Զաքարիայի մարգարեության մեկնություն 14։16

Ա․ Լոպուխին

«Բոլոր նրանք, ովքեր մնացած կլինեն Երուսաղեմի դեմ պատերազմած ազգերից, ամեն տարի պիտի գան երկրպագելու Թագավորին` Զորությունների Տիրոջը, պիտի գան Տաղավարահարաց տոնը տոնելու»: (Սինոդական թարգ․) [16]
   
   Բայց ինչպես Հովվին չհնազանդվող ոչխարների ոչնչացումից հետո է Իսրայելում մնացորդ մնում, որը հետագայում փորձվում և մաքրվում է այն բանի համար, որպեսզի իրապես դառնան Աստծո ժողովուրդը, այդպես էլ նկարագրված աղետներից փրկված ու, ակներևաբար, իրենց մտածելակերպը փոխած հեթանոսներն են Ճշմարիտ Աստծուն երկրպագողներ դառնալու, Ում խոստովանում են որպես Տեր և Թագավոր: Տիրոջը երկրպագելու և Տաղավարահարաց տոնը տոնախմբելու համար նրանք ամեն տարի Երուսաղեմ են գալու: Այս տոնը առանձնահատուկ նշանակություն ուներ Իսրայելի համար [և տոնվում էր] որպես երախտապարտ հիշողություն այն բանի մասին, թե ինչպես է անապատում թափառումների ժամանակ Տերը հրաշալիորեն կերակրել ու պաշտպանել Իր ժողովրդին, որից հետո նրանց առաջնորդել է ամեն տեսակ բարիքներով լի մի երկիր: Այս տոնը նաև բերքահավաքի ավարտին Աստծուն մատուցվող ամենամյա երախտագիտության իմաստն ուներ, ինչն էլ լիովին համահունչ է այս հատվածի խոսքի համատեքստին:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Բոլոր նրանք, ովքեր մնացած կը լինեն Երուսաղէմի դէմ պատերազմած ազգերից, ամէն տարի պիտի գան երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը, պիտի գան Տաղաւարահարաց տօնը տօնելու:
(Արարատ թարգ․) Եվ այն բոլոր ազգերից մնացածները, որոնք եկել էին Երուսաղեմի դեմ, ամեն տարի պիտի բարձրանան Թագավորին՝ Զորքերի Տիրոջը երկրպագելու և տաղավարների տոնը կատարելու։
(Գրաբար) Եւ եղիցին որ միանգամ մնասցեն յամենայն ազգաց եկելոցն ի վերայ Երուսաղէմի, ելանիցեն ամ յամէ երկիր պագանել թագաւորին Տեառն Աստուծոյ ամենակալի, եւ առնել զտաւն տաղաւարահարացն։