Երեմիայի մարգարեության մեկնություն 51։46

Սուրբ Եփրեմ Ասորի

Թող երբեք չահաբեկուեն ձեր սրտերը, մի՛ վախեցէք այն լուրերից, որ կը լսէք երկրում, որովհետեւ նոյն տարում պիտի գայ մի լուր, իսկ յաջորդ տարում՝ այլ լուր, եւ անիրաւութիւն պիտի լինի երկրում, խայտառակութիւն՝ խայտառակութեան վրայ:
   
    Այս տարի, ինչպես ասում է նա,  լսելու ենք , որ Բաբելոնը ընկել է, Բաղդասարը մահացել է, և թագավոր է դարձել Դարեհ Մեդացին, իսկ հաջորդ տարի լսելու ենք, որ Կյուրոսն է թագավոր դարձել ու, գերության դադարեցման և գերիների վերադարձի մասին, հրաման է արձակել: Նման խառնաշփոթության և ցնցումների ժամանակ աղքատներն ու անզորները ճնշվելու են հարուստների և ուժեղների կողմից, և «կառավարիչը  իշխողի դեմ է ոտքի կանգնելու», քանի որ ժողովրդի իշխաններից ոմանք հավատարիմ են մնալու պարսիկներին, իսկ մյուսները՝ քաղդեացիներին: Հետևաբար, մարգարեն նույն նպատակն ունի, ինչ մեր Տերը, երբ Վերջինս աշակերտներին խրախուսում է, որպեսզի նրանց սրտերը չվախենան Իր գալստյան վերաբերյալ լուրերից և դրան նախորդող նշաններից, և ասում է. «Եվ երբ սկսվի այս բանը լինել, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»  (Ղուկ. 21:28): Փրկությունը երբեք այնքան մոտ չէր հրեաներին, որքան այն ժամանակ, երբ նրանք մտածում էին, որ Բաբելոնի անկմամբ և կործանումով իրենք էլ կընկնեն ու կկործանվեն:
   

Ա. Լոպուխին

«Թող չնվաղի ձեր սիրտը, ու մի´ վախեցեք այն լուրից, որը լսվելու է երկրի վրա. մի տարի լուր է գալու, և ապա` այլ տարում, ու երկրի վրա բռնություն է լինելու, տիրակալը բարձրանալու է տիրակալի դեմ»։ (Սինոդական թարգմ.) [46]
   
    Իսրայելի գերությունից ազատագրումը կուղեկցվի քաղաքական ծանր ցնցումներով. տարեցտարի սարսափելի լուրեր կգան պետությունների քաղաքական կյանքում տեղի ունեցող տարատեսակ աղետների մասին: Բայց Իսրայելի համար սա միայն վերահաս ազատագրման նշան կլինի  (Մատթ. 24:6):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

------------------------------------

[46](Էջմիածին թարգմ.) Թող երբեք չահաբեկուեն ձեր սրտերը, մի՛ վախեցէք այն լուրերից, որ կը լսէք երկրում, որովհետեւ նոյն տարում պիտի գայ մի լուր, իսկ յաջորդ տարում՝ այլ լուր, եւ անիրաւութիւն պիտի լինի երկրում, խայտառակութիւն՝ խայտառակութեան վրայ:
(Արարատ թարգմ.) Եվ թող ձեր սիրտը չնվաղի, ու չվախենաք երկրում լուրը լսելիս. որովհետև մի տարի լուր է գալու, և ապա այլ տարում՝ մի լուր, և բռնություն՝ երկրում. իշխանավորն իշխանավորի դեմ։
(Գրաբար) Մի երբէք զանգիտիցեն սիրտք ձեր. եւ մի երկնչիք ի համբաւաց զոր լսիցէք յերկրին. զի ի նմին տարւոջ մտցէ լուրն, եւ յետ այնր տարւոյ՝ այլ լուր, եւ անիրաւութիւն յերկրին. առակ ի վերայ առակի։