Ովսեեի մարգարեության մեկնություն 9:7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եկել են այցելության օրերը, եկել են հատուցման օրերը, թող իմանա Իսրայելը, որ հիմար է մարգարեն, և անմիտ է ներշնչվածը՝ քո բազմաթիվ անօրենությունների և մեծագույն թշնամանքի պատճառով։ (Սինոդական թարգ․)[7]
   
    «Թող իմանա Իսրայելը», եբրայերենից ավելի ճիշտ կլինի թարգմանել «կիմանա Իսրայելը», այսինքն՝ կիմանա, որ եկել են հատուցման օրերը։ Յոթանասնիցում «yeda» բառի («jada»`իմանալ) փոխարեն ընթերցել են «yera» («jara»` դողալ)․ այստեղից էլ առաջացել է սլավոներեն տեքստի «կզայրանա (κακωθήσεται) Իսրայելը» տարբերակը։  «Անմիտ է ներշնչվածը»: Դժվարընկալելի ու բարդ արտահայտություն է և մեկնիչների կողմից տարբեր կերպ է բացատրվում։ Մեր տեքստում (ենթադրաբար`ռուսերենում) եբրայերեն «ha-nabi» (մարգարե) և «’ish ha-ruach» բառերը (ոգու մարդ, ներշնչյալ) կեղծ մարգարեների առնչությամբ են հասկացվում։ Այդ պատճառով էլ «ha-nabi»ն թարգմանված է «մարգարե» բառով, իսկ «’ish ha-ruach»ը՝ «իրեն ներշնչյալ ներկայացնող» արտահայտությամբ։ Արտահայտությունն այս իմաստով են հասկանում նաև Հիտցիգը, Կնաբենբաուերը և այլք։ Սակայն այդպիսի ընկալման հետ չի կարելի համաձայնել, որովհետև

    ա) «nabi» բառը անդամի (հոդի) հետ, սովորաբար Աստվածաշնչում օգտագործվում է իրական մարգարեի մասին խոսելիս (Գ Թագ․ 18։19, Եզեկ․ 13։3, 4, Սոփ․ 3։4),

    բ) «ruach» բառը անդամի (հոդի) հետ կարող է վերաբերել միայն Աստծու Հոգուն, և անհավանական է, որ իրական մարգարեն յուրացնի «Հոգու մարդ» կեղծ անվանումը։

    Այդ պատճառով պետք է կարծել, որ 7րդ համարում խոսքն իրական մարգարեների մասին է։ Միևնույն ժամանակ արտահայտության իմաստը տարբեր կերպ է փոխանցվում։ Որոշ մեկնիչների կարծիքով Ովսեեն ցանկանում է արտահայտել այն միտքը, որ ժողովրդին վրա հասած աղետների ծանրության և այդ աղետների կանխման անհնարինության հետևանքով մարգարեները կարծես խելագարվել էին, կամ էլ՝ ժողովրդի մեղքերի համար Տերը մարգարեներին խելագարությամբ էր պատժել (Շեգգ)։ Մյուսների կարծիքով (Վելհաուզեն, Նովակ)՝ Ովսեեն դիտարկվող հատվածում մի դատողություն է առաջ քաշում, որը ոչ թե իրենց՝ մարգարեների մասին էր, այլ անարդար Իսրայելի, և այդ դատողության պատասխանն է տալիս։ Մարգարեն կարող է ժողովրդին ասել՝դուք ասում եք, թե մարգարեն հիմար է, խելագար է ներշնչյալը, սակայն դրա պատճառը բացառապես ձեր անօրինությունների բազմությունն է և մարգարեների հանդեպ մեծ թշնամությունը։

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Հասել են քո վրէժխնդրութեան օրերը, հասել են օրերը քո հատուցման, եւ Իսրայէլը կը չարչարուի ինչպէս յիմարացած մարգարէ, ինչպէս այսահար մի մարդ. քո անիրաւութիւնների շատութեան պատճառով վրայ հասաւ մոլորութիւնը:
(Արարատ թարգ․) Եկան պատժի օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայելը պիտի իմանա. անմիտ է մարգարեն, խելագար է ներշնչված մարդը քո բազում անօրենության և մեծ հակառակության պատճառով։
(Գրաբար) Հասեա՛լ են իրաւունք վրէժխնդրութեան քոյ. հասեալ են աւուրք հատուցման քոյ. և չարչարեսցի Իսրայէլ իբրև զմարգարէ յիմարեալ, իբրև զա՛յր մի այսակիր. ի բազմութենէ անիրաւութեանց քոց յաճախեաց մոլորութիւն։