Ա․ Լոպուխի
Նա սաստում է ծովին, և այն ցամաքում է, և բոլոր գետերը չորանում են, թոռոմում են Բասանը և Կարմելոսը, և Լիբանանի ծաղիկը թոռոմում է։(Սինոդական թարգ․)[4]
Աստծո ամենակարողության նոր դրսևորումներ՝ նախևառաջ ծովի և գետերի առնչությամբ (տե՛ս Ես․ 50։2)։ «Եթե Նա ցանկանա ոչնչի վերածել ծովի և գետերի ամբողջ ջուրը, ապա դա կարող է անել մի ակնթարթում։ Որպես դրա ապացույց՝ մարգարեն ներկայացնում է այն, ինչն արդեն տեղի է ունեցել» (երանելի Թեոդորոս Կյուրոսացի), այսինքն՝ մարգարեի մտավոր աչքին Իսրայելին ցուցաբերված հրաշալի օգնության դրվագներ են ներկայացվում՝ Կարմիր ծովով (Ելք․ 14։21, Սաղմ․ 106։9), իսկ այնուհետև նաև Հորդանանով անցումը (Հես․ 3։13, 16, 5։1, Սաղմ․ 114։3, 5)։ Սակայն ամենակարող Աստծո սարսափելի գալստից ոչ միայն ծովերը և գետերն են ցամաքում, այլ նաև թոշնում է ավետյաց երկրի հարստությունն ու փառքը կազմող ամենը ինչը, չորանում է դրա վրա եղած լավագույնը և ամուրը, գեղեցիկը և պտղատուն, իսկ աստվածաշնչյան հրեայի համար այդ ամենը զուգակցվում է Պաղեստինի նշված վայրերի հետ․ Բասանը՝ նրա արևելքում, Կարմելոսը՝ արևմուտքում, և Լիբանանը՝ հյուսիսում։ «Բասան»−ը (եբրայերեն՝ «բաշան», հունարեն և սլավոներեն՝ «Բասանիտիս, Բասանիտիդա» Թվ․ 21։34, Հս․ 13։29−32, Միք․ 7։14 և այլն) Հորդանանի արևելյան կողմում՝ Հակոբի հովտից դեպի հյուսիս, գտնված երբեմին Օգ հզոր թագավորի շրջանն է (Թվ․ 21։1, Բ Օր․ 2։4)։ Այն հայտնի էր իր հիանալի արոտավայրերով, բարձր ու անխորտակելի կաղնիներով և ուռենիներով, ուժեղ և խոշոր եղջերավոր անասուններով (տե՛ս Ես․ 2։13, Եզ․ 27։6, Բ Օր․ 33։14, Ամ․ 4։1, Սաղմ․ 22։13)․ «Բասան»−ն այժմ ամբողջովին անապատային տարածք է, որը հայտնի է Էլ−Բոտին կամ Արդ−էլ Բեսենիյա անունով (Եվսեբիոս Կեսարացի, Onomastikon, 175, 224)։ Իսսաքարի և Ասսերի ցեղերին [պատկանող տարածքների] սահմանին գտնվող Կարմելոս վսեմաշուք լեռան մասին [դրա վրա աճող] բուսականության գեղեցկության համար (այն իրենից, կարծես, մի ամբողջական այգի էր ներկայացնում, որտեղից էլ գալիս է նրա եբրայերեն «Աստծո այգի» անվանումը) ասացվածք (Երգ․ 7։6) է հյուսվել։ Այժմյան «Ջեբել−Կարմալի» մասին ընթերցի՛ր Գ Թագ․ 18։19 համարի մասին նշումը (տե՛ս Տալկովայա Բիբլիա, հտ․ II, էջ 453)։ Պաղեստինից դեպի հյուսիս ընկած «Ձյունաճերմակ Լիբանանը» (եբրայերեն՝ «լեբանոն−ձյունից սպիտակ», Եր․ 18։14) ևս, ջրերի և աղբյուրների առատության (Երգ 4։15) շնորհիվ, հայտնի էր իր շքեղ բուսականությամբ (Ովսեե․ 14։6−8), հատկապես բարձր մայրիներով, բուրավետ նոճիներով և մրտենիներով (Սաղմ․ 29։5, Երգ 3։14, 5։15)։ Այն այժմյան Ջե−բել−Լիբնակն է (Onomastikon. 640)։ Մարգարեի կողմից հատկապես այս վայրերի մասին հիշատակումը անուղղակի ապացույցն է այն փաստի, որ նա ապրել, գործել և իր մարգարեական գիրքը գրել է հատկապես Հուդայում, այլ ոչ թե Ասորեստանում, որի [առանձին] տարածքների [անվանումները], բացառությամբ միմիայն Նինվեի, ուղիղ կերպով չեն արտացոլվել մարգարեի կողմից օգտագործված խոսքում, թեև, ըստ երանելի Հերոնիմոսի մեկնաբանության, «փոխաբերաբար, Բասանի, Կարմելոսի և Լիբանանի, այսինքն՝ բուսականությամբ ծածկված պտղատու երկրի և լեռների միջոցով մատնանշվում է Ասորեստանի ամայացումը։ Այն, որ մի ժամանակ հզորագույն, ծաղկող և բազմաթիվ ժողովուրդների վրա տիրապետող երկիր էր, կկործանվի Աստծո բարկության հետևանքով» («Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության»։ Կիև, 1896, մաս 13, էջ 290)։ Ակնհայտ է, որ 4−րդ համարում, ինչպես նաև 3−6−րդ համարներն ընդգրկող ամբողջ հատվածում դեռևս տեղ է գտել Աստծո դատաստանի առավել ընդհանուր, տիպիկ և վերացական պատկերը, այլ ոչ թե դրա կոնկրետ և մանրակրկիտ նկարագրությունը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը: Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին:
(Արարատ թարգ․) Նա սաստում է ծովին և այն ցամաքեցնում ու բոլոր գետերը չորացնում։ Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, և Լիբանանի ծաղիկը թառամում է։
(Գրաբար) Սաստէ ծովու՝ եւ ցամաքեցուցանէ զնա. եւ զամենայն գետս աւերէ։ Նուազեաց Բասանացին եւ Կարմելոս. եւ ամենայն ծաղիկք Լիբանանու պակասեցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: