Հովնանի մարգարեության մեկնություն 2:2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

2-10․ «Եվ Հովնանը կետի փորից աղոթեց իր Տեր Աստծուն»: [2] «Եվ ասաց․ «Իմ նեղության մեջ ես Տիրոջը կանչեցի, և Նա լսեց ինձ․ աղաղակեցի դժոխքի խորքից, և Դու լսեցիր իմ ձայնը»»։ «Դու ինձ նետեցիր անդունդը՝ ծովի սրտի մեջ, և հորձանքները պաշարեցին ինձ. Քո բոլոր ջրերն ու Քո ալիքներն անցան իմ վրայով»։ «Եվ ես ասացի․ «Մերժված եմ Քո աչքից, սակայն ես դարձյալ պիտի տեսնեմ Քո սուրբ տաճարը»»։ «Ջրերը պատեցին ինձ մինչև իմ հոգին, անդունդը շրջապատեց ինձ, ջրիմուռը փաթաթվեց իմ գլխին»։ «Ես մինչև լեռների հիմքերը իջա, երկիրն իր նիգերով հավիտյան փակեց ինձ. բայց Դու, իմ Տե՛ր Աստված, պիտի իմ հոգին դուրս բերես դժոխքից»: «Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, Տիրոջը հիշեցի, և իմ աղոթքը Քեզ՝ Քո սուրբ տաճարը հասավ»։ «Նրանք, ովքեր պաշտում են ունայն և սուտ աստվածներին, թողեցին իրենց ողորմած Տիրոջը»։ «Գոհաբանության ձայնով Քեզ զոհ կմատուցեմ, կկատարեմ այն, ինչ խոստացել եմ. Տիրոջն է փրկությունը»։ (Սինոդական թարգ․)
   
   Կետի փորից Հովնան մարգարեի աղոթքը բավական շատ առիթներ է տալիս դրա վավերականության դեմ առարկելու համար: Ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ այն հատվածաբար նման է սաղմոսների տարբեր հատվածներին, և դրանից եզրակացություն է արվում դրա հավաքագրական (կոմպիլյատիվ) բնույթի մասին։ Այս հիմքով էլ աղոթքի ծագումը վերագրվում է եբրայական դպրության անկման ժամանակաշրջանին: Իսկապես, անհերքելի է Հովնանի աղոթքի և սաղմոսների նմանությունը. 3−րդ համարը հիշեցնում է 17−րդ սաղմոսի 7−րդ ու 119−ի` 1−ին համարները, 4−րդ համարը` 68−րդի 3−րդը; 5−րդ համարը` 30−րդ սաղմոսի 23−րդ համարը, 6−րդը` 17−րդ սաղմոսի 5−6−րդ և 68−րդ սաղմոսի 15−16−րդ համարները, 7−րդ համարը՝ 17−րդի 16−17−րդ համարները; իսկ 8−րդ համարը՝ 142−րդ սաղմոսի 4−7−րդ համարները: Սակայն կարելի՞ է արդյոք այս ամենից եզրակացնել, որ Հովնանի աղոթքը հետագայի հավաքագրում է: Մի՞թե ավելի բնական չէ կարծել, որ կետի փորում Հովնանն իր զգացումներն արտահայտում է իրեն ծանոթ սաղմոսներով, քանի որ նրա հոգեվիճակը թույլ չէր տալիս նրան անձնատուր լինել ստեղծագործելուն: Նա սաղմոսներից վերցնում է ոչ թե բառեր ու արտահայտություններ, ինչպես կաներ հավաքագրողը, այլ ձևեր ու պատկերներ, որոնք, ի դեպ, նրա վիճակին համապատասխանում էին ավելի շատ, քան սաղմոսերգուի վիճակին (այսպիսին են ծովային վտանգների մասին բոլոր պատկերները): Այնուհետև մատնանշվում է այն հանգամանքը, թե Հովնանի աղոթքն իր բովանդակությամբ իբրև թե չի համապատասխանում նրա հոգեվիճակին։ Դրա հիմնական շարժառիթը փրկության համար գոհություն հայտնելն է, մինչդեռ Հովնանը կետի փորից պետք է ոչ թե գոհություն հայտներ, այլ պետք է մահացու վտանգից ազատվելու համար աղոթեր Աստծուն: [Սույն տեսակետի ջատագովները] այս հանգամանքը բացատրում են նրանով, թե իբր աղոթքն այդքան անհաջող կերպով կազմվել է ուշ շրջանի ինչ−որ հեղինակի կողմից: Բայց ի վերջո, գոհաբանությունից բացի, Հովնանի աղոթքում առկա են ինչպես ջրերի վտանգների նկարագրությունը (4−րդ, 6−7−րդ համարներ), այնպես էլ կրած նեղության մեջ աղաղակը առ Աստված՝ փրկության համար (տե՛ս 3−րդ, 5−րդ, 8−րդ համարներ):

   Մի խոսքով, այստեղ առկա է այն ամենը, ինչ անհրաժեշտ է այնպիսի աղոթքի համար, որը կարող է տվյալ պահին բնականորեն հնչել Հովնանի շուրթերից: Պարզապես այս ամենն աղոթքում ներկայացված է իբրև արդեն իսկ անցյալում եղած պահեր: Իր կյանքի ամենամեծ սարսափը մարգարեն զգում է այնժամ, երբ, ծովը նետվելով, ավելի ու ավելի է սուզվում դեպի անդունդը, իջնում մինչև լեռների հիմքերը` ասես դժոխք, զգում է, թե ինչպես է ջրիմուռը փաթաթվում իր գլխին, և ինչպես է ջուրն սկսում հասնել ասես «իր հոգուն», և այստեղ մահից փրկվելու համար նա աղերսում է Աստծուն: Երբ ձուկը կուլ տվեց մարգարեին, և Տիրոջ ամենակարող զորության շնորհիվ վերջինս շարունակեց ապրել ձկան փորում, նա արդեն սկսեց իրեն Աստծուց փրկված զգալ։ Ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ նա չգիտեր, թե որտեղ և ինչպես է Աստված պահպանել իրեն, այլ միայն զգում էր, որ դեռ ողջ է, փրկվել է մահից, ուստի հույս ուներ, որ Աստված ամբողջությամբ կազատի իրեն (Եվ դարձյալ պիտի տեսնեմ Քո սուրբ տաճարը), և այդ պատճառով  իր աղոթքի մեջ արդեն գոհություն էր հայտնում Աստծուն: Այսպիսով, տեսնում ենք, որ Հովնանի աղոթքն իր բովանդակությամբ միանգամայն համապատասխանում էր մարգարեի հոգեվիճակին, որի հիմնական թեման Հովնանի նեղության մեջ գտնվելը և նրա փրկությունն է: Այս թեման աղոթքի մեջ զարգանում է խիստ հետևողականորեն: Սկզբում ճիշտ հերթականությամբ իրար հաջորդում են մարգարեին հասած արտաքին վտանգները (4-րդ, 6-րդ և 7-րդ համարներ), ապա նկարագրվում են այդ ժամանակ նրա ունեցած հոգեկան ապրումները (3−րդ, 5−րդ, 7−8−րդ համարներ), և այն ավարտվում է փրկության համար գոհաբանությամբ (9−10−րդ համարներ), ինչը մարգարեն զգացել է դեռևս կետի փորում եղած ժամանակ:  Աղոթքը բաժանված է չորս տների, որոնցից յուրաքանչյուրը բովանդակում է երկուական համար, և կառուցված է բանաստեղծական զուգահեռականության օրենքներով: Ընդ որում՝ մարգարեի արտաքին դրությունը նկարագրող հատվածները գրված են համադրական զուգահեռականությամբ, իսկ նրա հոգեվիճակը նկարագրող հատվածները՝ հակադրական զուգահեռականությամբ: Այսպիսով, պարզ է դառնում, որ Հովնանի աղոթքն իր տրամաբանական կառուցվածքով և գրական տեսքով ներդաշնակ և կապակցված ամբողջական ստեղծագործություն է: Իր պատկերավոր ոճի շնորհիվ այս հատվածը՝ որպես բանաստեղծական ստեղծագործություն, էականորեն տարբերվում է գրքի պատմություն բովանդակող մնացյալ հատվածներից։

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Յովնանը կէտի փորի միջից աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց.
(Արարատ թարգ 2։1) Եվ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը՝ իր Աստծուն։
(Գրաբար) Եւ եկաց Յովնան յաղաւթս առ Տէր Աստուած ի փոր կիտին եւ ասէ.