Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
12-14․«Եվ պիտի ողբա երկիրը, յուրաքանչյուր ցեղ՝ առանձին. Դավթի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին. Նաթանի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին» [12] «Ղևիի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին. Սիմեոնի ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։ «Բոլոր մնացած ցեղերը՝ յուրաքանչյուրն առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։ (Սինոդական թարգ․)
Ողբը պիտի լինի մեծ և համընդհանուր. պիտի ողբան բոլոր ցեղերը, տղամարդիկ լաց պիտի լինեն կանանցից ոչ պակաս: Սյումմաքոսի մոտ ու Վիեննական կանոնում 13−րդ համարը հետևյալ կերպ է ընթերցվում. «և պիտի ողբա երկիրը, յուրաքանչյուր ցեղ՝ առանձին… Ղևիի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Սիմեոնի ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին». այսպես է նաև սլավոներեն, ասորերեն և Յոթանասնից թարգմանություններում, այսինքն՝ կարծես թե այս համարում առկա է Հակոբի որդու եբրայերեն անվանումը, որը նահապետի օրհնությամբ զուգադրվում է Ղևիի հետ (տե՛ս Ծննդ. 49:5): Մինչդեռ մասորեթական տեքստը, Թարգումը, Վուլգաթան և Լյութերն այստեղ ունեն մի անվանում, որը հիշեցնում է «Schim'on» անունը, սակայն տարբերվում է դրանից (այս անվանումը «Schim'i» ձևով է)։ Այն վերագրվում է մեկ այլ անձի` Ղևիի թոռանը` Գերսոնի որդուն (Ելք 6:17, Սյումմաքոսի մոտ` «Սեմեի»): Այսպիսով, մարգարեն հիշատակում է թագավորական և քահանայական տների գլխավոր նահապետերին և յուրաքանչյուր ցեղի մեկական ճյուղավորումներին (Keil. Op. cit. S. 640; Reinke. Op. cit. S. 237–239):
Յոթանասնիցի ընթերցման համաձայն՝ հնագույն շրջանի մեկնիչներից սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 191) և երանելի Հերոնիմոսը (էջ 118) այստեղ հասկանում են Հակոբի որդի Սիմեոնին, իսկ 12−րդ համարի Նաթան անվան ներքո` այդ նույն անունով մարգարեին՝ Դավթի ժամանակակցին, այլ ոչ թե նրա որդուն: Նույնպես և Հերոնիմոսը (թեև նրա մոտ ընդունված է անվան այն ձևը, որը համապատասխանում է եբրայական բնագրին), այս հատվածը մեկնում է տասներկու ցեղերից մեկի նախահոր վերաբերմամբ՝ հավանաբար հետևելով Ծննդոց 49-րդ գլխի Երուսաղեմյան Թարգումի այն դիտարկմանը, որը Սիմեոնին ներկայացնում է որպես «օրենքին քաջատեղյակ և գիտակ մարդկանց» նախահայր (էջ 155, Կյուրեղ, էջ 191, Ռեյնկե, էջ 237)։ Սուրբ Եփրեմն իր համառոտ մեկնության պատճառով չի անդրադառնում Սիմեոն-Սիմե անձի նույնացման հարցին:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Պիտի հեկեկայ երկիրը՝ ամէն մի ազգատոհմ՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, Դաւթի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, Նաթանի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին,
(Արարատ թարգ․) Եվ երկիրը պիտի սգա, ամեն ազգատոհմ՝ առանձին. Դավթի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին. Նաթանի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին,
(Գրաբար) եւ կոծեսցի երկիր ըստ ազգս ազգաց առանձինն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: