Զաքարիայի մարգարեության մեկնություն 9։2

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ նաև Եմաթի վրա, որը սահմանակից է նրան, Տյուրոսի ու Սիդոնի վրա, որովհետև նա շատ իմաստնացավ»։ (Սինոդական թարգ․) [2]
   
   Աստծու խոսքի ծանրությունն ընկնում է նաև ասորական Եմաթ մեծ քաղաքի վրա (Օրոնտես գետի ափին), որի տարածքը սահմանակից էր Դամասկոսի շրջանին: Ասորեստանի գլխավոր քաղաքների` Դամասկոսի ու Եմաթի անունները հիշատակելուց հետո մարգարեն անդրադառնում է նաև Փյունիկիայի ամենակարևոր քաղաքներին` Տյուրոսին ու Սիդոնին: «Նա (Տյուրոսը) շատ իմաստնացավ», սակայն՝ «այն հպարտ և կույր աշխարհիկ իմաստությամբ, որը խլում է Աստծու փառքն ու չգիտի, թե ինչի մեջ է մարդու և ազգերի ճշմարիտ զորությունը»:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) նաեւ Եմաթի երկիրը, որ սահմանակից է նրան, Տիւրոսը եւ Սիդոնը, որոնք խիստ արհամարհեցին իրեն:
(Արարատ թարգ․) Եվ Եմաթին ևս, որ սահմանակից է նրան, նաև Տյուրոսին ու Սիդոնին, որովհետև շատ խոհեմ են։
(Գրաբար) Եւ Յեմաթ ի սահմանս նորա. Տիւրոս եւ Սիդոն՝ զի արհամարհեցին յոյժ։