Ա. Պ. Լոպուխին (†1904)
(եբր․ 6)․ «Նա կանչում է իր քաջերին, բայց նրանք սայթաքում են իրենց ընթացքի մեջ. շտապում են դեպի քաղաքի պարիսպները, սակայն պաշարումն արդեն պատրաստ է»։ (Սինոդական թարգ․)[5]
Ճակատագրական վտանգի հենց մոտենալու պահին Ասորեստանի թագավորը կհիշի իր փառավոր զինակիցներին (եբր.՝ «ադդիրավ»), որոնք աչքի էին ընկնում թե՛ խոհեմությամբ և թե՛ քաջությամբ: Եվ նա կհավաքի բոլորին, որպեսզի նրանք լավագույն զինվորների աջակցությամբ կարողանան քաղաքի պարիսպներից հետ մղել արդեն կենտրոն ներխուժել պատրաստվող թշնամուն։ Սակայն Նինվեի բոլոր հերոսներն անզոր կդառնան. կորցնելով հոգու արիությունը, միմյանց հրելով և ճանապարհին սայթաքելով՝ նրանք կշտապեն դեպի հակառակորդի կողմից պաշարված քաղաքի պարիսպները, սակայն արդեն ուշ կլինի։ Սարսափելի պաշարողական պարսպաքանդ մեքենաները (եբր.՝ «հասոխեխ», Վուլգաթա՝ «umbraculum»), որոնց մեջ թաքնված են ռազմիկները, լիակատար մարտական կարգով արդեն իսկ պատրաստ են իրենց անիվների վրա շարժվել դեպի Նինվեի պարիսպները։ «Այստեղ նկատի է առնվում,− ասում է Սիմաշկևիչը (սուրբ միտրոփանոս․«Նինվեի մասին Նավումի մարգարեությունը» Սանկտ Պ․, 1875, էջ 196, նշում),− բաբելոնացիներին և ասորեստանցիներին հայտնի 4 կամ 6 անիվների վրա տեղադրված աշտարականման հատուկ փայտյա մեծ մեքենան, որի ստորին մասում տեղադրված էր պարսպաքանդ խոյ (aries) կամ էլ պատեր քանդելու սարք (Եզեկ. 4։2 համարում օգտագործվում է «քարիմ», իսկ Բ Մակ․ 12։15−ում՝ «κρος» բառը)։ Մեքենայի վերին հարկում տեղավորված նետաձիգները սարսափելի արագությամբ նետեր էին արձակում թե՛ աշտարակի գագաթից, թե՛ նրա կողային ճեղքերից, սակայն իրենք և խոյը ամբողջովին պաշտպանված էին, ինչը համապատասխանում է այդ մեքենայի «սոխեխ» անվանը․ տե՛ս P. Kleinert и Riehm E. C. A. Handworterbuch der biblischen Altertums, Leipzig, 1884 Bd. I. s. 114։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին:
(Արարատ թարգ․) Նա հիշում է իր զորավորներին, նրանք գնալիս գլորվում են. շտապում են դեպի նրա պատը, և շարժական պատսպարանը պատրաստվում է։
(Գրաբար) Յիշեսցեն մեծամեծք նորա եւ փախիցեն ի տուէ. եւ կասեսցին ի ճանապարհս իւրեանց, եւ փութասցին ի պարիսպս, եւ պատրաստեսցեն զառաջապահս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: