24․ Ով Հորդանանում աղավնու տեսքով իջավ Միածնի վրա, Հոր ձայնի հետ միասին քարոզեց ուղարկված Որդուն և [բնակվեց սուրբերի մեջ].

Որ էջն ի Յորդանան աղաւնակերպ իջմամբ ի վերայ Միածնին և քարոզեաց զառաքեալն Որդի` ընդ ձայնին հայրականի [և բնակեաց ի սուրբս]. 

 

Նույն Հոգուց [Հիսուսը] տարվեց անապատ, որ չարից փորձվի և ձեռք բերած մարդկային բնությամբ հաղթի, երբ Նրանում ասես լռել էր աստվածային էությունը, Այն, որ ոչ մի օգնականի կարիք չունի: Սակայն Հիսուսից չէր հեռանում Սուրբ Հոգու աներևույթ Անձը, ինչպես նաև Հոր [Անձը]:

«Եվ Հիսուսը Սուրբ Հոգու զորությամբ,- ասում  է  ավետարանագիրը, -  վերադարձավ Գալիլեա» (Ղուկ. 4:14): Դրանից առաջ Աստծո Հոգին եղել էր Հովհաննեսի վրա անապատում, ուր նա եկել էր իր մոտ եկողներին քարոզելու մկրտություն` ապաշխարության համար: Եվ երբ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ անապատից, Նրա մասին լուրը տարածվեց այդ գավառի բոլոր կողմերը:  Նա  մտավ  ժողովարան,  և  Նրան տվեցին Եսայու գիրքը, որ ընթերցի, սակայն ո՛չ որ պատվվի իբրև ուսուցիչ, այլ [տվեցին] իբրև [Սուրբ] Գրքին անտեղյակ մեկի: Իսկ Նա վեր կացավ ընթերցելու և Գիրքը բանալով` գտավ այն տեղը, որ պատշաճում էր այդ ժամին. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, այդ պատճառով էլ օծեց ինձ» (Ես. 61:1). Աստվածության և մարդկության  միավորությունն է «օծյալ» կոչում: Եվ Սուրբ Հոգին Նրա վրա էր` իբրև վկա և իրագործիչ Նրա   անճառելի   տնօրինության`   Նրա ծննդյան և մկրտության ժամանակ: Նաև երբ հրեաները բամբասում էին, թե Բեեղզեբուղով է դևերը հանում, ասաց. «Աստծո Հոգով եմ դևերը մարդկանցից հանում: Տեր Աստված Իր իշխանությամբ հասել է ձեզ վրա» (հմմտ. Մատթ. 12: 28): Եվ չարչարանքի ժամին էլ, Իր աշակերտներին մխիթարելու համար, Տերը նրանց ասաց. «Ես կաղաչեմ Հորը, և ձեզ կտա Մխիթարիչ Սուրբ Հոգին» (հմմտ. Հովհ. 14:16): Իսկ հարությունից հետո, երբ բարձրանում էր Հոր մոտ, դարձյալ խոստացավ ուղարկել Հոր Ավետիսը` Սուրբ Հոգին, որպեսզի Նրանով բարձունքներից ընդունեին հրաշագործության և շնորհաբաշխության զորությունը: Եվ ըստ խոստման` Նա եկավ և նրանց հրազինեց հրեղեն լեզուներով` կյանքի խոսքն ազգերի լեզուներով քարոզելու համար:

Եվ այսպես` սրանցում մահվանից [հետո] առավոտը բացվեց, երբ սուրբ Ժողովը Հավատի Հանգանակում ներկայացրեց Սուրբ Հոգու  աստվածաբանությունը`  [ասելով]. «Օրենքում, Մարգարեներում և Ավետարաններում»: Այնուհետևներկայացնում է Սուրբ Հոգուց անբաժան տվչությունները. որովհետև  առաքյալների  միջոցով  Նա  քարոզվեց աշխարհի [բոլոր] մասերում, «բնակվեց սուրբերի մեջ» և սրբագործեց ու Իր սուրբ շնորհներով բնակվում է սրբվածների մեջ: Եվ Նրանով է արմատ ձգում Ընդհանրական Եկեղեցու հավատը` Սուրբ Երրորդության [Անձերի] համագոյության դավանանքը, ինչպես և սովորեցնում է մեր այս գրածը:

 

Հաջորդը՝

25․ Հավատում ենք նաև այս մեկ և միակ ընդհանրական առաքելական Եկեղեցուն.

Նախորդը՝

23․ Ով խոսեց Օրենքում, Մարգարեներում և Ավետարաններում.