Երեմիայի մարգարեության մեկնություն 8:19

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Ահա եւ իմ ժողովրդի դստեր գոյժի ձայնը լսւում է հեռաւոր երկրից. «Միթէ Տէրը Սիոնում չէ՞, կամ այնտեղ թագաւոր չկա՞յ»: «Ինչո՞ւ ինձ բարկացրին իրենց կուռքերով ու սնոտի աստուածներով»:
 
  Պատկերացրե՛ք Երուսաղեմ քաղաքի ողբն ու լացը թշնամիների մուտքի ժամանակ… Կա՛մ Տերն ինքն է թագավորը, կա՛մ «Տեր»  բառը վերաբերում է Հորը, իսկ «թագավոր»–ը՝ Որդուն: Սա համապատասխանում է Սողոմոնի անվանը վերագրվող ինչ որ մեկի հետևյալ գրվածքին. «Աստուա՛ծ, դատաստանդ թագավորի՛ն տուր, և արդարությունդ՝ թագավորի որդո՛ւն» (Սաղմ. 71:1): Եվ ինչո՞ւ է Երուսաղեմից լսվող ողբի ձայնը և հենց ողբը գալիս հեռավոր երկրից. պատճառն ակնհայտ է, քանզի Տերը նրա մեջ չէ, և նրա թագավորը հեռացել է նրանից: «Տերը,— ասում է,— հեռացել է նրանցից, քանի որ Նրան՝ իրենց Տիրոջն ու Թագավորին, կռապաշտության միջոցով դրդել են զայրույթի»:
 

Ա. Լոպուխին

«Ահա, լսում եմ Իմ ժողովրդի դստեր աղաղակը հեռավոր երկրից. «Մի՞թե Տերը Սիոնում չէ, մի՞թե նրա թագավորը նրա մեջ չէ»։ «Ինչո՞ւ նրանք գրգռեցին Իմ բարկությունն իրենց կուռքերով` օտար, աննշան»։ (Սինոդական թարգմ.) [19]
 
  Ժողովուրդը մարգարեին արդեն որպես գերի տարված է ներկայանում: Նա տարակուսանքով հարցնում է. «Արդյո՞ք Տերը դադարում է Սիոնը Իր թագավորական մայրաքաղաքը համարելուց, եթե այս սուրբ քաղաքը ամայության մեջ է թողնում, իսկ դրա բնակիչներին՝ հեռավոր երկրում»: Սրան Տերը պատասխանում է, որ կատարվածի համար հրեաներն իրենք են մեղավոր:
 
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն՝ գլուխ 8:18
---------------------------------------
[19] (Էջմիածին թարգմ.) Ահա եւ իմ ժողովրդի դստեր գոյժի ձայնը լսւում է հեռաւոր երկրից. «Միթէ Տէրը Սիոնում չէ՞, կամ այնտեղ թագաւոր չկա՞յ»: «Ինչո՞ւ ինձ բարկացրին իրենց կուռքերով ու սնոտի աստուածներով»:
(Արարատ թարգմ.)
Լսե՛ք իմ ժողովրդի դստեր կանչի ձայնը հեռավոր երկրից. «Տերը Սիոնում չէ՞, նրա թագավորը նրա մեջ չէ՞»։ «Ինչո՞ւ իմ բարկությունը գրգռեցին իրենց քանդակած կուռքերով և իրենց օտար ունայնություններով»։
(Գրաբար)
Ահա ձայն գուժի դստեր ժողովրդեան իմոյ յերկրէ հեռաստանէ. միթէ Տէր ո՞չ գուցէ ի Սիովն. կամ թագաւոր անդ՝ ո՞չ իցէ. ընդէ՞ր բարկացուցին զիս դրաւշելովք իւրեանց, եւ սնոտւովք աւտարոտւովք։