Նավումի մարգարեության մեկնություն 1:11

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

Քեզանից է առաջացել Տիրոջ դեմ չարություն մտածողը, ով անիրավության խորհուրդ է կազմում։ (Սինոդական թարգ․)[11]
   
    Այստեղ, ինչպես և 9−րդ համարում, մարգարեն նկատի ունի այն պատմական փաստը, որ մի ժամանակ Ասորեստանի և Նինվեի Սենեքերիմ թագավորը ահռելի զորքով պատերազմի է դուրս եկել Տեր Աստծուն պաշտող հրեաների դեմ՝ նպատակ ունենալով նրանց ամբողջովին ստրկացնել ու անգամ ոչնչացնել և, միաժամանակ, երկրի վրա աստվածապետական ​​թագավորությունը կործանելու չար ու աստվածամարտ մտադրությամբ (Դ Թագ․ 18։27−32, 19։22−25, Ես․ 36։12−17)։ Ասորեստանին և նրա թագավորներին այդքան բնորոշ մշտական թշնամությունն Աստծու ժողովրդի, Աստծու թագավորության և Տեր Աստծու փրկչական նպատակների դեմ կանգնած ասորեստանցիներին ներկայացնում էր իբրև Աստծու հակառակորդի՝ սատանայի ծառաներ։ Այս միտքը մարգարեի կողմից այստեղ՝ 11−րդ համարում, և ստորև՝ 15−րդ համարում (եբր. տեքստում՝ 2։1), արտահայտվում է «բելիալ−անօրենություն, անօրեն» բառի կիրառմամբ։ Ինչպես վերացական, այնպես էլ կոնկրետ իմաստով այդ բառը Հին Կտակարանում մշտապես մատնանշում է այնպիսի գործելակերպ ու արարքներ, որոնք հակադրվում են աստվածատուր օրենքին և Աստծու կողմից հաստատված կարգին: Այն մատնանշում է նաև աստվածամարտ տրամադրություն ունեցող մարդկանց (Բ Օր․ 13։14, Դատ․ 19։22, Ա Թագ․ 2։12, Գ Թագ․ 21։10 և այլն)։ Հետագայում՝ նորկտակարանյան ժամանակներում, այդ բառն իր հունարեն «Βελιαλ կամ Βελιαρ» (Բ Կոր․ 6։15) ձևով դառնում է սատանայի սեփական անուններից մեկը (պրոֆ․ Ա․ Գլագոլև. «Հինկտակարանյան աստվածաշնչային ուսմունքը հրեշտակների մասին», Կիև, 1900, էջ 619−622)։ Եթե մարգարեն Ասորեստանի վերաբերյալ այդքան խիստ արտահայտություն է գործածում, ապա, հավանաբար, նկատի չունի միայն Սենեքերիմին և ընդհանրապես որոշակի անձի, և ոչ էլ Հուդայի նկատմամբ ասորեստանցիների թշնամական վերաբերմունքի մի հատուկ դրվագ, այլ նկատի ունի Աստծու թագավորության դեմ ուղղված այն չարիքի, այլասերվածության և չարության ամբողջությունը, որն ասորեստանցիները դրսևորել են Ասորեստանի՝ որպես համաշխարհային տերության գոյության ամբողջ ընթացքում։

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Քեզնի՛ց պիտի դուրս գայ Տիրոջ դէմ չար խորհուրդը՝ հակառակութեամբ չարիք խորհելու միտքը:
(Արարատ թարգ․) Քեզանից դուրս եկավ Տիրոջ դեմ չարություն նյութողն ու արժեզուրկ խորհուրդներ տվողը։
(Գրաբար) Ի քէն ելցէ խորհուրդ զՏեառնէ, չարիս խորհել հակառակութեամբ։