Բացատրական Աստվածաշունչ,
Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
1-3․ «Տիրոջ խոսքը, որ եղավ Եզեկիայի որդու՝ Ամարիայի որդու՝ Գողգողիայի որդու՝ Քուսիի որդուն՝ Սոփոնիային, Հուդայի արքայի՝ Ամոնի որդու՝ Հոսիայի օրերում»։ [1] «Ամեն ինչ պիտի վերացնեմ երկրի երեսից,- ասում է Տերը»։ . «Պիտի վերացնեմ մարդկանց ու անասուններին, պիտի վերացնեմ երկնքի թռչուններին ու ծովի ձկներին և գայթակղությունները՝ անօրենների հետ. պիտի վերացնեմ մարդկանց երկրի երեսից, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)
Լի աստվածային ներշնչմամբ և ասես համակված ստացած հայտնության չափազանց մեծ կարևորության գիտակցությամբ՝ մարգարեն իր խոսքի հենց սկզբում, առանց որևէ նախաբանի, ուղղակիորեն հայտնում է իր մարգարեության էությունը. այն է՝ հռչակել Աստծու ամենակործան բարկության և մոտալուտ դատաստանի լուրը: Աստծու դատաստանն անփոփոխ է և ընդ որում՝ համընդհանուր․ այն ընդգրկում է ամբողջ երկիրը: Տեր Աստված երկրի երեսից պիտի բնաջնջի «ամեն ինչ» (տե՛ս 2-րդ համար), այսինքն՝ մարդկանց և անասուններին, թռչուններին և ձկներին (տե՛ս 3-րդ համար, ա): Բայց Աստծու դատաստանով համընդհանուր այս կործանումը այստեղ սահմանափակվում է այն մատնանշմամբ, որ իրենց գայթակղությունների հետ միասին պիտի բնաջնջվեն միայն անօրենները («համմախշելոգետ հիրսշաիմ», տե՛ս 3-րդ համար, բ):
Երանելի Հերոնիմոսը 2−3-րդ համարների Աստծու խոսքը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Տերը մարգարեի միջոցով ասում է. «Այլևս ապաշխարելու ժամանակ չեմ տա, այլ պիտի ոչնչացնեմ ամեն ինչ երկրի երեսից: Չի մնա ո՛չ մարդ, ո՛չ անասուն, ո՛չ թռչուն և ո՛չ էլ ծովի ձուկ»: Այսպիսով, նույնիսկ անբան կենդանիներն են զգում Տիրոջ բարկությունը, քանի որ քաղաքների ավերումից և մարդկանց կործանումից հետո կա՛մ լիակատար ոչնչացում կլինի, կա՛մ էլ զգալիորեն կնվազեն ցամաքային կենդանիները, ձկները և թռչունները: Այս բանի վկաներն են Իլիրիան, Թրակիան և իմ ծննդավայրը (այսինքն` Դաղմատիան, որտեղ Ստրիդոն քաղաքն է, ուր ծնվել է երանելի Հերոնիմոսը), որտեղ ամեն ինչ կործանվել է՝ բացի երկնքից և անընդհատ փշեր ու անանցանելի անտառներ աճեցնող երկրից: Եվ այս ամենը պիտի լինի, ինչպես ասում է մարգարեն, քանի որ անօրենների բազմությունը չափազանց մեծ է: Ուստի մեղավորները պիտի կործանվեն, մարդիկ պիտի վերանան, իսկ երկրի երեսին ամայություն տիրի» («Ստեղծագործություններ. Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք», մաս 14, Կիև, 1898 թ., էջ 240-241):
Սակայն, այստեղ բառացիորեն կանխատեսվող երկրի՝ Հուդայի ամայացումը հազիվ թե իրականություն դառնար, եթե մնանք մարգարեության պատմական շրջանակներում: «Այստեղ, - ինչպես ասում է սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին,− չափազանցված (հիպերբոլիկ) արտահայտություններով մարգարեություն է տրվում այն մասին, որ նրանց երկիրը պիտի դառնա կատարյալ անապատ և գրեթե կործանվի իր բոլոր բնակիչներով հանդերձ… Սակայն ինչպես նավաբեկության ժամանակ, երբ նավը խորտակվում է, նավաստիների հետ միասին ոչինչ չի մնում, այնպես էլ Հուդայի նվաճմամբ ոչինչ չի փրկվի՝ ո՛չ մարդ, ո՛չ կենդանի, ո՛չ թռչուն և ո՛չ ձուկ: Բայց քանի որ, հնարավոր է, այնտեղ լինեին այնպիսիք, որոնք ապրում էին օրենքի համաձայն, բարեպաշտ ու հիացմունքի արժանի վարք ունեցողներ, ուստի, որպեսզի չթվա, թե Նա իր բարկությունն ուղղում է անընդհատ ու անխտիր բոլորի վրա և կործանում է արդարներին անարդարների հետ, անօրեններին ու մեղավորներին՝ բարեպաշտների հետ, այդ նպատակով հստակ մատնանշում է, թե ում վրա պիտի թափվեն Իր բարկության հետևանքները, քանզի ասում է. «Պիտի տկարանան ամբարիշտները, և պիտի վերացնեմ անօրեններին երկրի երեսից»» («Սոփոնիայի մարգարեության մեկնություն». Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 330, 331):
Յոթանասնիցի ընդունված հունարեն տեքստը, ինչպես նաև նրա առավել հեղինակավոր Սինայական, Վատիկանյան, Ալեքսանդրյան ձեռագրերը, 2−րդ համարի թարգմանության ժամանակ բաց են թողնում «քոլ» («ամեն ինչ») բառը, որը բացակայում է նաև եբրայերեն Քեննիկոտի մոտ նշված թիվ 245 ձեռագրում: «Հավանաբար,− նշում է Ի. Թյուրնինը,− սկզբում «քոլ» բառը տեքստում չի եղել, և հետագայում պարզություն մտցնելու համար է ներմուծվել, հակառակ դեպքում Յոթանասնիցում այս բառի բացակայությունը անհասկանալի կլիներ» («Սոփոնիա մարգարեի գիրքը», Ս. Պոսադ, 1897 թ., էջ 6): Սակայն այս բառի առկայությունը եբրայական տեքստի գրեթե բոլոր ձեռագրերում՝ առանց բացառության, դրա ոչ սկզբնական լինելու վարկածը դարձնում է է՛լ ավելի անհավանական: Բացի այդ՝ այդ բառը փոխանցվում է քաղդեական, սիրիական թարգմանություններում, Վուլգաթայում, սլավոնական թարգմանություններում, «πενια» բառն առկա է նաև բազմաթիվ հունարեն ձեռագրերում՝ Ալդինյան հրատարակության, ինչպես նաև թիվ 22, 36, 42, 51, 62, 86 (38 targ.) 1, 97, 114, 147, 238, 240 ձեռագրերում: Իսկ 2-3-րդ համարներում մարգարեի խոսքի զուգահեռականությունը այլ մարգարեների նմանատիպ կանխագուշակումների հետ (օրինակ՝ Երեմ. 4։23−25, Ովս. 4:3 և այլն) պահանջում է ճանաչել «ամեն ինչ» ընդհանրացնող բառի սկզբնական լինելը: Ընդհանուր առմամբ 1-3-րդ համարների ահեղ խոսքերն ունեն համաշխարհային կամ տիեզերական բնույթ և առավելապես կարող են համեմատվել նախաջրհեղեղյան աշխարհի վերաբերյալ Աստծու սարսափելի վճռի հետ՝ «Երկրի երեսից պիտի բնաջնջեմ այն մարդկանց, որոնց ստեղծել եմ՝ մարդուց մինչև անասուն, սողուններին և երկնքի թռչուններին...» (Ծննդ. 6:7): Մարգարեն չի նշում երկրի վրա կյանքի համընդհանուր կործանման կոնկրետ եղանակը, բայց դատելով ստորև՝ 12−18-րդ համարներում նկարագրվող Հուդային սպասվող աղետներից՝ մարգարեն երկրին սպառնում է կործանարար պատերազմներով, որոնք Հին Արևելքում պատերազմող երկրին իրապես բերում էին լիակատար կործանում և մահ (Դ Թագ. 3:19, 25 և այլն):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տիրոջ պատգամը, որ հասաւ Եզեկիայի որդի, Ամարիայի որդի, Գոդողիայի որդի, Քուսիի որդի Սոփոնիային՝ Յուդայի երկրի արքայի՝ Ամոնի որդի Յոսիայի ժամանակ:
(Արարատ թարգ․) Տիրոջ խոսքը, որ եղավ Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսիի որդի Սոփոնիային՝ Հուդայի թագավորի՝ Ամոնի որդու՝ Հովսիայի օրերին։
(Գրաբար) Բանն որ եղեւ առ Սոփոնիա Քուսեայ, որդւոյ Գողգողիայ, Ամարեայ՝ Եզեկիայ, յաւուրս Յովսիայ, որդւոյ Ամովնայ արքայի Յուդայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: