Ա. Պ. Լոպուխին (†1904)
19-20․ Եվ քեզ հավիտյան պիտի նշանեմ Ինձ հետ, և քեզ պիտի նշանեմ Ինձ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։[19]Եվ քեզ պիտի նշանեմ Ինձ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը։ (Սինոդական թարգ․)
«Եվ քեզ կնշանեմ»։ (Aras) նշանել բայը օգտագործվում է միայն կույսի նշանվելու պարագայում (Բ Օր․ 20:7, 28:30)։ Այսպիսով, մարգարեն ցանկանում է արտահայտել այն միտքը, որ Իսրայելը՝ որպես ողջախոհ կույս, Տեր Աստծու հետ նոր «ամուսնական» կապի մեջ է մտնելու, այսինքն Իսրայելի մեղավոր անցյալը, ըստ Աստծու ողորմածության, մոռացության է տրվելու։
«Կնշանեմ» բառի եռակի կրկնությամբ մարգարեն նպատակ ունի վստահեցնել մեծ խոստման անխուսափելի իրականացումը:
Բնութագրելով Տեր Աստծու հետ Իսրայելի «ամուսնական» նոր կապը՝ մարգարեն ասում է, որ դրա հիմքը լինելու է ինչպես «արդարությունն ու իրավունքը» (քեզ կնշանեմ Ինձ արդարությամբ և իրավունքով), այսինքն՝ Աստծու արդարությունը և Նրա արդարադատությունը, որը մաքրում է ցանկացած պղծություն, այնպես էլ «ողորմությունն ու գթությունը» (սլավոներեն՝ «ողորմությամբ և առատաձեռնությամբ»)։
Միության անխախտելիության գրավականը լինելու է Աստծու հավատարմությունը (emunath), այսինքն՝ ամրությունը և անփոփոխելիությունը։ Միության վերականգնման արդյունքն էլ լինելու է այն, որ Իսրայելը ճանաչելու է (vejadath) Տիրոջը։ Եբրայերեն «jadah» բայն արտահայտում է Աստծու մասին ոչ միայն տեսական գիտելիքների, այլ նաև սիրո մեջ Նրա հետ ներքին միության գաղափարը։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Քեզ կը նշանեմ ինձ յաւիտեան, քեզ կը նշանեմ ինձ արդարութեամբ եւ իրաւունքով, ողորմութեամբ եւ գթութեամբ:
(Արարատ թարգ․) Եվ քեզ ինձ պիտի նշանեմ հավիտյան, և քեզ ինձ պիտի նշանեմ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։
(Գրաբար) Եւ խօսեցայց զքեզ ինձ յաւիտեան. և խօսեցայց զքեզ ինձ արդարութեամբ՝ և իրաւամբք՝ և ողորմութեամբ՝ և գթութեամբք.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: