Ծննդոց գրքի մեկնություն 4:1

Սրբ. Եփրեմ Ասորի

 1-2. Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»: Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին: Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում:

 

   Եվ Կայենը՝ Ադամի որդին, չարչարանքներ տվող եղավ, քանի որ գիտեր, թե որքան դառնացրեց նա բոլորի հորը: Կայենը ծնվեց այն անեծքներով, որով զգեստավորվել էին նրա հայրերը. նա շարունակեց մշակել անիծված երկիրը. սա հորդոր է բոլոր նրանց համար, որոնց բոլոր մտածումները երկրային են: Իսկ Աբելը խաշների հովիվ էր, քանի որ անեծքներից հեռու էր, նա խաշների Տիրոջ երկրային պատկերն ու օրինակն է:

   Այսպես են ասում, թե ըստ Աբելի խորհրդի եղավ, որպեսզի նրանք զոհ մատուցեն: Եվ Աբելը Կայենից երեք ամիս ավելի սպասեց, քանի որ անասունների ծննդակարգը երեք ամսով ավելի առաջ էր, քան արտերի առաջին բերքն էր հասնում, բայց Կայենն իր եղբորից գողացավ ժամանակը՝ ինքն իրեն կարծելով, թե նա, ով առաջինն է, ավելի ընդունելի պիտի լինի և դրախտ կգնա: Եվ կարծվում է, թե դրա համար նա անարգվեց, քանի որ նենգության էր դիմել, իսկ Աբելինն ընդունելի եղավ, քանի որ նա մատուցեց պարզ և հստակ մտքով, կամ թե իր որկրամոլության մնացորդները մատուցեց Կայենը, դրա համար նա անարգվեց, իսկ Աբելն իր անասունների անդրանիկներից զոհ մատուցեց: Մտաբերիր դու այն խոսքը, որ ասում է՝ Աստծուն ոչ թե Աբելի մատուցած զոհը հաճելի եղավ, այլ՝ սկզբում Աբելը Նրան հաճելի եղավ և հետո միայն՝ նրա մատուցած զոհը: Նախ, սիրտը քննեց և հետո միայն նրա մատուցած զոհն ընդունեց: Իսկ Կայենն ի սկզբանե իր անձն աղտոտեց, այդ պատճառով էլ [Աստված] երես թեքեց նրա մատուցած զոհից:

   Սակայն Թեոդիտոնը այն հատվածի փոխարեն, որ ասում է՝ «Աբելը Տեր Աստծուն չափազանց հաճելի եղավ» (հմմտ. Ծննդոց. 4:4), ասում է՝ «Անպետքներից զատեց, առանձնացրեց լավագույնները», որի պատճառով էլ Կայենի համար չար թվաց դա: Եվ Սիմաքոսը, որ ասում է. «Տեր Աստված բարեհաճ եղավ Աբելի հանդեպ. եթե հաճելի լինես, կթողնեմ [մեղքերդ], իսկ եթե ոչ՝ մեղքերը դռան մոտ են», Ակյուղասը. «Դարձյալ, - ասում է, - Տեր Աստված ուշադրություն դարձրեց Աբելին և նրա մատուցած զոհին»: Եվ որովհետև ասում է՝ «Հաճելի լինես, կընդունեմ, և եթե միաբանվես, այսինքն՝ այն մատուցես քո եղբոր հետ միասին, և կամ ինչպես որ քո եղբայրն է, այդժամ հաճելի կլինես քո հայրերի առաջ: Եվ եթե քոնն արդար զոհաբերված լիներ և բաժանված չլիներ, ես կընդունեի, կամ եթե դու ձերբազատվես չար մտքերից, որպեսզի եղբայրասպան չդառնաս: Կամ իր անդրանիկությամբ ու իր զորությամբ հպարտանալով՝ ձեռքը բարձրացնելով նրան էր հարվածել, և այդու նա անարգանքի ենթարկվեց իր մտքերի պատճառով. և ասում է, թե ձերբազատվես այդ մտքերից»: Եվ որովհետև ասում է՝ դռան մոտ մեղքով թաթախված նստել էին, այսինքն՝ քանի դեռ դու այստեղ ես, քո եղբոր հանդեպ ունեցած նախանձը վերացրու, իսկ եթե ոչ՝ ես գիտեմ, որ իմ մոտից հեռանալուց հետո եղբորդ դաշտ ես տանելու և սպանելու: Եվ որովհետև ասում է. «Թող քեզ լինի համաձայն դրա», այսինքն՝ քո մատուցած զոհի, քանի որ դու քո անձն ավելի պատվեցիր, քան ինձ, և քեզ ավելի լավը պահեցիր և ինձ վատը մատուցեցիր, այդ պատճառով էլ թող քեզ լինի համաձայն դրա: Իբրև մեկը, որ ասում է. այդ ևս քեզ կտրվի, և թող քեզ լինեն քո մատուցած անպետք ընծաները, քանի որ դու կարծում էիր, թե իբր ես դրա կարիքն ունեի: «Ես, - ասում է, - ողջակեզների միսը չեմ ուտում. խոնարհ հոգին է Աստծու պատարագը» (Սաղմ. 50:19):

   Արդ, եթե այն պատճառով, որ իր մատուցած զոհն ընդունելի չեղավ, Կայենը տրտմեց, ահա խոնարհվեց Աստված ու խոսեց նրա հետ քաղցրությամբ, այնպես, ինչպես անգամ Աբելի հետ չխոսեց. եթե ինձ հաճելի լինես, ասում է, - ապա կընդունեմ: Տեսա՞ր, որ տրտմեց ոչ թե այն պատճառով, որ իր մատուցած զոհն ընդունելի չեղավ, այլ այն պատճառով որ իր եղբոր մատուցած զոհն ընդունելի եղավ: Եթե հաճո լինես, - ասում է, - ապա համարիր, թե ընդունել եմ. փոխանակ ապաշխարություն սովորես, սպանություն սովորեցիր: «Ո՞ւր է քո եղբայր Աբելը» (Ծննդ. 4:9), - սա՞ է հաճելի լինելը, որ ասացի քեզ՝ եթե հաճելի լինես: Եվ որովհետև Աստված նրա ապաշխարության դուռը չփակեց, այդ պատճառով էլ «մեծ են իմ հանցանքները» (Ծննդ. 4:13):
   

Ա. Լոպուխին

Եվ Ադամը մերձեցավ Եվային՝ իր կնոջը, և սա հղիացավ և ծնեց Կայենին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծո զորությամբ»։ (Սինոդական թարգ․)[1]

   

   Եվ Ադամը մերձեցավ Եվային՝ իր կնոջը, և սա հղիացավ և ծնեց Կայենին… Ահավասիկ, որդեծնության մասին առաջին աստվածաշնչյան տեղեկությունն ըստ ժամանակի, որի հիման վրա շատերը հակված են կարծելու, թե դրախտում հարաբերություն գոյություն չուներ, և որ այն առաջացել է ընդամենը մեղսագործության ժամանակներից՝ որպես դրա հետևանքներից մեկը: Սակայն դա թյուր կարծիք է, քանի որ հակասում է բազմացման մասին աստվածային օրհնությանը՝ տրված նախաստեղծ զույգին Աստծո կողմից դեռևս նրանց արարման ժամանակ (Ծննդ. 1։26-28): Առավելագույնը, որ կարելի է այստեղից ենթադրել, հետևյալն է՝ դրախտային վիճակը, հավանաբար, երկար չի տևել, և առաջին մարդիկ, մշտապես համակված վսեմ հոգևոր մղումներով, ժամանակ չունեին տուրք տալու իրենց բնության մարմնավոր, նսեմ կողմին:

   ԵՎ ծնեց Կայենին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծո զորությամբ»... Այստեղից երևում է, որ Եվան իր առաջնեկին նայում էր իբրև Աստծուց շնորհված պարգևի կամ Նրանից տրված ժառանգության: Դրանով իսկ նա մի կողմից խոստովանում էր իր հավատքն առ Աստված, որ խախտվել էր պատվիրանազանցության մեղքով, իսկ մյուս կողմից հույս էր արտահայտում՝ Աստծուց օրհնված Ժառանգ ստանալու, Ով պիտի խորտակի սատանայի իշխանությունը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»:
(Արարատ թարգ․) Ադամը պառկեց իր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ, ծնեց Կայենին։ Եվ ասաց. «Մարդ ստացա Տիրոջով»։
(Գրաբար) Եմո՛ւտ Ադամ առ Եւայ կին իւր, և յղացաւ և ծնաւ զԿային. և ասէ. Ստացա՛յ մարդ Աստուծով։