Հովնանի մարգարեության մեկնություն 1:1

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին»: (Սինոդական թարգ․)[1]
   
   «Եվ եղավ» (vajehij) - այսպես են սկսվում Հին Կտակարանի բազմաթիվ գրքեր (Հես․1:1, Հռութ․ 1:1, Դատ. 1:2, Բ Թագ. 1:1 և այլն)։ Նման սկիզբ ունենալը հիմք ընդունելով՝ սխալ է ​​ենթադրել, թե Հովնան մարգարեի գիրքն ամբողջական գործ չէ, այլ ընդամենը մի հատված:

   «Տիրոջ խոսքը», որը հատկապես տրվում է մարգարեներին, Սուրբ Գրքում աստվածային հայտնության սովորական բնորոշում է (Ես. 2:1, 51:16, Երեմ. 1:1, 2:1, 7:1, Եզ․ 1:3, Ովս. 1:1, Սոփ. 1:1, Միք. 1:1, Անգ. 1:3, Զաք. 7:7 և այլն): Իսկ ինչ վերաբերում է սույն հայտնության ձևին, ապա այս պարագայում դրա վերաբերյալ որևէ նշում չկա: Աստվածաշնչի այլ տեղերի համեմատ, որտեղ գործածվում է այս արտահայտությունը, կարելի է ենթադրել, որ այդ «խոսքը» եղել է պարզ ներքին մղում, որը մարդն ընկալում է ոչ թե որպես իր սեփականը, այլ որպես դրսից եկող՝ բարձրագույն զորությունից, այսինքն՝ Աստծուց։

   Այսպիսով, քանի որ Հովնան մարգարեին տրված հայտնությունը չի ուղեկցվում արտաքին ոչ մի արտասովոր նշանով, այլ ամբողջությամբ կատարվում է նրա ներսում, ուստի հասկանալի է դառնում, թե ինչու է մարգարեն որոշում չհնազանդվել «Տիրոջ խոսքին»:

   «Ամաթիի որդի Հովնանին» (սլավոներենում՝ «Ամաթի»): Մարգարեի անունը՝ Հովնանը (ծագում է «janah» բայից՝ կրավորական իմաստով՝ «ճնշված լինել»), ըստ երանելի Հերոնիմոսի՝ նշանակում է «ճնշված, հառաչող էակ», իսկ ավելի ուշ՝ «հառաչող աղավնի»:  Նա, անկասկած, Ամաթիի որդի է կոչվում ըստ իր հոր անվան, այլ ոչ թե ունի ընդհանրական իմաստ՝ «ճշմարտության որդի» («amitai»-ն եբրայերեն նշանակում է «ճշմարտություն»), ինչպես դա բացատրվում է ռաբբիների կողմից (Դ. Քիմխի, Ի. Աբարբանալեմ): Վերջիններս նման մեկնություն են տալիս հաստատելու համար հրեական այն ավանդությունը, որը Հովնան մարգարեին նույնացնում է Սարեփթա քաղաքի այրի կնոջ որդու հետ, որին Եղիա մարգարեն հարություն էր տվել (Գ Թագ. 17:17−23):

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Ամաթի որդի Յովնանի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տիրոջ խոսքը հասավ Ամաթիի որդի Հովնանին՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ Յովնան Ամաթեայ, եւ ասէ.