Զաքարիայի մարգարեության մեկնություն 13։2

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ պիտի լինի այն օրը, - ասում է Զորությունների Տերը, - Ես պիտի ջնջեմ կուռքերի անուններն այս երկրից, և դրանք այլևս չեն հիշատակվի. նաև սուտ մարգարեներին ու պիղծ ոգուն պիտի վերացնեմ երկրից»։ (Սինոդական թարգ․) [2]
   
    Մեղքն ու պղծությունը հրեաների մեջ պահպանվում էին հիմնականում կռապաշտությանը կապվածությամբ և պիղծ ոգուց ներշնչվող սուտ մարգարեների գործունեությամբ (Գ Թագ. 22:19−23): Այսուհետ անգամ կուռքերի անունները պիտի մոռացվեն, այսինքն` կռապաշտությունն իսպառ պիտի վերանա. սուտ մարգարեներն այլևս չեն հայտնվի ընտրյալ ժողովրդի մեջ, իսկ պիղծ ոգու գործունեությունը պիտի կաթվածահար լինի (տե՛ս սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 194): Զաքարիայի՝ որպես «մարգարեների կնիք» հանդիսացող Մաղաքիայի նախորդի մոտ, Զաք. 13:2 և հաջորդ համարներում կարելի է ակնարկ տեսնել Իսրայելում մարգարեության դադարեցման մոտալուտ լինելու մասին: Այստեղ, ակնհայտորեն, խոսքը սուտ մարգարեների մասին է. սակայն արդեն իսկ առանց որևէ կոնկրետացման «nethi'im» բառի կիրառությունը որոշ մեկնիչների կարծիքով վկայում է այն մասին, որ Զաքարիան նկատի ունի այն ժամանակը, երբ միայն սուտ մարգարեներ են լինելու (Keil. Op. cit. S. 642-643; ZATW. 1881, S. 90–91; Smith. P. 484; Marti. Op. cit. S. 449; И. Kорсунский. Иудейское толкование Ветхого Завета. М., 1882. С. 88–89)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Այն օրը Տէրը պիտի վերացնի կուռքերի անունները երկրից, նրանք այլեւս չպիտի յիշուեն. պիտի վերացնի երկրից սուտ մարգարէներին եւ պիղծ ոգիներին,
(Արարատ թարգ․) «Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- կուռքերի անունները պիտի ջնջեմ երկրից, և այլևս չպիտի հիշվեն։ Եվ մարգարեներին էլ և անմաքուր հոգին պիտի վերացնեմ երկրից։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ բարձցէ Տէր զանուանս կռոց յերկրէ, եւ ոչ եւս եղիցի յիշատակ նոցա, եւ զսուտ մարգարէսն՝ եւ զայսս պիղծս բարձից յերկրէ։