Այս գրքում պատմւում է, թէ ինչպէս հրէական մի համայնք փրկուեց իր վրայ ծանրացող ոչնչացման սպառնալիքից։ Պատմութիւնը տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ պարսիկները իրենց գերիշխանութիւնը տարածում էին ամբողջ Մերձաւոր Արեւելքի վրայ՝ Հնդկաստանից մինչեւ Եգիպտոս։ Մեծ թուով հրեաներ, որոնց ընտանիքները աքսորուել էին Բաբելոն, չէին վերադարձել իրենց երկիրը բաբելոնական իշխանութեան անկումից յետոյ (539 թուականին ն․Ք)։ Տեղացի ժողովուրդը յաճախակի թշնամանքով էր վերաբեւրում նրանց հանդէպ, որովհետեւ նրանք ապրում էին իրենց յատուկ օրենքներով եւ սովորութիւններով, որոնք տարբերւում էին միւս ժողովուրդների օրենքներից եւ սովորութիւններից։ Եսթերի գիրքը, նկարագրելով Արտաշես թագաւորի առաջին նախարար Համանի եւ հրեայ պաշտօնայ Մուրթքէի միջեւ տեղի ունեցող բախումը, մեր առջեւ դնում է կեանքի սրտաշարժ մի պատկեր։ Այն միջոցը, որով Եսթերը, Մուրթքէի միջնորդութեամբ, դառնում է Պարսկաստանի թագուհի եւ այդպիսով հեռացնում իր ժողովրդին սպառնացող վտանգը, յիշեցնում է, որ այն բոլոր փորձերը, որոնց նպատակն է եղել կործանել հրեայ ժողովրդին, միշտ մատնուել են ձախողման։ Այստեղ հրեաների բնաջնջելու համար որոշուած օրը դառնում է նրանց թշնամիների պարտութեան եւ կոտորածի օր։
Եսթերի գիրքը հրեաների ազգասիրութիւնն եւ նրանց վրէժխնդրութեան զգացումը դնում է այնպիսի մի աստիճանի վրայ, որ զարմացնում կամ ցնցում է ընթերցողին։ Գրքում երեւում է ինքնապաշտպանական ուժեղ մի հակազդեցութիւն այլամերժութեան դեմ, որի զոհերն էին եղել հրեաները օտար երկրում երկար ժամանակ։ Ցեղապաշտութիւնն ու այլամերժութիւնը սովորաբար պատճառ են դառնում նմանօրինակ հակազդեցութիւնների, եւ Եսթերի պատմութիւնը մի անգամ եւս ցոյց է տալիս, թէ ինչպէս բռնութիւնը բռնութիւն է ծնում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: