Հովնանի մարգարեության մեկնություն 1:2

Ա․ Լոպուխին

«Վեʹր կաց, գնաʹ Նինվե մեծ քաղաքը ու այնտեղ քարոզիր, քանի որ նրանց չարագործությունները հասել են Ինձ»: (Սինոդական թարգ․)[2]
   
    «Վեʹր կաց, գնաʹ Նինվե»․․․ Քարոզչության նպատակով հրեական մարգարեի՝ դեպի հեթանոսական Նինվե քաղաք առաքումը հրեական մարգարեության պատմության մեջ շատերին որպես օրինակը չունեցող իրադարձություն է թվում, ինչը հակասում է մարգարեական ծառայության բուն նպատակին, որը հաստատվել է միայն հրեա ժողովրդի մեջ ճշմարիտ կրոնական կյանքը պահպանելու համար: Վերոնշյալ պատճառով այս իրադարձությունը նաև անհավանական է թվում: Չի կարելի, իհարկե, հերքել այն փաստը, որ հինկտակարանյան մարգարեների առաջնային խնդիրը «Իսրայելի տան պահապանը լինելն» էր (Եզ. 3:17)։ Սակայն, ըստ հրեա ժողովրդի առաքելության համաշխարհային նշանակություն ունենալու պարագայի, մարգարեական ծառայությունն էլ պետք է ոչ միայն ազգային, այլև համընդհանուր խնդիրներ կատարեր: Մենք էլ կարող ենք բազմաթիվ օրինակներ նշել, երբ մարգարեական խոսքն անմիջապես ուղղվում է հեթանոս ազգերին, և նրանց դարձի գալու և փրկության գործին մասնակից դառնալու կոչ է արվում (Ես. 13−24, Երեմ. 46−52, Եզ. 25−32, Ամ. 1:3−2, 3): Նման պարագայում Հովնանի Նինվե առաքման մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, երբ այլ մարգարեներ մարգարեացել են Եգիպտոսի, Եդոմի, Մովաբի, Ասորիքի, Բաբելոնի և նույնիսկ հենց Նինվեի մասին (Նավ. 1−3, Սոփ. 2:13−15):

    «Այնտե՛ղ քարոզիր, քանի որ նրանց չարագործությունները հասել են Ինձ»: Եբրայերեն «կի» մասնիկը, որն այստեղ «քանի որ» տարբերակով է թարգմանվել (սլավոներեն՝ «яко», լատիներեն՝ «quia»), ավելի հաճախ ոչ թե պատճառահետևանքային կապ է ցույց տալիս, այլ երկրորդական նախադասությունն է կապում գերադաս նախադասությանը։ Եթե տվյալ հատվածում մասնիկը նմանատիպ ընկալմամբ թարգմանվի, ապա մենք Նինվեում Հովնանի քարոզչության բովանդակության մասին մատնանշում կստանանք․ «Քարոզի՛ր, որ նրանց չարագործությունները հասել են Ինձ»: Այսպիսով՝ Նինվեում Հովնանի քարոզչությունը պետք է իր մեջ բովանդակեր ոչ միայն դրա մոտալուտ կործանման մասին լուրը, ինչպես դա կարող է ենթադրվել մարգարեության 3:4 համարից, այլ նաև քաղաքի բնակիչների չար գործերի պախարակումը, որն, անկասկած, պետք է ուղեկցվեր ապաշխարության, հետևաբար նաև փրկության կոչով: Հովնան մարգարեն հենց այսպես է ըմբռնում իր առաքելությունը, ինչի պատճառով էլ փախչում է դրանից, որպեսզի հեթանոսների փրկության ավետաբերը չլինի: Հիսուս Քրիստոսն էլ է Նինվեի բնակիչների ապաշխարությունն ու փրկությունը որպես Հովնանի մարգարեական խոսքերի պտուղ դիտում (Մատթ. 12:41): Նմանատիպ ընկալումը հաստատում է նաև այստեղ օգտագործվող եբրայերեն «կարա» բայը, որը ոչ թե ապագան կանխագուշակել է նշանակում, այլ քարոզել` այս բառի ամենալայն իմաստով․ բարձրաձայնել, հռչակել այն, ինչ պատվիրել է Աստված:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Ելի՛ր եւ գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարութեան համբաւը հասաւ ինձ»:
(Արարատ թարգ․) «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր նրա դեմ, որովհետև նրանց չարությունը իմ առաջ բարձրացավ»։
(Գրաբար) Արի եւ գնա ի Նինուէ քաղաք մեծ, եւ քարոզեսջիր անդ, զի ել աղաղակ չարութեան նորա առ իս։