22․ անեղին ու կատարյալին.

 յանեղ և ի կատարեալ.

 

Սա  այն  պատճառով  ավելացրին,  որ  ոմանք նաև [Սուրբ] Հոգուն անվանեցին արարած ու անկատար, ոչ իրական ու շինծու աստված: Սրանցից էր Մակեդոն հայհոյիչը, ով, ըստ տերունական վճռի, թողություն չունի: Իսկ մենք, որ ըստ սուրբ ու հոգեկիր անձանց` ընթանում ենք արքունական պողոտայով, Սուրբ Հոգուն անեղ ու կատարյալ ենք դավանում: Անեղ` որովհետև Հոր բնությունից անճառելի բխում է` անձով տարբեր. ո՛չ իբրև ծնունդ, որովհետև սա Որդուն է հատուկ, սակայն Որդու պես անեղ, որովհետև Հոր բնությունից է: Եթե մեկն ասի, թե առաջ է գալիս, բխում կամ ելնում Ճշմարտությունից, չի սխալվի, որովհետև Երրորդության թիվն ըստ անձերի պիտի պահվի, իսկ անեղությունն ընդհանուր պիտի դավանվի, ինչպես Հոր և Որդու դեպքում, նմանապես էլ Սուրբ Հոգու: Իսկ որ անեղ է, հայտնի է նրանից, որ ստեղծվածների արարիչն է, ուստի և Սուրբ Հոգուն խոստովանում ենք Հորն ու Որդուն արարչակից: Իսկ կատարյալ [ենք դավանում], որովհետև ըստ աստվածային բնության ու էության` ամբողջապես անթերի է, անկատարների կատարելագործող և ամենքին լցնող` երկնայիններին թե երկրայիններին: Ամենքի համար և ամենքի հետ է` կյանքով լցնելիս, շնորհներ բաշխելիս, սրբագործելիս, արդարացնելիս, առաջնորդելիս, ավարտին հասցնելիս: Եվ Ինքը, բնությամբ տարբեր ու առանձին լինելով և ամենքին տիրելով, իմանալիներից ու զգալիներից, հրեշտակներից ու մարդկանցից պաշտվում ու պատվվում է իբրև Հոր և Որդու պես ամեն ինչով կատարյալ. ինչպես Հայրը` չունենալով միայն հայրությունը, և ամեն ինչով կատարյալ, ինչպես Որդին` չունենալով միայն որդիությունը:

 

Հաջորդը՝

23․ Ով խոսեց Օրենքում, Մարգարեներում և Ավետարաններում.

Նախորդը՝

21․ Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն.