատնիր և նրանց սրի՛ հանձնիր. նրանց կանայք թող անզավակ ու այրի դառնան, և նրանց ամուսինները թող մահվան մատնվեն, և նրանց երիտասարդները թող սրով սպանվեն պատերազմում»։ «Թող աղաղակ լսվի նրանց տներից, երբ որ նրանց վրա հանկարծակի զորագնդեր բերես. որովհետև նրանք փոս են փորում, որ բռնեն ինձ, և թաքուն որոգայթներ լարեցին իմ ոտքերի տակ»։ «Բայց դու, Տե՛ր, գիտես նրանց բոլոր խորհուրդներն իմ դեմ՝ ինձ մեռցնելու համար. մի՛ ներիր նրանց անիրավությունները և նրանց մեղքերը մի՛ ջնջիր Քո առաջից. թող նրանք տապալվեն Քո առաջ. նրանց հետ վարվի՛ր Քո բարկության ժամանակ»։ (Սինոդական թարգ․)
Ժողովրդի մեջ քահանաները Մովսեսի օրենքի պահապաններն էին, իմաստունները՝ ժողովրդի կառավարիչների և առաջնորդների խորհրդականները, մարգարեները՝ աստվածային հայտնություններ փոխանցողները: «Եկեք նրան լեզվով ջախջախենք», այսինքն՝ Երեմիայի դեմ լուրջ մեղադրանք ներկայացնենք (Եր. 23 և 19:2 և այլն):
-----------------------------------------
[18](Էջմիածին թարգմ.) Իսկ նրանք ասացին. «Եկէք մի բան մտածենք Երեմիայի դէմ, քանզի օրէնքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից եւ խօսքը՝ մարգարէից: Եկէ՛ք նրան լեզուով ջախջախենք եւ նրա բոլոր խօսքերին ականջ չդնենք»:
(Արարատ թարգմ.) Ապա նրանք ասացին. «Եկեք Երեմիայի դեմ դավեր սարքենք, որովհետև ուսուցումը քահանայից չի կորչի, խորհուրդը՝ իմաստունից, և խոսքը՝ մարգարեից։ Եկեք նրան լեզվով վնասենք և նրա բոլոր խոսքերին ուշադրություն չդարձնենք»։
(Գրաբար) Եւ ասացին. Եկայք խորհեսցուք խորհուրդ ի վերայ Երեմիայի. զի ոչ կորնչին օրէնք ի քահանայէ, եւ խորհուրդ յիմաստնոց, եւ բան ի մարգարէէ. եկայք եւ հարցուք զնա լեզուաւ, եւ ոչ լուիցուք զամենայն բանս նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: