Ա․ Լոպուխին
26-28. «Ինչպես որ գողը, երբ նրան բռնում են, խայտառակվում է, նույնպես և իրեն խայտառակեց Իսրայելի տունը. նրանք՝ իրենց թագավորները, իրենց իշխանները և նրանց քահանաներն ու նրանց մարգարեները»: [26] «Փայտին ասելով` «Դու իմ հայրն ես», և քարին` «Դու ծնեցիր ինձ»։ Որովհետև նրանք իրենց մեջքը դարձրին դեպի Ինձ, և ոչ թե երեսը. իսկ իրենց ձախորդության ժամանակ կասեն. «Վե՛ր կաց և փրկի՛ր մեզ»»։ «Ո՞ւր են քո աստվածները, որոնք դու պատրաստեցիր քեզ համար. թող նրանք վեր կենան, եթե կարող են ազատել քեզ քո ձախորդության ժամանակ. որովհետև դու ինչքան քաղաք որ ունես, այդքան էլ աստվածներ ունես, Հուդա՛»։ (Սինոդական թարգ․)
Այստեղ մարգարեն Իսրայելի ժողովրդին համեմատում է հանցագործության վայրում բռնված և իրեն արդարացնելու համար ոչինչ չունեցող գողի հետ։ Իսրայելացիները նույնպիսի ամոթ պետք է զգան իրենց սպասվող աղետների ժամանակ։ Նրանք ապարդյուն կերպով պիտի դիմեն իրենց կողմից ամենուր դրված կուռքերին․ դրանք նրանց չեն օգնելու։
«Ծառ»–ը Աշեր աստվածուհու պատվին կանգնեցված փայտե սյուն է։ «Քար»–ը Բահաղի պատվին կանգնեցված քարե սյուն է (Ովսե․ 3։4, 10։13)։ Եբրայեցիները նրանց հարգալից՝ «հայր», «մայր» անուններով էին դիմում՝ մոռանալով, որ իրենք մեկ Հայր ունեն՝ Տերը (Բ Օր․ 33։6)։
Երեմիա․ 2։29−37−րդ համարների մասին։ Աստված հավատուրացության և անիրավության համար շարունակում է դատապարտել Իսրայելին․ հատկապես այն բանի համար է պարսավում, որ նա, իր ձեռքերը արյունոտելով, չի ընդունում իր մեղավորությունը։ Ընդ որում՝ Իսրայելին ցույց է տրվում, որ Եգիպտոսի օգնությանն ապավինելն ամբողջովին անհիմն է։
--------------------------------
[26] (Էջմիածին թարգ․) «Ինչպէս որ կ՚ամաչի գողը, երբ բռնուի, այնպէս էլ պիտի ամաչեն իսրայէլացիները, իրենք, իրենց թագաւորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարէները:
(Արարատ թարգ․) Ինչպես որ ամաչում է գողը, երբ որ բռնվում է, նույնպես և ամաչելու են Իսրայելի տունը, նրանք՝ իրենց թագավորները, իրենց իշխանները և նրանց քահանաներն ու նրանց մարգարեները,
(Գրաբար) Որպէս ամաչիցէ գող յորժամ ըմբռնիցի, այնպէս ամաչեսցեն որդիքն Իսրայէլի, ինքեանք եւ թագաւորք իւրեանց, եւ իշխանք իւրեանց, քահանայք իւրեանց, եւ մարգարէք իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: