Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Սակայն Իսրայելի որդիների թիվը կլինի ծովի ավազի չափ, որը հնարավոր չէ ո՛չ չափել, ո՛չ էլ հաշվել, և այնտեղ, որտեղ նրանց ասում էին․ «Դուք Իմ ժողովուրդը չեք», նրանց պիտի ասեն․ «Դուք կենդանի Աստծու որդիներն եք»»: (Սինոդական թարգ․)[10]
Եբրայերեն տեքստում այս 10-֊րդ համարով սկսվում է 2−րդ գլուխը, Յոթանասնիցում՝ 9 -10-րդ համարները վերաբերում են առաջին գլխին։ Խոսքը տասը ցեղերից կազմված թագավորության մասին է։ 10−րդ համարը նախորդի հետ համեմատելիս պետք է եզրակացնել, որ ըստ մարգարեի՝ Իսրայելի մերժումը միայն ժամանակավոր է, և հետևաբար սերունդների բազմացման մասին նախահայրերին տրված խոստումը (Ծննդ․ 22։17, 32։12) սպառնալիքով չի վերացվում։
«Ինչպես ծովի ավազը»․ սա Հին Կտակարանում սովորական պատկեր է, որն արտահայտում է անթիվ բազմության գաղափարը։
«Եվ այնտեղ, որտեղ ասում էին» » (սլավ.՝ «և կլինի, որ այնտեղ նրանց կասեն»), այսինքն՝ Պաղեստինում, որտեղ հայտարարվել էր Իսրայելի մերժման մասին, ժամանակի ընթացքում այդ նույն վայրում Իսրայելը կհավաքվի ցրված վայրերից:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Բայց իսրայէլացիների քանակը ծովի աւազի պէս անչափ ու անթիւ կը լինի. եւ այնտեղ, որտեղ ասուեց՝ «Դուք իմ ժողովուրդը չէք», այնտեղ «Կենդանի Աստծու որդիներ կը կոչուեն»:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի պես պիտի լինի, որ չի չափվում և չի հաշվվում։ Այն վայրում, ուր նրանց ասվեց. «Դուք իմ ժողովուրդը չեք», նրանց պիտի ասվի. «Կենդանի Աստծու որդիներ»։
(Գրաբար) Եւ էր թիւ որդւոցն Իսրայէլի իբրև զաւա՛զ ծովու անչափ և անթիւ. և եղիցի ի տեղւոջ յորում ասացաւ՝ Ո՛չ ժողովուրդ իմ դուք, ա՛նդ կոչեսցին նոքա Որդիք Աստուծոյ կենդանւոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: