Հովնանի մարգարեության մեկնություն 1:11

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ հետ, որ ծովը հանդարտվի մեզ համար», որովհետև ծովը չէր դադարում ալեկոծվել»: (Սինոդական թարգ․)[11]
   
   «Եվ ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ հետ, որ ծովը հանդարտվի մեզ համար». սովորական դեպքերում նավաստիները, անշուշտ, գիտեին, թե ինչ պետք է անել այն մարդու հետ, որն առաջացրել էր աստվածների բարկությունն ու մեծ աղետի պատճառ դարձել, սակայն դեպքն առանձնահատուկ էր: Նրանց առջև կանգնած էր ոչ թե մի մեծ մեղավոր, այլ Աստծու ընտրյալը, թեև Աստծու առաջ իր վրա ծանր մեղք վերցրած մեկը, սակայն նավաստիները դժվար թե կարողանային դա հստակ գիտակցել (տե՛ս 14−րդ համարը): Նրանց պատժող Տեր Աստվածը բացարձակապես նման չէր նրանց հեթանոս աստվածներին, ուստի նավաստիները չէին համարձակվում հեթանոս աշխարհում ընդունված միջոցներով շարժել Նրա գթությունը: Այդ պատճառով նրանք դիմեցին մարգարեին, որպեսզի նա ինքն իր համար դատաստան տեսնի և ցույց տա Տեր Աստծու գութը շարժելու ճանապարհը:

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզ հանգիստ թողնի» (քանի որ ծովն աւելի էր ալեկոծուել եւ փոթորիկ էր բարձրացնում նրանց վրայ):
(Արարատ թարգ․) Եվ նրան ասացին. «Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը մեզ համար խաղաղվի», որովհետև ծովը գնալով փոթորկվում էր։
(Գրաբար) Եւ ասեն ցնա. Զինչ արասցուք քեզ՝ եւ դադարեսցէ ծովս ի մէնջ. զի ծովն առաւել եւս խռովեալ էր եւ յարուցանէր մրրիկ ի վերայ նոցա։