Ա. Լոպուխին
16–22. «Եվ քահանաներին ու այս ամբողջ ժողովրդին ես ասացի. «Այսպես է ասում Տերը. «Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են ձեզ համար և ասում են. «Ահա, շուտով Բաբելոնից հետ են բերվելու Տիրոջ տան անոթները», որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում»»։ [16] «Մի՛ լսեք նրանց, ծառայե՛ք Բաբելոնի թագավորին և ապրե՛ք. ինչո՞ւ այս քաղաքն ավերածության հասցնել»։ «Իսկ եթե նրանք մարգարեներ են և եթե նրանք ունեն Տիրոջ խոսքը, ապա թող բարեխոսեն Զորությունների Տիրոջը, որպեսզի այն անոթները, որոնք մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանն ու Երուսաղեմում, չգնան Բաբելոն»։ «Որովհետև Զորությունների Տերն այսպես է ասում սյուների և պղնձե ծովի ու խարիսխների և այն մնացած անոթների մասին, որոնք մնացել են այս քաղաքում»: «Որոնք Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, չվերցրեց, երբ Հեքոնիային` Հուդայի թագավոր Հովակիմի որդուն և Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ազնվականներին Երուսաղեմից գերեվարեց դեպի Բաբելոն»։ «Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այն անոթների մասին, որոնք մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանն ու Երուսաղեմում»: «Նրանք պիտի տարվեն Բաբելոն և այնտեղ պիտի մնան մինչև այն օրը, երբ Ես կայցելեմ նրանց, - ասում է Տերը, - և նրանց դուրս պիտի բերեմ ու նրանց պիտի վերադարձնեմ այս վայրը»։ (Սինոդական թարգմ.)
Վերջապես, մարգարեն նաև քահանաներին ու ժողովրդին է խորհուրդ տալիս, որպեսզի չհավատան այն մարգարեներին, որոնք խոստանում են, որ Նաբուգոդոնոսորի կողմից տաճարից տարված սպասքը շուտով կվերադարձվի Երուսաղեմ: Ավելի լավ կլիներ, որ այդ մարգարեները (եթե նրանք իսկապես մոտ են Աստծուն) աղոթեին, որ մնացած սպասքը նույնպես Բաբելոն չտեղափոխվեր, քանի որ իրականում Աստված խոստանում է նաև դրանք խլել հրեաներից:
-----------------------------------------
[16](Էջմիածին թարգմ.) "Ինչ որ խօսեցի, կը յայտնես նաեւ քահանաներին ու համայն ժողովրդին, թէ այսպէս է ասում Տէրը. «Ականջ մի՛ դնէք այն մարգարէների խօսքերին, որ մարգարէութիւն են անում ձեզ համար եւ ասում. «Ահա Տիրոջ Տան սպասքը այժմ եւեթ Բաբելոնից պիտի վերադարձուի»: Բայց դա զուր են մարգարէանում ձեզ համար. ե՛ս չեմ ուղարկել նրանց:
(Արարատ թարգմ.) Ապա ես խոսեցի քահանաների և այս ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը. Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են ձեզ համար՝ ասելով. "Ահա Տիրոջ տան անոթները շուտով հետ են բերվելու Բաբելոնից", որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։
(Գրաբար) Եւ ցքահանայս եւ ցամենայն ժողովուրդն՝ զոր խաւսեցայ ասասցես. Այսպէս ասէ Տէր. Մի լսէք բանից մարգարէիցն որ մարգարէանան ձեզ՝ եւ ասեն. Ահա սպաս տան Տեառն դարձցի ի Բաբելոնէ այժմ ընդ հուպ։ զուր մարգարէանան ձեզ, եւ ես ոչ առաքեցի զնոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: