Ա․ Լոպուխին
Եվ նա իր ձեռքը կերկարի դեպի հյուսիս, և կկործանի Ասորեստանը, և Նինվեն ավերակների կվերածի՝ անջրդի վայրի, ինչպես անապատը: (Սինոդական թարգ․)[13]
Ասորեստանի և Նինվեի մոտալուտ ամայացման մասին Սոփոնիա մարգարեի ամբողջ սարսափելի խոսքն [իր] բովանդակությամբ և բնույթով հիշեցնում է միևնույն թեմայի մասին Նավումի մարգարեությունը (Նավ. 1:1, 14; 2:2 և այլն, 3:1–7 և այլն): Միայն Սոփոնիա մարգարեի խոսքերում, ասես, զգացվում է Ասորեստանին ու Նինվեին սպառնացող աղետի առավել մոտ լինելը՝ Աստծո պատժիչ ձեռքը արդեն իսկ տարածվել է Նինվեի և Ասորեստանի վրա (համար 13։1), և ճակատագրական աղետները պատրաստ են ուժգին հոսքով շտապելու դեպի այս քաղաքը և այս երկիրը: «Ես կնայեմ,…. ասում է, արևելյան և հյուսիսային երկրների բնակիչներին և մյուսների հետ միասին կկործանեմ նաև ասորեստանցիներին և ավերված քաղաքների թվին կավելացնեմ նաև առավել հայտնի Նինվեն՝ քաղդեացիների գլխավոր քաղաքը: Այն կլինի անջրդի, ինչպես անանցանելի և անմարդաբնակ հողերը: Դրանց նաև զգալի քանակով այլ նշաններ է ավելացնում...» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Սոփոնիայի մարգարեության մեկնություն // Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 367):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Իմ ձեռքը կ՚երկարեմ հիւսիսի վրայ եւ կը բնաջնջեմ ասորեստանցուն, Նինուէն ապականութեան կ՚ենթարկեմ՝ անապատի պէս անջրդի կը դարձնեմ,
(Արարատ թարգ․) Եվ նա իր ձեռքը մեկնելու է հյուսիսի դեմ և կորցնելու է Ասորեստանին, Նինվեն ամայություն է դարձնելու, չոր երկիր, ինչպես անապատը։
(Գրաբար) Եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ հիւսւսոյ եւ սատակեցից զԱսորեստանեայն, եւ եդից զՆինուէ յապականութիւն՝ անջրդի իբրեւ զանապատ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: