Ովսեեի մարգարեության մեկնություն 1:2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Տիրոջ խոսքի սկիզբը Ովսեեին։ Եվ Տերն ասաց Ովսեեին. «Գնա՛, քեզ համար ա՛ռ պոռնիկ կին և պոռնկության որդիներ, որովհետև այս երկիրը խիստ պոռնկանում է՝ հեռանալով Տիրոջից»: (Սինոդական թարգ․) [2]
   
    «Տիրոջ խոսքի սկիզբը Ովսեեին»: Ինչպես ենթադրվում է, այս նախաբանը, վերաբերում է Ովսեեի գրքի առաջին երեք գլուխներին։ 2−րդ համարի երկրորդ կեսից սկսվում է խորհրդանշական գործողության նկարագրությունը։ Այս խորհրդանշական գործողության մեջ (այս մասին ընթերցի՛ր նաև 3−րդ գլխի մեկնաբանությունը) մարգարեն պատկերում է Տեր Աստծուն, պոռնիկ Գոմերին, այսինքն Իսրայելի ժողովրդին, պոռնիկի որդիներին, այսինքն մարգարեի ժամանակի Իսրայելի սերնդին։ Գոմերի մեղավոր կյանքը Իսրայելի կռապաշտ կյանքի պատկերն է, իսկ նրա որդիների խորհրդանշական անունները՝ Իսրայելի ժողովրդի ապագայի կանխատեսումը։
   Իսրայելի ժողովրդի չափից դուրս պոռնկանալը պատկերելու համար է Ովսեեն Տիրոջից պոռնիկ կին (escheth senunim) և պոռնկության որդիներ (jaldej senunim) առնելու հրաման ստանում։ Աստվածաշնչյան լեզվում «կին վերցնել» («akach ischsich») արտահայտությունը նշանակում է ամուսնանալ (Ծննդ․ 4։19, 6։2, 19։14, 25։1)։ Այսպիսով, մարգարեին պարզապես չի հրամայվում կնոջը տուն տանել (օրինակ՝ նրան ուղղելու նպատակով) կամ նրա հետ մարմնական հարաբերության մեջ մտնել, այլ նրա հետ օրինական ամուսնություն հաստատել։
   Կինը, որ մարգարեին հրամայվում է վերցնել, կոչվում է «escheth senunim»՝ «պոռնկությունների կին», այսինքն՝ ամբողջովին պոռնկությանը տրված։ Թեև «sanun»՝ «պոռնկություն» բառն Աստվածաշնչում, մասնավորապես Ովսեե մարգարեի մոտ, հաճախ գործածվում է փոխաբերական իմաստով և նշանակում է կռապաշտություն (Ովս. 2։2, 4, 5, 3։1, 4։2,10,11−15), սակայն դիտարկվող համարում, ինչպես պարզ երևում է համատեքստից, մարգարեն խոսում է պոռնկության մասին բառի բուն իմաստով։
   Շատ մեկնիչներ (Հիտցիդ, Հենգստենբերգ, Գոոնակեր) ենթադրում են, որ կինն այստեղ պոռնիկ է կոչվում ոչ թե իր անցյալի, այլ ապագայում մարգարեի հանդեպ իր անհավատարմության պատճառով։
    «Եվ պոռնկության որդիներ» (vejaldej senunim)։ Ո՞ր պոռնկության որդիների մասին է խոսքը։ Մարգարեի արտահայտվելու կերպը (գնա՛... ա՛ռ) կարծես թե խոսում է այն մասին, որ պոռնկության որդիները Գոմերի մինչամուսնական շրջանում ունեցած որդիներն են, որոնք տարբերվում են այն երեխաներից, որոնք հետո են հիշատակվում (Հեզրայել, Լո-Ռուհամա, Լո-Ամմի)։ Այսպիսով, մարգարեն այս երեխաներին վերցնելու հրաման է ստանում՝ հավանաբար նրանց իրենը համարելով և որդեգրելով:
Սակայն ըստ մեկնիչների մեծամասնության (սուրբ Եփրեմ Ասորի, երանելի Թեոդորոս Կյուրացի, Հենգստենբերգ, Նովակ)՝ 2−րդ համարում նկատի են առնվում մարգարեի ապագա որդիները, որոնց անունները տրվում են հաջորդիվ՝ 3−րդ, 6−րդ ու 8−րդ համարներում, և որոնք ծնվում են մարգարեի հետ Գոմերի ամուսնությունից հետո։ Նրանք պոռնկության որդիներ են կոչվում կա՛մ Գոմերի ամուսնական անհավատարմության պտուղներ լինելու, կա՛մ էլ իրենց անձնական բարոյական այլասերվածության պատճառով։ Այսպիսով, 2−րդ համարում Գոմերի և նրա զավակների բնութագրումը կատարվում է նրանց ապագայի կանխատեսման հիման վրա։
   «Քանի որ այս երկիրը խիստ պոռնկանում է՝ հեռանալով Տիրոջից»։ Մարգարեն նկատի ունի միմիայն տասը ցեղերից կազմված թագավորությունը, քանի որ ըստ 7−րդ համարի՝ հատկապես նրան է սպասվում պատիժ պոռնկության համար։ Իսկ «պոռնկություն» ասելով՝ մարգարեն նկատի ունի կռապաշտությունը:

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Օսէէին տրուած Տիրոջ խօսքի սկիզբը: Տէրը ասաց Օսէէին. «Դու գնա՛ եւ քեզ համար մի պոռնիկ կին ա՛ռ եւ պոռնկութեան որդիներ, որովհետեւ երկիրը չափից դուրս պիտի պոռնկանայ Տիրոջ դէմ»:
(Արարատ թարգ․) Երբ սկզբում Տերը Ովսեեի հետ խոսեց, Տերն Ովսեեին ասաց. «Գնա՛, քեզ համար պոռնկաբարո մի կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը հույժ պոռնկացել է՝ Տիրոջից հեռանալով»։
(Գրաբար) Սկիզբն բանից Տեառն առ Ովսէէ։ Եւ ասէ Տէր ցՈվսէէ. Գնա ա՛ռ դու քեզ կին պոռնկութեան, և որդի՛ս պոռնկութեան. զի պոռնկելով պոռնկեսցի երկիր ի Տեառնէ։