Ա․ Լոպուխին
Գավթի և զոհասեղանի միջև թող լաց լինեն քահանաները՝ Տիրոջ ծառայողները, և ասեն. «Խնայի՜ր, Տե՜ր, քո ժողովրդին, մի՛ մատնիր Քո ժառանգությունը նախատինքի, որպեսզի չծաղրեն նրանց ժողովուրդները, որի համար կասեն ազգերի մեջ. «Ո՞ւր է նրանց Աստվածը»: (Սինոդական թարգ․)[17]
«Գավթի («ուլամ−улам») և զոհասեղանի միջև» (սլավոներեն՝ «զոհասեղանի աստիճանների միջև»): «Ուլամ−улам» բառով էր կոչվում Տաճարի արևելյան կողմում գտնվող և դեպի սրբարանի գավիթը տանող 20 կանգուն (մոտ 9 մետր) երկարությամբ, 20 կանգուն բարձրությամբ և 10 կանգուն (մոտ 4,5 մետր) լայնությամբ կցակառույցը (Գ Թագ. 6:3): Տաճարի հաջորդ հատվածում՝ քահանաների ներքին գավթում (Գ Թագ. 6:36, Բ Մնաց. 4:9) էր զոհասեղանը, որի դիմաց պետք է կանգնեին քահանաները: «Մի՛ մատնիր Քո ժառանգությունը նախատինքի և այլն»։ Խոսքը ոչ թե հեթանոս ազգերին Իսրայելի ստրկացման մասին է, ինչպես ենթադրում են Հովելի գրքի այլաբանական մեկնության պաշտպանները, այլ ընդհանրապես երկրի աղետալի վիճակի, որը կարող է հեթանոս ազգերին ծաղրի առիթ տալ:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․)Աստիճանների ու խորանի միջեւ Տիրոջ քահանաներն ու պաշտօնեաները լաց կը լինեն եւ կ՚ասեն. «Խնայի՛ր, Տէ՛ր, քո ժողովրդին, եւ քո ժառանգութիւնը նախատինքի մի՛ ենթարկիր, որ ազգերը տիրեն նրան, որպէսզի հեթանոսները չասեն, թէ՝ «Ո՞ւր է նրանց Աստուածը»»:
(Արարատ թարգ․)Գավթի և զոհասեղանի մեջտեղում թող լացեն քահանաները՝ Տիրոջը ծառայողները, և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, ազգերի արհամարհանքի առարկա. ինչո՞ւ ժողովուրդների մեջ ասեն. Ո՞ւր է նրանց Աստվածը»։
(Գրաբար)Ընդ աստիճանս և ընդ սեղանն լացցեն քահանայք և պաշտօնեայք Տեառն, և ասասցեն. Խնայեա՛ Տէր ի ժողովուրդս քո, և մի՛ տար զժառանգութիւն քո ի նախատինս տիրե՛լ ի վերայ նորա ազգաց. զի մի՛ ասասցեն ի հեթանոսս՝ թէ ո՛ւր է Աստուած նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: