Առաքինասէր վարուք հաճոյացան սուրբ վկայքն.
եւ ընտրեցան կամաւոր մահուամբն իւրեանց.
եւ հրաւիրեցան ի կոչումն Արքայութեանն երկնից:
Որք մատնեցին զանձինս իւրեանց ի փորձ սրոյ եւ հրոյ.
եւ հեղմամբ արեանն իւրեանց եղեն վկայք Քրիստոսի.
եւ հրաւիրեցան ի կոչումն Արքայութեանն երկնից:
Աղօթիւք սոցա եւ բարեխօսութեամբ
պարգեւեա մեզ Քրիստոսի մասն
եւ բաժին ընդ հրաւիրեալսն ի կոչումն
Արքայութեանն երկնից:
(Շարակնոց)
Այս առաքինի այրն ու Քրիստոսի ճգնաւոր նահատակը ծագումով Պարսկաստանից էր, Ռաժիկ կոչուող ազգից եւ ապրել է Խոսրով Պարսից արքայի ժամանակներում: Նրա անունը Մանաճիհր էր: Պատահեց, որ նա պանդուխտ դարձաւ Հայոց աշխարհում ու բնակուեց մայրաքաղաք Դուինում, որտեղ հասու լինելով քրիստոնէական հաւատի ճշմարտութեանը՝ դարձաւ քրիստոնեայ եւ մկրտութիւնից յետոյ ի պատիւ մեր սուրբ Գրիգոր Լուսաւորչի՝ անուանուեց Գրիգոր կամ Գրիգորիս: Նա զուարթ այր էր ու լի հոգով, ջերմ էր աստուածպաշտութեան մէջ եւ իր վարքով բարի օրինակ իր բոլոր մերձաւորներին: Առաւել առաքինութիւններ ձեռք բերելու համար նա որոշեց բնակուել Դուինի վանքերից մէկում՝ միակրօն եղբայրների հետ, որտեղ այնքան փայլեց սրբութեամբ ու բարեպաշտ վարքով, որ այդ վանքն սկսեցին կոչել իր անունով:
Պատահեց, որ Պարսից աշխարհից քրիստոնեաներ եկան Հայոց աշխարհ: Նրանք, լսելով իրենց ազգակցի՝ Գրիգորի մասին, եկան նրա մօտ ու մտան վանք: Սակայն այդ ժամանակներում կային շատ պարսիկ հաւատացեալներ, ովքեր հետեւում էին Նեստորի չար աղանդին՝ իրենց առաջնորդներ ունենալով պարսիկ Բարծումային եւ Ակակին: Նրանցից ոմանք եւս եկան Դուին, կցորդուեցին Գրիգոր Ռաժիկի վանքին ու կարճ ժամանակ անց համարձակուեցին այնտեղ սերմանել մարդադաւան Նեստորի աղանդը: Այս տեսնելով՝ երանելի Գրիգորն անմիջապէս ազդարարեց հայոց Ներսէս կաթողիկոսին, ով իսկ եւ իսկ գրաւոր հրամանով այդտեղից վտարեց աղանդաւորներին, եւ հրապարակային քննութեամբ Գրիգորի վանքում դարձեալ դատապարտուեց մեր ազգի կողմից բազում անգամներ հերքուած նեստորական աղանդը:
Տարիներ անց՝ Յովհաննէս Գաբեղեան հայրապետի՝ Ներսէս կաթողիկոսի յաջորդի օրօք, երբ մեռաւ Հայոց Մժեժ Գնունի մարզպանը, այնժամ Պարսից Խոսրով արքան Հայաստան ուղարկեց պարսիկ Դենշապուհ մարզպանին, ով մի ժանտ ու կռամոլ մարդ էր: Նա իր երկրից Հայաստան բերեց բազմաթիւ մոգեր եւ պատրաստուեց նրանց միջոցով երկրում տարածել պարսից կրակապաշտութեան կրօնը: Կառուցել տուեց կրակատներ (ատրուշաններ) ու զոհասեղաններ, ըստ իրենց օրէնքի՝ Ռշտունիքում եւ այլ տեղերում վառեց իրենց որմզդական հուրը ու ստիպեց քրիստոնեաներին երկրպագել կրակին: Եւ սաստիկ հալածանքներ սկսուեցին Հայոց աշխարհում, որոնց պատճառով շատերը յանուն սուրբ հաւատի տեսակ-տեսակ տանջանքներով ընդունեցին նահատակութիւնը:
Դենշապուհին իրազեկ դարձրին նաեւ Գրիգորի մասին, որ նա, ծագումով պարսիկ լինելով, այժմ քրիստոնեայ է դարձել: Այս լսելով՝ հրամայեց Գրիգորին անմիջապէս իր մօտ բերել, իսկ նա ո՛չ փախաւ եւ ո՛չ էլ թաքնուեց, այլ հոգով իմանալով, որ հասել է ժամը յաղթական վկայութեամբ գնալու Աստուծոյ մօտ, եկաւ զուարթութեամբ ու կանգնեց ատեանի առջեւ: Դենշապուհն սկսեց երկար հարցաքննել, փորձում էր նրա հետ խօսել թէ՛ ողոքիչ խօսքերով եւ թէ՛ սպառնալիքներով, որպէսզի նրան դարձնէր կռապաշտութեան իր նախկին կրօնին: «Ապա թէ ոչ,- ասաց,- քեզ աւելի շատ կը տանջեմ, քան միւս քրիստոնեաներին, ու դառնագոյն չարչարանքներով կը զրկեմ արեւի լոյսից»:
Տեսնելով, որ Գրիգորն ուշ չի դարձնում իր սպառնալից խօսքերին, սկսեց գանահարութեամբ ու տանջանքներով խոշտանգել նրան: Իսկ երանելին մեծ համարձակութեամբ յանդիմանում էր հեթանոսների՝ արեւապաշտների եւ կրակապաշտների մոլորութիւնը ու սքանչելապէս քարոզում Ճշմարիտ Լոյս Քրիստոս Աստծուն: Եւ որքան քաջ նահատակը հաստատուն էր մնում իր ճշմարիտ խոստովանութեան մէջ, այնքան Դենշապուհը սաստկացնում էր նրա դաժան տանջանքները: Ապա տեսնելով, որ անհնար է սասանել առաքինի նահատակին, հրամայեց սրով սպանել նրան: Եւ Քրիստոսի երանելի վկան Փրկչի սիրոյ համար խնդալից բերկրութեամբ ընթացաւ զոհաբերուելու ու գնալու ոչ թէ կեանքից դէպի մահ, այլ՝ մահուանից դէպի կեանք: Սա տեղի ունեցաւ Յովհաննէս կաթողիկոսի հայրապետութեան վերջին տարիներին եւ Մովսէս կաթողիկոսի հայրապետութեան սկզբում՝ Տիրոջ 551 թուականի յունուար ամսին:
Սուրբի նահատակութեանը ներկայ էր Մախոժ անունով մի պարսիկ: Նա, տեսնելով Քրիստոսի անուան համար Գրիգորի ինքնակամ ու սիրայօժար նահատակութիւնը, անմիջապէս մտածեց, որ եթէ մէկն իր կեանքը դնում է հաւատի համար այսպիսի ուրախութեամբ, ապա անհնար է, որ այն ճշմարիտ չլինի: Այնուհետեւ նա եւս, հրաժարուելով իրենց պարսից կրօնից, ընդունեց քրիստոնէութիւնը: Շատ չանցած, քրիստոնեաների մէջ տեսնելով սուրբ Խաչի զօրութեան նշանները, առաւելապէս հաստատուեց հաւատի մէջ եւ մկրտուելով կոչուեց Յիզտբուզիտ, այսինքն՝ Աստուածատուր, իսկ ժամանակ անց նա եւս արժանի եղաւ ընդունելու մարտիրոսութիւնը:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 83:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: