Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
7-8․ «Ձեր հայրերի օրերից ի վեր դուք հեռացել եք Իմ պատվիրաններից և չեք պահել դրանք։ Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ, - ասում է Զորությունների Տերը։ Եվ դուք կասեք՝ ինչպե՞ս դառնանք»։ [7] «Մի՞թե մարդը կարող է կողոպտել Աստծուն։ Բայց դուք կողոպտում եք Ինձ։ Եվ ասում եք. «Ինչո՞վ ենք մենք կողոպտում Քեզ»։ Տասանորդներով և ընծաներով»։ (Սինոդական թարգ․)
Տերը հրեաներին ուղղվելու, ապաշխարելու կոչ է անում, սակայն նրանք չեն ցանկանում գիտակցել Նրա առաջ իրենց ունեցած մեղքը, և զարմանում են այս հրավերի վրա․ նրանք Աստծու առաջ ոչնչով մեղավոր չեն։ Այդ ժամանակ Աստված ուղղակի հայտարարում է նրանց մեղքը․ նրանք, տասանորդի և ընծաների հարցում կողոպտում կամ, ավելի ճիշտ, խաբում են Աստծուն։
«Տասանորդի» մասին ընթերցի՛ր Ղևտ․ 27։30 և հաջորդ, Թվ․ 18։20 և հաջորդ, Բ Օր․ 14։22 և հաջորդ համարների մեկնությունները։
«Ընծաների» մասին ընթերցի՛ր Եզեկ․ 44։30 համարի մեկնությունը․ դրա և այլ բաների մասին ընթերցի՛ր Նեեմ․ 10։38 և հաջորդ, 13։10−12 համարների մեկնությունները։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Իսկ դուք, Յակոբի որդիներ, հեռու չէք մնում ձեր հայրերի մեղքերից, խուսափում էք իմ օրէնքներից եւ չէք պահում դրանք: Դարձէք դէպի ինձ, եւ ես կը դառնամ դէպի ձեզ, - ասում է Ամենակալ Տէրը: Դուք ասում էք. «Ինչո՞վ դառնան»:
(Արարատ թարգ.) Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ կանոններից և դրանք չեք պահել. ե՛տ դարձեք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ,- ասում է Զորքերի Տերը։- Բայց դուք ասում եք. Ինչպե՞ս ետ դառնանք։
(Գրաբար) եւ դուք, որդիք Յակոբու, ոչ կացէք ի բաց ի մեղաց հարցն ձերոց. խուսափեցէք յաւրինաց իմոց, եւ ոչ պահեցէք զնոսա։ Դարձարուք առ իս՝ եւ ես դառնամ առ ձեզ՝ ասէ Տէր ամենակալ. եւ ասացէք. Ի՞ւ դարձցուք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: