Ա. Պ. Լոպուխին (†1904)
Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան և կփնտրեն իրենց Տեր Աստծուն և իրենց թագավոր Դավթին և վերջին օրերին կխոնարհվեն Տիրոջ և Նրա բարության առաջ։ (Սինոդական թարգ․) [5]
Մարգարեն խոսում է Իսրայելին պատժելու հետևանքների մասին։ Ինչպես որ Տեր Աստծուց հեռանալն ուղեկցվեց Իսրայելի՝ Դավթի տնից անջատվելով, այնպես էլ Տեր Աստծուն դառնալը կուղեկցվի Դավթի տան հետ վերամիավորմամբ։
«Վերջին օրերին» խոսքերը, որոնք մարգարեական խոսքում սովորաբար մատնացույց են անում մեսիական ժամանակաշրջանը (Ես․ 2։2, Եզեկ․ 38։8, Երեմ․ 30։24 և այլն),
ցույց են տալիս, որ Դավթի անվան ներքո մարգարեն նկատի ունի ոչ թե Դավթի թագավորական սերունդը, այլ վերջինիս մեծագույն հետնորդին՝ Փրկչին (սլավ․՝ «կզորանան Տիրոջով», հունարեն «ἐκστήσονται» արտահայտությունը նշանակում է «կերկնչեն, կդողան Տիրոջ առջև»)։
Առաջին երեք գլուխները բովանդակում են մարգարեի խորհրդանշական գործողության նկարագրությունը։ Կատարվե՞լ է արդյոք այդ գործողությունը։ Այս հարցի շուրջ մեկնողական գրականության մեջ երեք կարծիք կա։ Մեկնիչներից ոմանք մարգարեի այս պատմությունը համարում են որպես հայտնի ճշմարտությունն արտահայտելու համար օգտագործված գրական հնարք, առակ կամ էլ այլաբանություն։ Մյուսները կարծում են, թե առաջին երեք գլուխները նկարագրում են այն, ինչը մարգարեն ապրել է միայն հոգով, հոգևոր տեսությամբ, կամ էլ տեսիլքում։ Վերջապես, երրորդ խմբին պատկանող մեկնիչները ենթադրում են, որ մարգարեն պատմում է տեղի ունեցած իրական փաստերի և խորհրդանշական գործողությունների մասին։
Առաջին այլաբանական ըմբռնումը պաշտպանում են քիչ թե շատ հայտնի մեկնիչներ Ռոզենմյուլլերը, Հիտցիգը, Վյունշեն, Գոոնակերը, իսկ ռուսներից՝ Սմիրնովը։ Երկրորդ (տեսիլքային) ըմբռնումն արտահայտել է երանելի Հերոնիմոսը, իսկ այնուհետև այն կիսել է ամբողջ որոգինեսյան դպրոցը, հրեա մեկնիչները, իսկ նոր շրջանում՝ Հենգստենբերգը և Քեյլը։ Երրորդը՝ իրատեսականը, հնագույն ժամանակներում պաշտպանել են սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին, երանելի Թեոդորոս Կյուրացին, իսկ նոր ժամանակներում՝ Կուրցը, Շեգգը, Նովակը, Չեյնը և այլք, ռուս մեկնաբաններից՝ եպիսկոպոս Պալլադիոսը, Բրոդովիչը և Յավորսկին։
Ովսեեի գրքի դիտարկվող գլուխների տեսիլքային ըմբռնումը ներկա ժամանակաշրջանում պաշտպաններ չունի և առանց երկմտանքի կարող է մերժվել, քանի որ հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում մարգարեի ներքին խորն ապրումներն իր տեսիլքի նկարագրության հետ։
Ավելի դժվար է ընտրություն կատարել առաջին երեք գլուխների այլաբանական և իրատեսական ըմբռնումների միջև, քանի որ դրանցից յուրաքանչյուրը մարգարեի կարճ պատմության մեջ կարող է իր համար ավել կամ պակաս ամուր հիմքեր ունենալ։ Իրատեսական մեկնաբանության օգտին, որն ընդունված է մեր գրականության մեջ (Բրոդովիչ, Յավորսկի), սովորաբար բերվում են հետևյալ կարևոր հիմնավորումները․
1․ Մարգարեն ոչ մի տեղ չի նշում, թե ինքն առակ է պատմում, այլ ոչ թե իրական իրադարձությունների պատմություն անում։ Առաջին գլխի 2, 3, 6, 8, և երրորդ գլխի առաջին երեք համարները բավարար իմաստ են ստանում միայն բառացի մեկնության դեպքում։
2․ Եթե ընդունենք, որ առաջին երեք գլուխներում մարգարեն առակ է ներկայացնում, իսկ իրականում նա կա՛մ ընդհանրապես ամուսնացած չի եղել, կա՛մ էլ նրա ամուսնությունը երջանիկ է եղել, ապա իր մասին մարգարեի պատմությունը, որը չէր համապատասխանում իրականությանը, լսողների վրա պիտի տարօրինակ տպավորություն թողներ, և միայն տարակուսանք առաջացներ։
3․ Բառացի մեկնության օգտին կարելի է մատնանշել նաև այն, որ գլխավոր գործող անձի՝ Գոմերի անունը, այլաբանորեն չի կարող մեկնաբանվել։ Եթե առաջին երեք գլուխները առակ կամ էլ մտացածին պատմություն լինեին, ապա բնական կլիներ ակնկալել, որ գլխավոր գործող անձը խորհրդանշական անուն կրեր, որն իր նշանակությամբ հստակորեն կհամապատասխաներ առակի նպատակին։ Իրենց հերթին, մեկնիչներն այլաբանորեն, ոչ առանց բավարար հիմքերի, հոգուտ իրենց մեկնության, կարող են առաջ քաշել հետևյալը․
1․ Պատմության ձևն ինքնին չի խոսում այն մասին, որ առաջին երեք գլուխներում նկարագրվածն իրական կյանքում կատարվել է մարգարեի կողմից, քանի որ, անկասկած, ոչ բոլոր խորհրդանշական գործողություններն են կատարվել (Երեմ․ 25։15, 13):
2. Եթե առաջին գլուխը մեկնաբանենք որպես պատմական իրողության նկարագրություն, ապա հոգեբանորեն անհասկանալի է մարգարեի կողմից Աստծու հրամանի կատարումը: Տարօրինակ է ենթադրել, թե ամուսնանալիս մարգարեն պետք է առաջնորդվեր այն կանխատեսությամբ, որ հենց այդ ծանոթ կինը պիտի պոռնիկ դառնար և անօրինական զավակներ ունենար:
3. Եթե 1-3 գլուխներն ընկալենք այլաբանորեն, ապա որոշ մանրամասների անհամապատասխանությունն իրական կյանքի հետ չի կարող տարակուսանք առաջացնել, քանի որ առակի կամ այլաբանության մեջ իրականությունից շեղումները լիովին հնարավոր են։
4. Եթե ընդունենք առաջին երեք գլուխները որպես առակ, ապա մարգարեի քարոզը կդիտվի որպես մեկ ամբողջություն, իսկ եթե դիտարկվող գլուխներում խոսքը մարգարեի կյանքի իրական փաստերի մասին է, ապա նրա քարոզը կբաժանվի առանձին դրվագների շարքի, որոնք ժամանակային առումով նշանակալիորեն տարանջատված են միմյանցից, այսինքն պատումը զրկվում է ամբողջականությունից և տպավորիչ լինելու զորությունից։
Ովսեե մարգարեի պատմության հակիրճ լինելու և առաջին երեք գլուխներում եղած բազում արտահայտությունների վիճահարույց լինելու պատճառով, դժվար է հստակ նախապատվություն տալ վերոնշյալ երկու մեկնություններից որևէ մեկին։ Սակայն առաջին երեք գլուխները մենք կպարզապանենք այլաբանորեն, թե դրանք կհամարենք մարգարեի կյանքի իրական փաստերի նկարագրություն, երկու դեպքում էլ մարգարեի կանխատեսումների և մերկացումների ընդհանուր իմաստը պարզ է և մնում է անփոփոխ։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Դրանից յետոյ իսրայէլացիները կը դառնան եւ կը փնտռեն իրենց Տէր Աստծուն ու իրենց Դաւիթ արքային. կը զօրանան Տիրոջով եւ նրա բարութիւններով՝ վերջին օրերին:
(Արարատ թարգ․) Ապա Իսրայելի որդիները պիտի դառնան և փնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց Դավիթ թագավորին, դողալով պիտի մոտենան Տիրոջը և նրա բարությանը՝ վերջին օրերին։
(Գրաբար) Եւ յետ այնորիկ դարձցին որդիքն Իսրայէլի, և խնդրեսցեն զՏէր Աստուած իւրեանց, և զԴաւիթ արքա՛յ իւրեանց. և զօրասցին ի Տէր՝ և ի բարութիւնս նորա յաւո՛ւրս կատարածի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: