Թեև որոշ ընտրյալներ Մանուկ վարդապետի հետ խոսելու արտոնության արժանանում էին, բայց աբբահայրը նրա հետ զրույցների լավագույն բաժինն իրեն էր բնականաբար վերապահում. ամբողջ մեկ կեսօր էր առանձնացրել նրա հետ զրուցելու: Վանքի աշտարակներից մեկի վերնահարկ մի սենյակում աբբահայրը հավաքել էր տասնհինգ ընտրյալ վանականների, ովքեր լսելու արժանի էին համարում Մանուկ վարդապետի` լեռների արկածախնդրությունն ու Վարդանի գաղտնի ուսուցումները, որոնք ժլատորեն թաքցվում էին նրա աշակերտների մեծամասնությունից:
– Ինչպե՞ս զգացիք, հա՛յր սուրբ, որ պետք է լեռները բարձրանաք: Այն ի՞նչ էր, որ ձեզ մղեց դեպի լեռները:
– Պարտադրողը սիրտս էր: Երբ ուղեղն է անձին մի տեղ առաջնորդում, պլշած նայում է դեմքին ու հայտարարում. «Քեզ կարող եմ բերել մինչև այստեղ` անդունդի եզրը: Քեզ միայն կարող եմ տալ ուսուցումներ, գրքեր, վարկածներ, խորհրդածություններ, մարդկային մտքի ապահովություն և նրա ստեղծած քաղաքակրթության ճոխ գաղափարները: Շատերն այսքանով գոհ են, որոնց համար իմ դղյակները երկրային կարճ կյանքը լցնելու չափ հարուստ ու հափշտակող են»: Ես այլևս գոհ չէի, և վանքը նեղում էր ինձ, գրքերն անբավարար էին, իսկ արարողությունները՝ չհագեցնող: Ի՞նչն էր պակասում, ի՞նչն էր գաղտնիքը: Երբ Վարդանին այս հոգեվիճակս հայտնեցի, վրաս ծիծաղեց.
– Դու Իսրայելի վարդապետ ես ու չգիտե՞ս պատասխանը:
– Ո՛չ, չգիտեմ պատասխանը: Իսկ դու գիտես և մեզ չե՞ս ասում:
– Ինչպե՞ս չեմ ասում: Ամբողջ կյանքս որպես ուսուցիչ ձեզ նվիրեցի: Բայց այն, ինչ որ ինձ հարցնում ես և գլուխդ իզուր տանջում, շատ պարզ է, այնքան պարզ, որ քեզ նման իրենց միտքը գրքերով ու գաղափարներով բեռնավորված վարդապետները երբեք չեն նկատում: Քեզ համար ճշմարտությունը նման է հարուստի գերեզմանի: Այն այնքան ճոխ է ու զարդարված, որ դիտողները նրա վրա ամեն բան տեսնում են, բացի մահից: Երբ ես երեխա էի, մեր գյուղի խենթ Վահանն իր հիմարություններով գյուղացիներին անվերջ զվարճացնում էր: Նրան ասում էին. «Վահա՛ն, գնա՛, ցորենը հասել է, գնա՛ և քաղի՛ր»: Վազելով ուրախությամբ գնում էր արտ: Երբ տեղ էր հասնում, հասկանում էր, որ մանգաղ չունի, և հիմար երեսով սրճարան էր ետ գալիս և ասում էր. «Մանգաղ չունեմ»: Առանց ոչխարի ուղարկում էին ոչխար արածեցնելու: Դաշտից վերադառնում էր` «ոչխարներ չկան» ասելով: Մի օր էլ խեղճ խենթի գլխին խաղ սարքեցին. որոշեցին նրան ամուսնացնել: Հարսանիքի պատրաստություն տեսան և նրան փեսայի նման հագցրին: Հարսանիքի խրախճանքին շատ ուրախ էր. կերավ, խմեց, պարեց ու հանկարծ իր ապուշ ժպիտով հարցրեց. «Իսկ հարսն ո՞ւր է»: Ես շատ երկար ծիծաղեցի: Վարդանը չէր ծիծաղում, այլ ինձ էր լուրջ դիտում: Վերջապես ունքերը պրկվեցին, և բարկությամբ գոռաց վրաս.
– Լռի՛ր, հիմա՛ր վարդապետ, լռի՛ր: Ինչքան հեշտությամբ ես ծիծաղում խենթ Վահանի վրա ու չես տեսնում, որ դու նրանից ավելի տխմար ես: Երեսուն տարի վանքում ես, աստվածաբան վարդապետ ես դարձել և այսքան տարիներ հետո առջևս կանգնել ու հարցնում ես. «Մի բան պակաս է, ի՞նչ է արդյոք»: Աստված է պակաս, ա՛յ տխմար, Աստծո կարիքն ունենք: Ա՛յ խենթ Մանուկ, քեզ ուղարկել են աստվածաբանության դաշտ, և հիմա դաշտից դատարկաձեռն վերադարձել ու խենթ Վահանի նման պլշած նայում ես երեսիս և ասում. «Աստված չկա այնտեղ»:
– Բայց ես Աստված ունեմ,– առարկեցի վիրավորված հպարտությամբ:
– Եթե Աստված ունենայիր, նույնիսկ մեկ փշրանք, ուրիշ ոչ մի բանի չէիր կարոտի: Ո՞վ գիտի, միգուցե քեզ անծանոթ հիմարություն է կախարդել միտքդ` քեզ կարծել տալով, թե դու «Աստված» ունես և, ըստ այնմ, Նրան պատշաճ ձևով չես փնտրում: Այս խոսակցությունն ամիսներով ինձ մտատանջեց: Դասախոսելուց հրաժարվեցի: Ի՞նչ իմաստ ուներ, որ իմ աշակերտներն էլ նույն սխալը, նույն հիմարությունը կրկնեին և երեսուն տարի հետո հասնեին իմ հուսահատական վիճակին: Աղոթում էի, որ Աստված Վարդանի ակնարկած այդ «պարզ» ճշմարտությունն ինձ համար բացեր, ինչն աստվածաբանության վանդակից ինձ ազատ կարձակեր:
Մի գիշեր քնիցս արթնացա` լուծելով հանելուկը: Զարմանում էի, թե ինչպես այդ պարզ ճշմարտությունն այդքան տարի չէի կարողացել հասկանալ: Ինձ արթնացնող միտքն այնքան հստակ ու համոզիչ էր, որ ցատկելով դուրս ելա անկողնուց:
Մանուկ վարդապետը կանգ առավ, դիտեց հեռուները՝ պատուհանից երևացող սեգ լեռները, և կրկին հանդիպելով իր ունկնդիրների աչքերին՝ փոխանակ շարունակելու իր խոսքը` մի հարց ուղղեց նրանց.
– Ո՞րն է մեծագույն հրամանը:
Բոլորը կրկնեցին Աստվածաշնչի բազմիցս կրկնված համարը.
– «Սիրեսցես զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ, եւ յամենայն աձնէ քումմէ, եւ յամենայն մտաց քոց, եւ յամենայն զօրութենէ քումմէ»:
– Ահա ինձ արթնացնող միտքը հետևյալն էր, որ իր ամբողջ պարզությամբ և անհերքելի զորությամբ առջևս էր` այգաբացի արևի նման հետզհետե ավելի ուժգնորեն պայծառանալով. «Դու երբեք չփորձեցիր կատարել այս հրամանը: Դու զանց առար նրա կիրարկությունը և անցար ուրիշ բաներով զբաղվելու: Քո խելքը մինչև հիմա հազար ու մեկ սրբազան խաղերով և աստվածաբանական ճոխություններով քեզ խաբել է, որպեսզի դու ամեն ինչով, Աստծո մասին ամեն տեսակ գաղափարներով զբաղվես, բացի կյանքի կոչելու այս մեկ հրամանից: Դու նույնիսկ մեկ անգամ չես փորձել այս հրամանը լիովին կատարել»:
Վարդապետներն իրար նայեցին և իրենց շփոթախառն գլուխները գետնին հառած` սկսեցին մտածել: Մանուկ վարդապետը մի պահ լռեց: Իսկապե՞ս սա կարող էր ճիշտ լինել մի վարդապետի համար, ով իր մանկությունից վանք էր մտել և Աստծուն նվիրվել: Աշխարհն ուրացած և վանքում կամավոր կերպով ինքն իրեն բանտարկած, իր ամբողջ կյանքն Աստծուն և աղոթքի նվիրած մեկը, եթե այս հրամանը չէր կատարել, հապա ո՞վ կարող էր այն կատարել: Սակայն Մանուկ վարդապետն արդեն գիտեր նրանց մտքերում ծնունդ առած բոլոր հարցերն ու պատասխանները:
– Այդ ձայնն ինձ չէր ասում, որ ես Աստծուն չեմ սիրում, այլ ասում էր, որ երբեք չէի փորձել Աստծուն սիրել «ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ զորությամբ»: Շեշտն այստեղ «ամբողջի» վրա էր, իսկ իմ սերն Աստծո հանդեպ մասնակի էր, և այդ մասը որքան էլ մեծ լիներ, դարձյալ «ամբողջ» չէր: Մեկ ակնթարթում ըմբռնեցի, որ առաջին հրամանն իրականում Աստծո առաջին և մեծագույն «հրավերն» էր` Նրա անհուն ժառանգություն մուտք գործելու: Հրամանը գաղտնի հրավեր էր, որի միջոցով Աստված ասում էր. «Վերցրո՛ւ Ինձ քո ամբողջ սրտով, հոգով, մտքով, զորությամբ և հարստացրո՛ւ սիրտդ, հոգիդ, միտքդ և զորությունդ աստվածանալու աստիճանի չափ»: Եվ զարմանքով հասկացա, որ ես հրամանը չէ, որ ոտնակոխ էի անում, այլ իմ որդիական իրավունքն էի արհամարհում:
Կամավոր կերպով ես ինձ հոգևոր աղքատության էի դատապարտում: Քանի որ Աստծո հրավերը հրամանի ձևով էր, ես էլ մյուս հավատացյալների նման կարծում էի, որ շատ մեծ ու թանկագին բան ունեմ Աստծուն տալու և եթե տամ, շատ կաղքատանամ, և ինձ այլևս բան չի մնա: Ա՜խ, այս կուրությունը, ա՜խ, այս վարագույրն ի՜նչ սև է եղել, իսկ նրա ետևում ճառագայթող «ամբողջությունը»` ի՜նչ փառավոր: Այս գիտակցությունը շատ երկար չտևեց և կամաց-կամաց կորսված լիալուսնի նման անհայտացավ ամպերի ետևում: Սակայն այն իր գործը կատարել էր, և ես գիտեի, որ ուրիշ մակարդակի վրա ապրելիք հոգևոր կյանք կա: Երբ Վարդան վարդապետին բացատրեցի այս դեպքը, գոհ ժպիտով ինձ նայեց ու ասաց.
– Հոգին մտքից ավելի արագ է ճշմարտությունը խուզարկելու մեջ: Միտքը միշտ վանդակներ է հյուսում հազար տեսակ պայմանավորվածություններով, վախերով ու կասկածներով, իսկ հոգին միշտ ուզում է ճախրել դուրս` հավերժության ոլորտները, ազատ ու համարձակ: Ահա երեկ գիշեր քունդ հարթել է ճանապարհը, և դու արթնացել ես ճիշտ այն պահին, երբ հոգիդ դեռ սուզվում էր հավերժության մեջ` դիտելով ճշմարտությունը և սրտիդ անկեղծ հարցերը տալով նրան: Գիտե՞ս, որ դա գրեթե ամեն մարդու հետ պատահում է: Լավագույն ճշմարտությունները քնի և արթնության արանքում են բացվում: Հոգին առիթ է ունենում դիտելու երկու աշխարհները: Խելքը մի պահ լուսավորվում է մյուս աշխարհից ճառագայթող ճշմարտությամբ և լուծում է իր խնդիրները, ըմբռնում է գաղտնիքներ և ներշնչվում անմահ գաղափարներով: Սակայն այս լուսավորությունն ընդհանրապես մնում է բանտարկված քնի սահմաններում և արթուն գիտակցության չի հասնում:
Գիտե՞ս, որ հին ժամանակներում անապատի հայրերի ճգնողական կյանքի իդեալներից մեկը եղել է երբեք չքնելը. փորձում էին գրեթե անկարելին: Այս մեկը պարզապես մարդկային բնության դեմ կատարված համառ պայքար չէր, այլ ճգնավորը, ինչպես որսորդը, այդ երկու աշխարհների արանքից ձեռք բերվելիք գիտության ետևից էր ընկել` իր տքնություններին իմաստ փոխանցելով և նրան ուժ հաղորդելով շարունակելու գերմարդկային սխրանքները: Տեսնում եմ, որ դու երեկ գիշեր լավ «ճշմարտություն» ես որսացել: Սակայն ինչպես տեսնում ես, այն սառույցի նման է, հալչում է ձեռքերիդ մեջ: Երբ անդենական աշխարհից պատգամ ես ստանում, պետք է արագաշարժ լինես:
– Ի՞նչ պետք է անեմ, վարդապե՛տ: Ինչպե՞ս կարող եմ վերադառնալ այդ հոգեվիճակին և վերստին գտնել այդ «ամբողջությունը», որ կարծես ամեն ինչի պատասխանն էր:
– «Ամբողջությունը» Աստծո երեսներից միայն մեկն է, ինչը նաև հենց Աստված է: Աստված այսպիսի բազմաթիվ երեսներ և անուններ ունի, որ հավատացյալին առհասարակ հայտնվում են հետմահու զարգացումների ընթացքում: Քանի որ տեսողությունդ բավականին զարգացել է՝ այդ երեսներից մեկն ընկալելու աստիճան, ուրեմն կարող ես ըմբռնել նաև ուրիշները և մեռնելուց առաջ ըմբոշխնել երկնային հաճույքները: Հետևաբար ավելի նպատակահարմար է, ըստ իս, որ դու հոգիդ պատրաստես Աստծո երեսները դիտելուն, ոչ թե միայն մեկի ետևից գնալուն: Այսինքն՝ պետք է սովորես ծաղիկ քաղել, հետո կարող ես քո ուզած ծաղիկը հավաքել: Հասկացա՞ր:
– Հասկացա, դու մինչև հիմա սովորածներիցս տարբեր` նոր ընդունակության մասին ես խոսում, որ պետք է ձեռք բերեմ, որպեսզի կարողանամ Աստծուն հանդիպել:
– Այո՛, պետք է վարդապետությունից անցնես վարպետության և թողնելով գրքերը` սկսես զբաղվել հոգով. քո հոգով և տիեզերքի Հոգով: Գիտես, որ «տառը մեռցնում է, իսկ Հոգին` կենդանացնում»: Բավականին երկար ժամանակ զբաղվեցիր գրով և աստվածաբանական գրականությամբ, սուրբերի կյանքով և ուսուցումներով: Նրանք լրացրել են քո հանդեպ իրենց պարտականությունը և արդեն մեռել են: Քեզ այլևս տալու բան չունեն, հույսդ նրանցից կտրի՛ր: Նրանք քեզ հասցրել են օվկիանոսի եզրին, այսուհետ ուրիշ միջոցի և վարպետության կարիք ունես ճամփորդությունդ շարունակելու համար:
– Դժվար է այդ բոլորը թողնել, վարդապե՛տ: Դու լավ գիտես գրքեր կարդալու իմ անվերջ ախորժակը: Ես գիտեմ, որ հոգևոր կյանքս որքան է նրանցով հարստացել:
– Անշուշտ, հիշում ես, որ Հիսուսի աշակերտներից մեկը մոտենալով Նրանից արտոնություն խնդրեց` գնալու և իր հորը թաղելու և ապա հետևելու Նրան: Ահա, մինչև հիմա գրքերից և ուրիշ մարդկանցից ինչ որ սովորել ես, այսուհետ քո մեռած հայրն է` շատ սիրելի և հույժ թանկագին քեզ համար: Բայց եթե ուզում ես կենդանի ու կենդանացնող Քրիստոսին հետևել, «թող որ մեռելները թաղեն իրենց մեռելներին»: Շատերն են տեսնում այն, ինչ որ դու տեսար և հանդիպեցիր երեկ գիշեր: Բայց և այնպես, շատերը կարևորություն չեն տալիս դրան: Շատերն անտեսում ու մոռանում են այն, իսկ քեզ նման վարդապետները կրկին դեպի գրքերն են վազում, որպեսզի այնտեղ փնտրեն այն, ինչ որ երբեք չեն կարող գտնել: Ա՛յ հիմար տղա, Սիրելիդ եկել, դռան ետևում կանգնել և անհամբեր դուռն է բախում, իսկ դու պատաս- խանում ես. «Սպասի՛ր, սիրելի՛ս, դեռ նամակդ եմ կարդում, ամբողջությամբ չեմ հասկացել` ինչ ես ասում: Մի փոքր էլ սպասի՛ր, խնդրում եմ, տեսնեմ` Հայրերն ինչ են գրել Քո մասին»:
Նայեցի Վարդանի դեմքին և իմ հիմարության վրա ծիծաղեցի: Ինչքա՜ն ճիշտ էին նրա ասածները: Մշուշները փարատվում էին նրա արև խոսքերից, և ես իրապես տեսնում էի, որ ինձ կանչող անհուն օվկիանի ափին եմ կանգնած:
– Աստծո ճանապարհի վրա անթացուպերդ էին այն բոլոր գրքերը, որ կարդացել ես, և անդամալույծի մահճակալդ էին մինչև հիմա աչքերովդ և ականջներովդ սովորած ուսուցումներն ու վարդապետությունները: Հիմա առանց տեսնելու, լսելու և առանց սովորելու նյութական այս աշխարհից՝ կարող ես հոգու ակունքներից սնվել: Նետի՛ր անթացուպերդ, հավաքի՛ր մահճակալդ, որովհետև քեզ կրելու համար հոգիդ բավական զորավոր է, որպեսզի մինչև վերջ անսայթաք քայլես հոգևոր ճանապարհով: Ներսդ նայիր հավատքով` Անտեսանելիին հանդիպելու: «Երանի նրանց, որ հավատում են առանց տեսնելու»: Որովհետև ինչ որ տեսնում ես, լոկ «կեղև» է, և ինչպես Ավետարանն է ասում, «տեսանելի բոլոր բաներն Անտեսանելիից են առաջ եկել»:
– Բավական է, վարդապե՛տ, հասկացա, շնորհակալ եմ: Ահա զարհուրած կանգնած եմ այդ անհուն օվկիանոսի ափին ու դիտում եմ հորիզոնը: Այժմ պատրաստ եմ ցամաքը թողնելու և ծովային ճանապարհով ճամփորդելու: Բայց ո՞ւր է նավակս, նավարկելու վարպետություն էլ չունեմ:
– Հոգիդ է նավակդ, իսկ ես քեզ կսովորեցնեմ ինչպես նավարկել մինչև որոշ կղզիներ, ապա Սուրբ Հոգին Ինքը գիտի, թե ուրիշ ինչե՜ր առանձին կսովորեցնի քեզ:
Վարդանն իր գրասեղանի մոտ գնաց, մի խոշորացույց հանեց գզրոցից և թղթի կտոր առնելով` ինձ մոտ եկավ ու նստեց աթոռին` պատուհանից ծորող լուսարձակումի տակ. մանկությանս բնագիտության դասերը հիշեցնող ամենածանոթ փորձերից մեկը սկսեց անել:
– Նայի՛ր, արևը թղթի վրա է: Աստված էլ բոլորիս վրա է ու մեր ամբողջ էությունն է լցնում, ինչպես սուրբ Պողոսն է ասում. «Նրանով է, որ ապրում ենք ու շարժվում և կանք»: Սակայն թուղթը տեղյակ չէ, որ արևն է իրեն լուսավորողն ու տաքացնողը: Մարդը նույնպես չի կարող ըմբռնել Աստծուն, մինչև Աստված չսկսի նրան այրել:
Խոշորացույցը բռնեց թղթի վրա և կենտրոնացրեց արևի ճառագայթները: Թուղթը նախ սկսեց մխալ, իսկ հետո բռնկվելով ծակվեց: Վարդանը փչելով մարեց բոցը:
– Այս խոշորացույցը մարդու խելքն է, որ կարող է ուշադրության կենտրոնացումով ի մի հավաքել աստվածային ճառագայթումը: Աստծո «ամբողջությունը» հասկանալու համար միտքը պետք է վերածել մի «կետի», որ Աստծո մեկ այլ երեսն է: Կետն Աստված է, ինչպես ամբողջությունը: Սակայն խելքը չի կարող երկուսն էլ ըմբռնել: Միտքը կարող է միջնորդ լինել մեր և Աստծո միջև: Եվ եթե մտքին հաջողվի կետի վերածել ամբողջությունը, մեր էության մեջ հրկիզում տեղի կունենա, և Աստծո կրակը կսկսի իր մեջ առնել և այլակերպել մեր մարդկային բնությունը, ինչպես կանթեղի ձեթը, հանդիպելով բոցին, սկսում է վառվել, և ինքն էլ բոցի է վերածվում: Վարդանը խոշորացույցն ինձ տվեց ու գնաց, օջախի մոտից կտրված մի փայտ վերցրեց:
– Սա վերցրու, այդ խոշորացույցով մի կետ արա և վրանգրիր. «Կետն Աստծո երեսն է»: Դիտիր այդ երեսը և սիրիր Նրան քո ամբողջ սրտով, հոգով, մտքով ու զորությամբ, մինչև որ նա քեզ ժպտա: Եթե հնարավոր լիներ Աստծո պատկերը նկարել, «դատարկության մեջ մի կետ» կլիներ լավագույն նմանությունը՝ իդեալ սրբապատկերը: Կետն Աստծո Արքայության դուռն է, և դու ես այն հարուստ մարդը, ում Տերը նմանեցրեց մի ուղտի, որ ստիպված է ասեղի ծակից անցնելով ներս մտնել: Հասկացա՞ր:
Փորձում էի հասկանալ, բայց ըմբռնեցի, որ նրա ասածներն առանց փորձելու հասկացվելիք բաներ չէին: Վարդանն արդեն ինձ հետ խոսում էր այնպիսի առակներով, որոնք Աստծո արքայության բանալիներն էին, եթե կարողանայի օգտագործել: Դուրս ելնելու համար ոտքի ելա:
– Փոքր-ինչ սպասի՛ր,– ասաց,– քեզ գիրք ունեմ տալու:
Իր գրադարանից մի բարակ պրակ դուրս հանեց և ինձ երկարեց: Գրքույկը վերցրի և ծիծաղելով հարց տվեցի.
– Ես կարծում էի, թե այլևս գիրք չպիտի կարդամ, քանի որ գրքերն ինձ այլևս սովորեցնելու բան չունեն:
– Այդ գիրքը նաև աստվածաբանության «կետ» է կամ ավելի ճիշտ` վերջակետ:
– Սուրբ Դիոնիսիոս Արիոպագացի, «Յաղագս Խորհրդական Աստուածաբանութեան». տարիներ առաջ կարադացել էի, բայց չգիտեի, որ այսքա՜ն կարևոր է:
– Հիմա առավել ուշադրությամբ կարդա: Այն սուր է, որ խորտակելու է այն բոլոր շղթաները, որ քեզ կապում են գրքերին և ուսուցումներին: Այդ փոքրիկ գիրքն աստվածաբանությամբ թունավորված վարդապետների համար հակաթույն է: Պիտի հասկանաս, որ հանուր աստվածաբանությունը քեզ խորան բարձրացնող լոկ աստիճաններ է, ուրիշ ոչինչ:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: