Ա․ Լոպուխին
Դեռ ժառանգ պետք է բերեմ քեզ մոտ, ով Մարեսայի բնակչուհի, նա կհասնի մինչև Ոդողոմ՝ Իսրայելի փառքին։ (Սինոդական թարգ․)[15]
«Մարեսա»−ն («ժառանգություն») Հուդայի ցեղին պատկանող տարածքում գտնվող քաղաք է (Հս․ 15։44), այժմ Մարաշի ավերակները Բեյտ−Ջիբրինից դեպի հարավ−արևմուտք են։ Ըստ մարգարեի խոսքի` Մարեսա ժառանգ է բերվելու (եբրայերեն`«hajoresch»), այսինքն` Մարեսան անցնելու է Հուդայի թշնամիների տիրապետության տակ։ Մարեսան մարգարեի կողմից օրինակի համար է հիշատակվում` որպես Հուդայի քաղաքներից մեկը. «Նա կհասնի մինչև Ոդողոմ՝ Իսրայելի փառքին»։ «Ոդողոմ»−ը Հուդայի ցեղին (Հս․ 15։36) պատկանող տարածքում գտնվող հնագույն քաղաք է (Ծննդ․ 38։1, 12, 20), որը շրջապատված է ժայռերով և քարանձավներով, որոնք մի ժամանակ Դավթի և նրա հետևորդների համար որպես ապաստարան են ծառայել (Ա Թագ․ 22։1, 33։13, Ա Մնաց․ 11։15)։ Դրա գտնվելու վայրը նույնացվում է այժմյան Կորեյտուն գյուղի տարածքի հետ։ Ըստ ռուսերեն թարգմանության` 15−րդ համարի երկրորդ հատվածն այն իմաստն ունի, որ ժառանգը, այսինքն` թշնամին, հասնելու է մինչև Հուդայի հարավային սահմանը` Ոդողոմ։ Ոդողոմը, ինչպես ենթադրվում է (Յունգերով), «Իսրայելի փառք» անվանումը ստացել է, քանի որ շրջապատող ժայռերն ու քարանձավները նրան հրեաների համար հիանալի պաշտպանական կետ էին դարձնում (Բ Մակ․ 12։35, 38)։ Սակայն քննարկվող արտահայտության եբրայերեն տեքստը կարող է այլ կերպ թարգմանվել` «մինչև Ոդողոմ կհասնի Իսրայելի փառքը»։ «Իսրայելի փառք», տվյալ պարագայում, մարգարեն կոչում է հրեական ազնվականությունը և այն միտքն է ցանկանում արտահայտել, որ աղետի սկսվելու ժամանակ հրեական ազնվականները, ինչպես մի ժամանակ Դավիթը, թաքնվելու են Ոդողոմյան քարանձավներում։ Յոթանասնիցը 15−րդ համարի առաջին կեսը առնչել է Լաքիսին (սլավոներեն` «մինչև քո ժառանգին բերեմ քեզ մոտ, Լաքիսի՛ բնակչուհի»), իսկ երկրոդ հատվածում Իսրայելի անվան փոխարեն դրել է «Սիոնի դուստր» արտահայտությունը («ժառանգությունը անգամ կհասնի մինչև Ոդողամ՝ Սիոնի դստեր փառքին»)։ Լաքիս անունը բացի հունարենից ոչ մի այլ թարգմանության մեջ չկա։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Լաքիսի բնակիչները ժառանգութիւն կը բերեն մինչեւ քո ժառանգորդները, մինչեւ Ոդողամ կը հասնի Սիոնի դստեր փառքը:
(Արարատ թարգ․) Դեռ տիրակալ պիտի բերեմ քեզ վրա, ո՛վ Մարեսայի բնակչուհի, Իսրայելի փառքը մինչև Ոդողոմ պիտի հասնի։
(Գրաբար) մինչև ցժառանգիչս քո ածցեն բնակիչդ Լաքիսայ ժառանգութեամբ. մինչև յՈդողամ հասցէ փառք դստեր Սիոնի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: