Ովսեեի մարգարեության մեկնություն 3:4

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Քանզի Իսրայելի որդիները երկար ժամանակ կմնան առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերության և առանց զոհասեղանի, առանց եփուդի և թերափիմի։ (Սինոդական թարգ․) [4]
   
    4−րդ համարում տրվում է մարգարեի խորհրդանշական գործողության բացատրությունը։ Գոմերի նմանությամբ Իսրայելը գերության ժամանակ կզրկվի պետական իշխանությունից և Տեր Աստծուն ծառայելուց ու միևնույն ժամանակ նա զզվանքով կհեռանա կուռքերից։

       «Առանց զոհասեղանի»․ եբրայերեն «mazzebah» բառը «nazab»՝ «դնել», արմատից է, որը նշանակում է սյուն, արձան, քարերից պարաստված կոթող։ Այդպիսի սյուներ հեթանոսների մոտ կանգնեցվում էին՝ ի պատիվ Բահաղի (Ելք․ 23։24, Դ Թագ․ 3։2), իսկ հրեաների մոտ նվիրվում էին Տեր Աստծուն (Ծննդ․ 28։18, 22, 35։14)։  Քանանացիների շրջանում նմանատիպ սյուների օգտագործման պատճառով՝ Մովսեսի օրենքով «mazzeboth» դրանք արգելվեցին (Ելք․ 23։24, 34։13, Ղևտ. 26։1, Բ Օր․ 7։5 և այլն)։ Սակայն, այդուհանդերձ, դրանք լայնորեն տարածված էին ինչպես Իսրայելի ժողովրդի մոտ, այնպես էլ Հուդայի թագավորությունում (Գ Թագ․ 14։23, Դ Թագ․ 17։10, 18, 4 և այլն)։

    «Եփուդի և թերափիմի» (սլավոներեն՝ «առանց քահանայության, առանց հայտնությունների»)․«Եփուդը» քահանայապետական վերնազգեստն է, որի վրա հագցվում էր լանջապանակը՝ ուրիմի և թումիմի հետ միասին։ Թերափիմներ»−ը՝ մարդակերպ արձաններ էին, որոնք պատկերում էին տնային աստվածներին։

    «Թերափիմները համարվում էին աստված−գուշակներ, որոնց ժողովուրդը դիմում էր ապագայի գուշակության համար  (Զաք․ 10։2, Դատ․ 17:1)։ Յոթանասնիցում եբրայերեն «թերափիմ» բառը հասկացել են որպես ուրիմի և թումիմի մասին մատնանշում, և այդ պատճառով էլ թարգմանել են որպես «δήλοι» (սլավոներեն՝  «հայտնություն»)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Արդարեւ, շատ օրեր իսրայէլացիները կը նստեն առանց թագաւորի, առանց իշխանի, առանց զոհաբերութեան, առանց սեղանի, առանց քահանայութեան եւ առանց յայտնութիւնների:
(Արարատ թարգ․) Որովհետև Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհի և առանց կոթողի, առանց եփուդի և թերափիմի։
(Գրաբար)Զի աւո՛ւրս բազումս նստցին որդիքն Իսրայէլի առա՛նց թագաւորի՝ և առանց իշխանի՝ և առանց պատարագաց՝ և առանց սեղանոյ՝ և առանց քահանայութեան՝ և առանց յայտնութեանց։